Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Սուրբ կույս Վասիլուհու վկայաբանությունը

Նիկոմիդիա քաղաքի դատավոր Ալեքսանդրոսը, սնոտի կուռքերի կողմից մոլորվելով, հրամայեց քաղաքում և գավառում եղած բոլոր քրիստոնյաներին, առանց խտրության` թե՛ կանանց, թե՛ տղամարդ կանց, ստիպել, որ զոհ մատուցեն աստվածներին, կամ չարաչար տանջանքներով սպանել: Եվ դահիճները, դատավորի հրամանով գնացին և նույն քաղաքի եկեղեցում մի սուրբ գառ բռնեցին, որ հավատքով պարարտ էր: Եվ Քրիստոսի հոտից նրան հափշտակելով, ինչպես գայլերն են հափշտակում, կանգնեցրին Ալեքսանդրի դատական բեմի առջև: Իսկ դատավորը, երբ տեսավ նրա մանկական հասակը, գեղեցիկ դեմքն ու համեստությունը, հարցրեց իր շուրջը եղածներին, թե քանի տարեկան է: Եվ երբ իմացավ, որ ինը տարեկան է և աստվածային Գրքերի իմացությամբ կատարյալ, այնժամ դատավորն սկսեց ասել. «Ասա՛ ինձ, աղջի՛կ, քո անունն, ու թե ինչ կյանքով ես ապրում և մինչև չարաչար տանջանքներով գեղեցկությունդ ապականելը` զո՛հ մատուցիր աստվածներին, [որ ազատվես]»: Իսկ սրբուհին, Սուրբ Հոգու իմաստությամբ լցվելով, իրեն կնքեց սուրբ Խաչի նշանով և պատասխանեց. «Իմ անո՞ւնն ես հարցնում, ո՛վ դատավոր, և իմ կյանքի մասին: Ծնողներիս կողմից Վասիլուհի եմ կոչվել, սնվել եմ քրիստոնեությամբ և Քրիստոսի սպասուհին եմ և Նրա հարսը և սպասում եմ անապական զգեստներին, անմահ Փեսային ու մշտնջենավոր հարսանիքին: Եվ չեմ կամենում զոհ մատուցել դևերին, նույնիսկ եթե հազարավոր տարբեր-տարբեր տանջանքների ենթարկես ինձ: Այս է իմ համառոտ պատասխանը, և սրանից ավելի ոչինչ չեմ կամենում ասել»:

Եվ դատավորը, հոգեպես ընկճվելով երանելու համարձակ և վճռական պատասխանից, հրամայեց նրան գլխիվայր կախել և անողորմաբար ծեծել արջառաջիլերով, մինչև մարմինն ամբողջությամբ մաշկազրկվեց: Մինչդեռ երանելին Քրիստոսի սիրով այնպես էր բոցավառվել ու զորացել Սուրբ Հոգու շնորհներով, որ տանջանքներից անգամ չայլայլվեց և չգունատվեց: Եվ երբ դատավորը տեսավ նրա երեսը, որ չէր այլայլվում, հրամայեց իջեցնել նրան և կոճերն ու գարշապարները ծակելով երկաթե շղթա անցկացնել և կրկին կախել ու երեսի տակ նավթախառն ծծումբ վառել, որ բորբոք կրակից և դժնդակ հոտից հեղձվելով` իսկույն մահանա: Սակայն սուրբը չէր դադարեցնում օրհնաբանությունը և Աստծու զորությամբ շարունակում էր ապրել: Եվ երբ դատավորը տեսավ, որ այս տանջանքը ևս հաղթանակի չհասցրեց և ամաչելով դեռահասից պարտվելուց` հրամայեց հնոցը բորբոքել և մեջը նետել երանելիին: Եվ հնոցի մոտ կանգնելով ու աչքերը երկինք հառելով` Քրիստոսի վկան այսպես ասաց. «Մե՛ր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որ ամեն բան կառավարում ես` ինչպես կամենում ես: [Դու], որի հրամանի չնչին ակնարկով փոփոխվում են արարածների բնությունները, և որիդ ընդդիմանալ չեն կարողանում: Տե՛ր, իմ հանդեպ գործիր կամքիդ քաղցրությունը, ինչպես ժամանակին երեք մանուկների համար արեցիր, այս հրի բոցը ցողի փոխարկիր, որպեսզի բոլորը Քեզ ճանաչեն ճշմարիտ Աստված, ինչպես և աշխարհի փրկության համար առաքվածիդ` մեր Տեր Հիսուս Քրիստոսիդ և Սուրբ Հոգուդ, որ Քեզնից են սկսվում և Քեզնով են վերջանում բոլոր արարածները` սուրբ Երրորդությամբ, որ մի բնությամբ է երկրպագվում»: Եվ մինչ կույսն այս էր ասում, հանկարծահաս հրաշքով հուրն առագաստի պես փքվեց [և հեռացավ աղջկանից], իսկ նա կրակի մեջ ոսկու պես շիկացած և արեգակի պես պայծառ երևաց բոլորին: Եվ դատավորը, տեսնելով այս ամենը, թողեց-հեռացավ, իսկ հաջորդ օրը հրամայեց սրբին գազանների մոտ նետել: Եվ երբ ամբողջ քաղաքը հավաքվեց ասպարեզում, ուր բաց էին թողնելու գազաններին, սրբին կանգնեցրին մեջտեղում և երկու առյուծների գրգռում էին նրա վրա: Իսկ երանելին, երբ տեսավ իր վրա գրգռված գազաններին, հիշեց Դանիելին և արտասուքով լցված աչքերով երկնքին նայեց և ողբերգական ձայնով սկսեց Աստծուն մատուցել դավթյան երգերի յոթերորդ սաղմոսը, իսկ սաղմոսն ավարտելով` աղոթեց նաև դատավորի համար, որ իսպառ չմնա կորստյան անդնդում: Եվ երբ աղոթքն ավարտեց, գազաններն անմիջապես եկան և փարվեցին նրան իբրև հարազատի:

