Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Մկրտիչ Սարգսյան․ Կենսագրություն

Մկրտիչ Դիվինի Սարգսյան (1924, մայիսի 2, Ախալքալաք- 2002, հունիսի 23, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1947 թվականից:

Կենսագրություն

Մկրտիչ Սարգսյանի հուշատատակը Երևանի Բաղրամյան պողոտայում

Մկրտիչ Սարգսյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին, Ջավախքի Ախալքալաք քաղաքում։

1931-1941 թթ. սովորել է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցում։

1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» I և II աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։

1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։

1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուրայի բաժնի հրահանգիչ։

1958 թ. ընդունվել է ՀԳՄ շարքերը։

1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։

1960 թ. ընդունվել է Հայաստանի ժուռնալիստների միության շարքերը։

1961 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն՝ «Գրական թերթում» Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին փառաբանող հոդված տպագրելու համար։

1962-1970 թթ՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր։

1965 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է խիստ նկատողություն՝ Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» վեպի IV հատորի տպագրության համար։

1966 թ.` ուղևորություն Սիրիա և Լիբանան, ընդունելություն Սիմոն Վրացյանի կողմից Փալանջյան ճեմարանում։

1969 թ. խմբագրել է Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից։

1975 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործիչի կոչում։

1975 թ. ընտրվել է ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ՝ կուս. բյուրոյի քարտուղար։ Աշխատել է մինչև 1986 թ.։

1976, 1981 թթ. ՀԿԿ XXVI և XXVII համագումարներում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։

1968, 1980, 1982 թթ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների դեպուտատ։

1981 թ. ԽՍՀՄ գրողների միության VII համագումարում ընտրվել է ԽՍՀՄ ԳՄ վարչության անդամ։

1983 թ. «Խաղաղություն պատերազմից առաջ» ժողովածուի համար շնորհվել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչում։

1984 թ. ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50-ամյակի կապակցությամբ և ծննդյան 60-ամյա առիթով պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։

1984 թ. «Ձոն Երևանին» բանաստեղծությունը ՀԳՄ վարչության որոշմամբ արժանացել է «Երևանը և երևանցիները» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։

1986-1991 թթ. աշխատել է ՀԳՄ-ում գրական խորհրդատու

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի