Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Անանիա Նարեկացի. Ավետարանական խոսք և խրատ

Հոգևոր առաքինության տեսակներն են խոնարհությունն ու սերը, ողորմությունը, պահքը և աղոթքը, մարդասիրությունը: Առաքինությունը հասկացություն է, որն ունենալու համար հարկավոր է գիտելիք և երկյուղ, իմաստություն, խրատ և ընտրողություն, որ Աստծուն հաճելի լինի:

Արդ, կատարյալ սերը, որն Աստված կամենում է, այն է, որ ոչ միայն բարեկամիդ սիրես, այլև թշնամուդ, ինչպես Տերն է ասում. «Եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին» (Ղուկ. Զ 32):

Սերն ատելության ժամանակ է երևում, երբ նա ատում է, իսկ դու սիրում ես, նա հալածում է, իսկ դու` օրհնում: Թեպետև քո դեմ մեղանչում է եղբայրդ, բայց դու անտեսում ես և սերը հաստատուն պահում, նրա խնդիրները քոնն ես համարում, եթե ճիշտն է անում, դու ուրախանում ես, եթե սխալվում է, դու տրտմում ես, հոգ ես տանում և ձեռք մեկնում: Այս է կատարյալ սերը, որ հաճելի է Աստծուն:

Սակայն ամենից առաջ պետք է ունենալ սեր առ Աստված, որ արհամարհված է երկրավորներից, այն սերը, որ Աստծուն է ձգտում: Գիշերը լույսի պայծառության կողքին խավար է թվում. եթե մշտապես գիշեր լիներ, ապա չէր լինի գիշերվա և ցերեկվա տարորոշումը: Այսպես էլ, երբ սիրում ես Աստծուն, երկրավոր սերը խավարում է այս լույսի առաջ և քեզ որպես երազ և ստվեր է երևում: Սրա համար Մովսեսը նախ այս պատվիրանը տվեց. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրինաց Զ 5):

Ինչպես օրինակ, մի թագավոր գնում է օտար երկիր, և իշխաններից մեկն իր աթոռը դնում է ու պատվիրում ժողովրդին, թե՝ նրան ինձ պես պատվեք. ով նրան բարիք անի, ես կհատուցեմ, նույնպես և ով չարիք անի, ես կպատժեմ: Արդ, Քրիստոս՝ մեր թագավորը, համբարձվեց երկինք և պատվիրեց` ասելով. «Այս է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԳ 34) և «Ինչ անեք իմ այս փոքր եղբայրներից մեկին, ինձ եք անում» (հմմտ. Մատթ. ԻԵ 40):

Երբ սիրում ես եղբորդ, սիրում ես Աստծուն, իսկ եթե ատում ես եղբորդ, Աստված իր հանդեպ է համարում: Քրիստոս թեպետ մարմնով համբարձվեց, բայց միշտ մեր մեջ է, քանի որ Աստված երկնքում է և երկրում: Արդ, հարկավոր է իմանալ սա և կարողանալ ուղղվել, սիրել Աստծուն և ընկերոջը՝ պատվիրանի համաձայն: Իսկ երկրայինը պետք է արհամարհել, քանի որ գրված է. «Սերն այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ» (Հակ. Դ 4) և «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. Զ 24):

Ինչպես օրինակ, կապվածը, թեև կամենում է շարժվել, սակայն չի կարող, քանի դեռ կապերը քանդելով՝ դուրս չի եկել: Այսպես և նա, ով կապված և վարակված է ընչասիրությամբ, չի կարող ընթանալ հոգևոր ճանապարհով, մինչև չթողնի ընչասիրության ախտը: Սրա համար է Տերն ասում. «Ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. ԺԴ 33), և առաքյալն ասում է. «Բոլոր չարիքների արմատն արծաթասիրությունն է» (Ա Տիմ. Զ 10):

Ինչպես օրինակ, մարդն իրեն երազում տեսնում է թագավորության, փառավորության և ուրախության մեջ, իսկ երբ արթնանում է, ոչինչ չունի, բացի այն հիշողությունից, թե ինչ տեսավ երազում: Այսպես և երկրավոր վայելքներն են. թե այսօր ուտես, ըմպես, հագնվես, պաշտոն ունենաս, շատերից գովասանքներ ստանաս և լսես ուրախության ձայներ, երբ վաղն արթնանաս, ամենն անցած կլինի և որպես երազ կերևա: Եթե այսօրը երազ է վաղվա համար, իսկ վաղը` մյուս օրվա, ապա պարզ է, որ ամբողջ երկրայինն ունայնություն է: Եսային ասում է. «Ինչպէս որ երազի մեջ մեկը ուտում է և ըմպում, իսկ երբ արթնանում է, սին է դառնում նաև նրա հույսը, այդպես և բոլոր հեթանոսների փառքն է» (հմմտ. Ես. ԻԹ 8):

Ինչպես տունը շինում են հիմքից մինչև տանիք, այդպես և առաքինության հիմքն են դնում. նախ` խոնարհություն, ապա սեր և ողորմություն, պահք և աղոթք: Տերն ասում է. «Մարմնի ճրագը աչքն է. եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» (Մատթ. Զ 22): Ինչպես որ մարմնի ճրագը աչքն է, այնպես և հոգու ճրագը միտքն է, եթե աչքը վատ է տեսնում, մարմինն ընկնում է: Նույնպես եթե հոգու աչքն ու միտքը սրատես չլինեն, մարդը չի կարող ուղղել հոգու ճանապարհը:

