Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Աղոթք Սուրբ Հոգուն

Հոգի՛ Աստծու, Աստվա՛ծ ճշմարիտ, Հոգի՛ իմաստության և գիտության, Հոգի հանճարի և զորության, Հոգի ճշմարտության և աստվածպաշտության, և մխիթարիչ, Հոգի համագոյակից և հավասար Հորն ու Որդուն, աղաչում եմ քեզ, որ արարչության ժամանակ շրջելով համասփյուռ ջրերի վրա՝ գոյացրիր բոլոր արարածները, ինձ և՛ս արա նոր նորոգություն: Հոգի Սուրբ Աստված, աղաչում եմ քեզ, որ Բեսելիելին ու Եղիաբին լցրիր իմաստությամբ՝ կերտելու վկայության խորանի մնայուն հորինվածքը, ինձ ևս լցրու իմաստությամբ՝ քո կամքին մնալու: Աղաչում եմ քեզ, որ շնորհեցիր մարգարեներին նախապես պատմել Միածնիդ աշխարհ գալը, ինձ կանխատեսությո՛ւն տուր` մշտապես իմանալու և կատարելու բարին: Աղաչում եմ քեզ, որ մկրտության օրը երկնքից իջնելով` հայտնեցիր քո էակցի Աստված լինելը և Հայր կոչելով որդիությունդ` ի հաճույս քո դրոշմի՛ր ինձ: Աղաչում եմ քեզ, որ Պենտեկոստեի օրը երրորդ ժամին իջար երկնքից առաքյալների դասի մեջ և հրազինված մաքրազարդելով` նրանց առաքեցիր քարոզելու տիեզերքի ոլորտներում, գաս և ինձ մոտ` բնակվելու ինձ մոտ և սրբելու իմ հոգու աղտեղությունը: Աղաչում եմ քեզ, որ երբ Պետրոսը խոսում էր Կուռնելիոսի տանը` իջար լսողների հոգիներին, իջնես և ինձ մոտ և ինձ դարձնես բնակարան քեզ:

Աղաչում եմ, որ սկզբից մինչև հիմա և մինչև գալոց ապառնիները ամեն ինչ ամենով լցնես, ինձ ևս չանտեսես անբավ բարությունիցդ (զրկելով), այլ քո սրբարար զորությամբ սրբի՛ր իմ բոլոր հանցանքներից: Ողորմի՛ր և բոլոր ննջեցյալներին, որ Աբելից մինչև այսօր [եղել են], ո՛ւմ հարկ է` ողորմել նրանց: Ողորմի՛ր բոլոր կենդանիներին, որ կան, և որ այսուհետև լինելու են կենդանի` անբան թե բանավոր: Ճանապարհ ընկածներին պահի՛ր, նավորդներին ուղղություն տուր, վտարանդվածներին սփոփիր, արժանահաս պատուհասները ետ դարձրու, խրտնածներին պատսպարի՛ր, խփվածներին կյանքի կոչիր, Բելիարին բեկիր, սատանային սանձիր, դևերին դեգերել տուր, նրանց հնարքները հերքիր, նրանց խաբեությունը խափանիր, գերիներին ազատիր, կապվածներին արձակիր, գլորվածներին կանգնեցրու, ընկածներին հաստատիր, կոտրվածներին բժշկիր, վիրավորներին կապիր: Ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