Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Ազգային պարեր. Աստվածածնա պար

Աստվածածնա պարը, դանդաղ, հանդիսավոր պար է: Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ, հենց Աստվածածնա օրը, ուրիշ օր չէին պարում: Պարեղանակը հազվադեպ են նվագում: Առաջներում այն տարածված է եղել հատկապես Ջավախքում, որտեղ այժմ հարսանիքների կամ սովորական տոնախմբությունների ժամանակ այդ պարեղանակով կենտ (մենապար) պարեր են պարում:

Պարեղանակը 7/8-է: Բառառիկ` երաժշտական եղանակների մեջ (7-ը որպես Աստվածային թիվ):

Ջավախքում պահպանված ոչ հարսանեկան, բայց ծիսական պար է Աստվածածնա (Աստվածաձնա) պարը: Այն կապված է հեթանոսական մայր Աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ, նվիրված էր Անահիտ Աստվածամորը, որը նաև պտղաբերության Աստվածուհին էր, և միաժամանակ տոնվում էր խաղողօրհնեքը, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ:

Քրիստոսից հետո այս պարի կատարումը նվիրվեց Մարիամ Աստվածածնին, և սկսեցին պարել միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց խաղողօրհնեքի տոնակատարության հետ:

Ջավախքում Վարդևորի հաջորդ կիրակի օրը Աստվածածնա տոնն է: Սովորաբար տոնակատարության օրը օգոստոս ամսի երկրորդ կեսի առաջին կիրակին է: Շարժական տոն է: Ընդունված է գնալ Մայր Աստվածածին կոչված եկեղեցիները: Ոմանք ընտանիքով, հատուկ պատրաստությամբ գնում են Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող Յոթ վերք կոչված եկեղեցին:

Քանի որ ամռանը գյուղերի անասնապահները տեղափոխվում են յայլաները, ապա Աստվածածնա տոնի օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքվում են յայլաներում ու նրանց մոտ գտնվող սրբատեղերում պարելու: Այդպիսի սրբատեղերից շատերը արդեն կորցրել են իրենց անունները և զրկվել իմաստավորումից: Դրանք աղբյուրների ակունքներ են, ճանապարհից դուրս հեռավոր ու մենավոր խաչքարեր, սրբազան ծառեր, գերեզմաններ, եկեղեցիների ավերակներ, կիսականգուն պատեր ու մատուռներ…

Ջավախքում կա մի աղբյուր, որին վերագրում են բուժիչ հատկություն: Հայտնի է իր սառնորակությամբ և յոթը տարին մեկ բխելով, նրա պաշտամունքը կապվում է ջրի պաշտամունքի հետ:

Ահա այս տեղերում էլ Աստվածածնա օրը կատարում են Աստվածածնա պարը: Այն կատարում են խառը, տղամարդիկ ու կանայք, միջահասակներն ու երիտասարդները: Պարում են կլոր, փակ շրջանը պարտադիր է: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Բռնում են թևկախ, ափ-ափի: Գրառված Աստվածածնա պարում տեմպը դանդաղ է, ռիթմն անհավասար:

Պարեղանակը 7/8-է: Ամեն մի քայլը զբաղեցնում է1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում: Պարային ֆիգուրան զբաղեցնում է երաժշտական մեկ տակտ:

Պարային քայլերն են` 1-ին` աջ թաթով քայլ դեպի աջ, երկրորդ դիրքից կես թաթ առաջ, 2-ին` ձախով քայլ միացում, վեցերորդ դիրքից կես թաթ առաջ, 3-ին` կրկնել 1-ի քայլը, 4-ին` ձախ ոտքի ծունկը 90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով թաթն առաջ մղել մինչև աջ ոտքի ծնկի մակարդակը, 5-ին` ձախ թաթով քայլ դեպի ձախ, երկրորդ դիրքից կես թաթ ետ, 6-ին` աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին, 7-ին` աջ թաթը միացնել ձախին, առանց մարմնի ծանրությունն ընդունելու:

Պարի բոլոր հաշիվներին կատարել մեկ ծունկ-կոտրուկ 1/16 տևողությամբ: Յուրաքանչյուր հաշվում քայլից հետո կատարել իրանի աջ ու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն` շորորալ: Պարելու ընթացքում պատահում է, որ նվագողը արագ նվագի և այդ ժամանակ պարողներն էլ արագացնում են պարը:

Աղբյուր՝ Gisher.org

Հայ ժողովրդական «Աստվածածնա պար»՝ «Կարին» ազգագրական երգի-պարի անսամբլի կատարմամբ