Արդ, առաքինությունը նման է ճանապարհորդի, իսկ ճանապարհորդելը հեշտ չէ, քանի որ ճանապարհին լինում են և´ դժվարություններ, և´ դյուրություններ, հանդիպում է տոթ և ցուրտ, գետ և ծով, գազաններ և ավազակներ, բայց մարդը ճանապարհ է դուրս եկել և գնում է իր ճանապարհով: Այսպես և առաքինությունն է, որ ոչ միշտ է առկա, քանի որ ընկերդ երբեմն սիրում է քեզ, երբեմն տրտմեցնում, սակայն քեզ պետք է ճշմարիտ ընկեր ունենալ և այդ սերը հաստատուն պահել:

Դարձյալ` միտքը երբեմն քաղցր է լինում և ուրախ, երբեմն զայրանում է և ատում, սակայն պետք է զուսպ լինել և ցասումը զսպել: Երբեմն լինում է, որ միտքը ցանկանում է պահք և պարկեշտություն, լինում է, որ բնական հարկադրանքով ուտում է, սակայն պետք է քչասեր լինել և պահք պահել:

Պատահում է, որ զղջումն ինքնին գալիս է, և պատահում է, որ պետք է բռնի կերպով զղջման գնալ, երբեմն լինում է, որ պահք և տքնություն ես սիրում, և լինում է, որ մարմինդ հակվում է վայր, սակայն պետք է զսպել և աղոթել: Այսպիսով, լինում է, որ առաքինությունը ոչ թե դյուրությամբ, այլ բռնությամբ է գալիս: Այս մասին առաքյալն ասում է. «Հոգին հակառակ է մարմնին, իսկ մարմինը` հոգուն» (Գաղատ. Ե 17):

Դարձյալ նման է առաքինությունը թագավորների, որ հիշեցնող գրագիրներ ունեն և պատվերներ են տալիս, թե այսինչն այսինչ ժամին հիշեցնեն, և նրանք կատարում են հրամանները: Այսպես և դու, երբ մտքումդ որոշես, թե այսինչ տեսակ առաքինությունն այս ժամին պիտի անես, երբ այդ ժամը գա, քեզ կհիշեցնի, թե` խոստացար, ուրեմն կատարիր առաքինությունը: Եվ հիշողությունն այնպես է ստիպում, որ անել է տալիս:

Ինչպես օրինակ, խոստանում ես մի մարդու իրեր և ասում` արի, վաղը կտամ: Երբ նա գա, և դու տաս, նա կգոհանա և կօրհնի քեզ, իսկ եթե չտաս, ապա կտրտնջա և կգնա: Այդպես, երբ մտքումդ որոշում ես և խորհում, թե այս ժամին աղոթեմ կամ արտասվեմ, կամ ողորմություն անեմ, երբ այդ պահը գալիս է, ժամապահությունը, հիշողությունը և մտքիդ խիղճը ստիպում են և ասում, թե խոստացար, ուրեմն կատարիր: Եթե կատարում ես, միտքդ ուրախանում է և գոհանում, իսկ եթե չես կատարում, ապա խիղճդ տրտմում է և տրտնջում, ստիպում է որպես պարտապան և պարտադրում կատարել:

Արդ, երբ մարդն Աստծուն հաճելին է անում, Աստված նրան տալիս է իմաստություն և գիտություն: Ինչպես մարգարեն է ասում. «Տերը զորացուցիչն է իր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում» (Սաղմ. ԻԴ 14), նաև առաքյալն է ասում. «Ով սիրում է Աստծուն, նա ճանաչված է նրանից» (Ա Կորնթ. Ը 3):

Եթե կամենում ես աշխարհայինն ատել, այսպես արա. երբ տեսնես մարդուն՝ փառավորված և պայծառ հանդերձներով, շրջապատված բազում ծառաներով, այդ ժամանակ նրան մտովի պատկերացրու մեռած, և ոսկորները՝ գերեզմանի մեջ կուտակված: Ուրեմն` այսօր փառավորված է, իսկ վաղը` ապականված: Երբ տեսնում ես գարունը՝ պայծառ և զարդարուն, այդժամ հիշի՛ր, թե անցնելու է, և գալու են աշունն ու ձմեռը, և քո աչքերը կարհամարհեն այն: Երբ երկրավոր ուրախություն տեսնես և ամենալի սեղան, դրա վերջը մտքումդ պատկերացրու. դա քեզ թույլ չի տա ցանկանալ, և չես կամենա փորձել:

Հիշի՛ր, երբ մարդիկ գովում են քեզ, միտքդ ժամանակավոր զվարճանում է, սակայն երեք կամ չորս օրից անցնում և մոռացվում է: Եվ եթե շատերը քեզ պարսավում են, կրկին ժամանակավոր տրտմում ես, սակայն կարճ օրեր անց անցնում և մոռացվում է: Այսպես և ամեն մարդկայինը, որ ոչ թե մահվանից հետո, այլ այստեղ իսկ մոռացվում է:

Եթե քեզ սիրում է ընկերդ, դու նրանից ատելություն սպասիր, քանի որ կա՛մ հեռանալու է, կա՛մ մեռնելու, կա՛մ ատելու, քանի որ ամեն երկրայինը ավազի վրա է: Երբ այս ամենն իմանաս, դու չես սիրի աշխարհայինը, այլ միայն կհոգաս Աստծու պատվիրանների մասին, այն ինչն անշարժ և անանց է: Սրա համար է Տերն ասում. «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում, կնմանվի մի իմաստուն մարդու, ով իր տունը շինեց ժայռի վրա: Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը և չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա: Այդ տան կործանումը շատ մեծ եղավ, քանզի երկրավորների հիմքն ավազի վրա է» (հմմտ. Մատթ. Է 24-27):

(շարունակելի)

(Բնագիրը` «Մատենագիրք Հայոց»)

Գրաբարից փոխադրեց Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու

Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