Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Ասորի և ճգնավոր Եփրեմի մասին

Իմ սիրելի եղբայրներ, մեր երանելի հայր Բարսեղից պատմեմ ևս մի սքանչելիք, որ արեց Եփրեմ անապատականին, որ այսպես եղավ։ Մի ոմն Եփրեմ մենաստանում լսել էր հրաշագործություններն ու սքանչելիքները, որ Աստված անում էր սուրբ Բարսեղի միջոցով։ Եվ ցանկանում էր տեսնել նրան։ Եվ ձեռքերը երկինք բարձրացնելով աղաչում էր Աստծուն, որ հայտնի իրեն, թե ո՛րչափ առաքինի է Բասիլիոսը։ Եվ Սուրբ Հոգու նշանը եղավ նրան. գիշերային տեսիլքի մեջ տեսավ մի հրեղեն սյուն, որի գագաթը մինչև երկինք էր հասնում, և ձայն [լսեց] վերևներից, որ ասում էր. «Եփրեմ, Եփրեմ, ինչպես հրե սյունն ես տեսնում, այնպես [կտեսնես] և մեծն Բասիլիոսին»։ Եվ նա անմիջապես վերցնելով իր թարգմանին, որովհետև հելլենական լեզվով չէր կարողանում խոսել, և սուրբ Հայտնության տոնին հասավ Կեսարիա քաղաքն ու եկավ կաթուղիկե եկեղեցին` տեղ բռնելով, որպեսզի տեսնի սուրբ Բասիլիոսին։ Եվ գալիս էր սուրբը սպիտակազգեստ զարդարված, և սպասավորները, որ գալիս էին նրա առջևից ու ետևից, բոլորը սպիտակ զգեստներով զարդարված ու պաճուճված գալիս էին եկեղեցի։ Եվ նրանց տեսնելով առաքինի Եփրեմն իր հետ եկած մի այրի ասում է. «Իզուր ջանացինք, եղբա՛յր, սա չէր, որ ես տեսա»։ Եվ գնալով կանգնեց մի տեղ` եկեղեցու անկյունում, հիանալով իր մտքում ասում էր. «Եթե մենք, որ ծանր և տոթ օրեր ենք կրում և ոչինչ չենք օգտվում, [ապա ինչու] սքանչանամ սրանով, որ այսպիսի փառքով և պատվով հրեղեն սյուն է»։

Սա էր մտքով անցնում, [երբ] սուրբն իր նախասարկավագին ուղարկում է ասելով.

- Գնա՛ եկեղեցու արևմտյան դռան կողմը և եկեղեցու վերջում մի կրոնավորի կգտնես, որ գլխին վեղար ունի, և մի ուրիշին նրա հետ` նոսր մորուքով մի կարճահասակ մարդու,-ուրիշ նշաններ ևս տվեց և ասում է,- գնա՛ և ասա նրան.

«Համեցե՛ք, մտե՛ք խորան, արքեպիսկոպոսը ձեզ կանչում է»։

Իսկ նախասարկավագը ճեղքեց ամբոխը և գնալով այն տեղն, ուր կանգնել էր սուրբ Եփրեմը, ասում է նրան.

- Օրհնի՛ր հայր. համեցեք խորանը, արքեպիսկոպոսը քեզ կանչում է։

Եվ թարգմանի միջոցով իմա նալով, թե ինչ ասաց իրեն, պատասխան է տալիս և ասում.

- Խաբվեցիր, եղբա՛յր, մենք օտարական ենք և անծանոթ նրան։

Եվ նախասարկավագը գնալով պատմեց հայրապետին` ինչ որ Եփրեմն ասաց իրեն։ Իսկ մեծն Բասիլիոս քահանայական գրքերը կարդում էր ժողովրդին. տեսնում էր երանելի Եփրեմը, որ հրեղեն լեզու էր խոսում նրա բերանում։ Նորից է [Բասիլիոսն] ասում իր նախասարկավագին.

- Գնա՛ և ասա՛ նրան. «Տե՛ր Եփրեմ, համեցեք, մտեք խորանը, արքեպիսկոպոսը քեզ կանչում է»։

Եվ գնալով նախասարկավագն ընկավ նրա ոտքերը, ասում է նրան` ինչպես հրամայեց իրեն սուրբ Բարսեղը։ Եվ նա, սրանով հիանալով, փառավորում էր Աստծուն. ծունր դնելով և ասում է.

