Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո Տէր Աստծոյ ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Մասնագիտությունը մարդուն մարդ չի դարձնում

- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ:

- Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի:

- Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի:

- Եթե նա մտածի այն մասին, որ Քրիստոս Իր աշակերտների ոտքերը լվաց (Հովհ. 13:4-14), ապա կդադարի դառնանալ: Քրիստոս այդ արեց կարծես թե մեզ ասելով. «Դուք էլ պետք է այդպես վարվեք»: Ինչով էլ, որ մարդ զբաղված լինի՝ կաթսաներ լվանա, մաքրի, հողը փորի՝ պետք է ուրախանա: Չէ՞ որ մարդ կա, որ կոյուղի է մաքրում, որովհետև չի կարողանում այլ աշխատանք գտնել: Խեղճն ամբողջ օրը կեղտի ու մանրեների մեջ է: Իսկ ի՞նչ է, նա մարդ չէ՞: Աստծո պատկերը չէ՞: Մի ընտանիքի հայր կոյուղի մաքրող էր աշխատում և հոգևոր բարձունքի էր հասել: Նա թոքախտով հիվանդացավ և թեկուզ կարող էր թողնել այդ աշխատանքը, բայց չցանկացավ, որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը տանջվի: Այդ մարդը սիրում էր այն պարզ, ցած կյանքը որ արհամարհված էր այլոց կողմից և դրա համար էլ Աստված նրան օրհնության արժանացրեց:

Մասնագիտությունը մարդուն մարդ չի դարձնում: Ես նավահանգստում աշխատող մի ծանոթ բեռնակիր ունեի, ով մահացածին հարություն տվեց: Երբ Իվերական անապատում ես դիկեոս* էի, մի անգամ ինձ մոտ հիսունհինգ տարեկանին մոտ մի մարդ եկավ: Ուշ երեկոյան գալով՝ նա դուռը չթակեց, որպեսզի չանհանգստացնի հայրերին և դրսում պառկեց քնելու: Երբ անապատի ճգնավորները տեսան դա՝ նրան ներս տարան և ինձ հայտնեցին այդ մասին:

«Ինչո՞ւ զանգը չտվեցիր,- հարցրեցի նրան,- մենք դուռը կբացեիք և քեզ սենյակ կտայինք»: «Այդ ի՞նչ ես ասում, հայր,- պատասխանեց նա,- ինչպե՞ս կարող եմ համարձակվել անհանգստացնել ձեզ»: Տեսնելով, թե ինչպես է նրա դեմքը շողում՝ հասկացա, որ շատ հոգևոր կյանքով է ապրում: Հետո այդ մարդը պատմեց, որ մանկական հասակում նա զրկվել է հորից և այդ պատճառով էլ, ամուսնանալով՝ շատ էր սիրում իր աներոջը: Աշխատանքից հետո նախ գնում էր աներոջն ու զոքանչին տեսնելու, հետո իր տուն էր գնում: Սակայն շատ էր դառնանում, որովհետև աները մեծ հայհոյախոս էր: Շատ անգամներ էր խնդրել աներոջը դադարել, սակայն նա վերջ չէր տալիս: Մի անգամ աները ծանր հիվանդացավ: Նրան հիվանդանոց տարան և մի քանի օրից մահացավ: Երբ աները մահանում էր՝ այդ բեռնակիրը նրա մոտ չէր, որովհետև այդ ժամանակ նավ էր բեռնաթափում: Երբ նա հիվանդանոց եկավ և նրան ասացին, որ աները մահացել է, նա դիահերձարան գնաց և սրտի խորը կսկիծով սկսեց աղոթել. «Աստված իմ, խնդրում եմ հարություն տուր նրան, որպեսզի խոստովանի իր մեղքերը և հետո նորից ետ վերցրու»: Նույն պահին մահացածն աչքերը բացեց և սկսեց ձեռքերը շարժել: Դա տեսնելով՝ դիահերձարանի աշխատակիցները սարսափով փախան: Բեռնակիրն աներոջը տուն տարավ և նա լիովին ապաքինվեց: Դրանից հետո ևս հինգ տարի ապրեց զղջման ու ապաշխարության մեջ: «Հա՛յր, - պատմում էր ինձ բեռնակիրը, - ես փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ ինձ այդ շնորհն արեց»: Նա շատ պարզ մարդ էր: Եվ միաժամանակ նա այնքան մեծ խոնարհություն ուներ, որ նույնիսկ մտքով էլ չէր անցնում, որ մահացածի է հարություն տվել: Նա բառացիորեն փուլ էր գալիս Աստծո հանդեպ զգացած երախտագիտությունից, թե Նա ինչ էր արել իր համար:

Շատ մարդիկ տանջվում են, որ իրենց չի հաջողվում սին փառքի արժանանալ կամ փուչ բաներով հարստանալ: Նրանք չեն մտածում, որ այդ բոլոր հարստություններից ու փառքից մյուս կյանքում, այսինքն իսկական կյանքում, ոչ մի օգուտ չի լինի: Ախր դրանք տեղափոխել էլ չի լինի այդ մյուս՝ իսկական կյանքը: Այնտեղ մենք կտանենք միայն մեր այն գործերից, որոնց օգնությամբ այստեղ՝ երկրի վրա, կստանանք համապատասխան «ելքի անձնագիրը»՝ մեր առաջիկա մեծ ու հավիտենական ճամփորդության համար:

* Դիկեոս - մեկ տարով ընտրված կամ նշանակված վանական Սուրբ Լեռան անապատներում, որ համակարգում է անապատի բնակիչների կյանքը:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am