Եվ երբ այս բոլոր սքանչելիքները տեսավ Ալեքսանդրոս դատավորը, սրբի աղոթքների շնորհիվ նրա վրա ազդեց աստվածային լույսի ճառագայթը և նրա խավարյալ միտքը բացեց կենաց բանն ընդունելու համար: Եվ անմիջապես ընկավ սրբի առջև, որ չզրկվի ճշմարիտ հավատքից: Եվ սրբուհին վերցրեց-տարավ նրան այդ քաղաքի երանելի եպիսկոպոսի մոտ, որի անունն Անտոնիոս էր: Եվ մարդու փրկության համար սուրբ հոտապետը լի եղավ ուրախությամբ և նրան սովորեցրեց Երրորդության խոստովանությունը և հաստատեց սուրբ հավատքի մեջ` արժանի դարձնելով վերստին ծննդյան և երկնավոր Հորը որդեգրվելու: Անմիջապես խառնեց Քրիստոսի հոտին, և կատարվեց Գրքի խոսքը, թե. «Գայլերն ու գառները միասին կարածեն» (Եսայ. ԿԵ. 25):

Եվ առժամանակ դադարեցին հալածանքները քրիստոնյաների դեմ: Ալեքսանդրոսը որոշ ժամանակ մնալով` այստեղից փոխադրվեց հանդերձյալ կյանքը և հավատքով հանգեց ի Քրիստոս: Իսկ Վասիլուհին հեռացավ քաղաքից, մի անբնակ վայր գտավ և հաստատվեց մի մեծ վեմի մոտ: Եվ վեմից մի անուշահամ աղբյուր բխեցրեց` ինչպես Մովսեսն արեց գավազանով: Եվ կույսն այնտեղ մնաց և իր ընթացքն ավարտեց` հավատքը պահելով և բարի օրինակ ծառայելով ցանկացած հասակի հավատացյալի համար: Հոգին Քրիստոսին ավանդեց և արժանի եղավ անմահ Փեսային և հարազվարճ հարսնարանին: Եվ սուրբ եպիսկոպոսը Սուրբ Հոգու ազդմամբ իմացավ երանելիի վախճանի մասին, հետը վերցրեց եկեղեցու ժառանգավորներին և քաղաքում եղած քրիստոնյաների բազմությունը, եկան կույսի անապատն ու մեծավայելչապես հարգանքի տուրք մատուցեցին սուրբ վկային և դրեցին հենց այնտեղ` ոչ հեռու վեմից, որտեղից նրա աղոթքով բխել էր աղբյուրը: Եվ մինչև այսօր այդ ջրով և սրբի նշխարներով բժշկություններ են կատարվում` Քրիստոսի շնորհներով, որին` Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Surbzoravor.am