- Ճշմարտապես Սուրբ Հոգին խոսում է նրա բերանով։ Եվ աղաչեց սարկավագին, որ պատասխանի իրեն, թե պատարագի վերջանալուց հետո ավանդատանը ողջույն կտա Բասիլիոսին։ Եվ ավարտելուց հետո Բասիլիոսը ավանդատուն եկավ, կանչեց սուրբ Եփրեմին և նրան քրիստոսական ողջույն տալով` ասում է.

- Բարով ես եկել, անապատի որդիների հայր, բարով եկար [դու], որ բազմացրիր Քրիստոսի աշակերտներին և դևերին Քրիստոսով հալածեցիր, ինչո՞ւ չարչարվեց քո սրբությունը, հա՛յր, և եկար տեսնելու մեղավոր մարդուն, թո՛ղ Տերը տա քո ջանքերի վարձը։

Իր հետ եղած կրոնավորի թարգմանությամբ պատասխան տվեց սուրբ Եփրեմն ու ասաց ինչ-որ կար սրտում։ Եվ հաղորդվեց նրա սուրբ ձեռքով, և մեծ սիրով ճաշակեցին։ Երանելի Եփրեմն ասում է.

- Սո՛ւրբ հայր, մի բան եմ խնդրում և այս եմ աղաչում, որ տաս ինձ։
Եվ նա ասում է.

- Հրամայեցեք ինչ որ ձեր կամքն է, քանի որ բազում բաներ եմ պարտք քո աշխատանքի դիմաց, որ ինձ համար արեցիր։

Երանելի Եփրեմն ասում է.

- Գիտեմ, սո՛ւրբ հայր, որ այն ինչ խնդրում ես Աստծուց` Աստված քեզ տալիս է. արդ իմ կամքն է, որ Աստծուց խնդրես, որ ես հունարեն խոսեմ։
Եվ նա ասում է.

- Կարողությունից առավել է խնդիրդ, բայց որովհետև հավատով հայցեցիր, արի աղոթենք Տիրոջը, որ կարող է Աստված ընդունի քո ցանկությունը, [որովհետև] գրված է. «Իր երկյուղածների կամքը կատարում է Տերը, լսում նրանց աղոթքները և ապրեցնում նրանց» (Սաղմ. ՃԽԴ. 19)։

Եվ նրանք աղոթք արեցին երկար ժամանակ, և բարձրանալով սուրբ Բասիլիոսն ասում է.

- Տե՛ր Եփրեմ, ինչո՞ւ քահանայության ձեռնադրություն չես առնում, որ քեզ պատշաճ է։

Թարգմանի միջոցով նրան ասում է. - Որովհետև մեղավոր եմ։
Ասում է նրան սուրբը.

- Քո մեղքերը կամենում էի վերցնել, բայց ծունր դնենք։

Եվ մինչ [Եփրեմը] գետնին էր ընկած` սուրբ հայրապետն իր ձեռքերը դրեց նրա վրա և սարկավագության աղոթքն ասաց։ Եվ ասում է.

- Բարի եղեք` կանգնեցե՛ք։

Եվ երբ կանգնեց, նրա լեզուն զորեղացավ և խոսում էր հույների բարբառով.

- Ընդունի՛ր և պահի՛ր Զիսէ. ողորմի՛ր. Ելէիսոն. պահի՛ր. Փիլաքսիմաս, մեզ, Աստված, քո շնորհով։

Եվ կատարվեց գրվածը, որ ասում է. «Կաղը եղջերուի նման կվազի, և ծանրախոսների լեզուները կպարզվեն» (Մատթ. ԺԱ. 5)։ Եվ դրանից հետո խոսում էր հույների լեզվով, փառավորելով Աստծուն, որ լսում է իր երկյուղածներին։ Եվ հոգեպես ուրախ եղան միասին երեք օր։ Եվ նրա թարգմանին սարկավագ ձեռնադրեց, իսկ սուրբ Եփրեմին` քահանա և խաղաղությամբ ճանապարհեց նրանց` փառավորելով և օրհնելով Աստծուն. հավիտյանս հավիտենից. ամեն։

Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)
Աղբյուր՝ Gratun.org