Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Հայրիկ Մուրադյան․ Նամարդ մարդուն պետք է սպանել (Պատմում է հորեղբայրս՝ Զադոն)

Շատախը զինվում էր և պատրաստվում ինքնապաշտպանության: Զենքերը գնում էին ռուս գործարարներից, և հայ մարտական զինատար խմբերը Պարսկաստանի և քրդաբնակ գյուղերի միջով հասնում էին Վան, այստեղից Շատախ, Մոկս և Ոզմ: Ռուսական երեքգծանի ՄՈՍԻՆ հրացանը՝ 500 փամփուշտով գնահատված էր 15 Օսմանյան ոսկի:

Գավառի ինքնապաշտպանության կոմիտեն Մուրադ պապիս պարտադրել էր 7 տղաների համար գնել 4 հրացան:

Դրանց մեջ կար նաև «Մանիխեր» տիպի ավստրիական մի կարճ հրացան, որը գնահատված էր 20 ոսկի: Մի խոսքով Մուրադ պապիս հարկավոր էր 65 ոսկի: Ով կարող էր օգնել Մուրադ պապիս, եթե ոչ դեռ պատանեկան տարիներից իր հետ եղբայրացած քուրդ Հաջոն: Ի դեպ, անձամբ հիշում եմ Հաջոյին, որն հաճախ մեր տունն էր գալիս և որպես տան տեր նստում էր մեր սրահի կոճղերից մեկի վրա և կանչում մորս. «Զոզան քույրիկ, մի ձվածեղ սարքիր ուտենք»:

Մայրս պատրաստում էր ձվածեղը և մատուցում նրան: Հաջոն խոսում էր նաև հայերեն՝ Շատախի բարբառով:

Հաջոն ուներ չորս արու զավակ, չորսն էլ ամուսնացած: Երբ մենք Հաջոյի տուն հասանք, շարունակում է Զադո հորեղբայրս, Հաջոյի երկու հարսներ, անմիջապես տազերով սառ ջուր բերին, լվացին մեր ոտները և ընթրիքի սեղանի մոտ հրավիրեցին մեզ:

Սովորության համաձայն Հաջոն առաջին օրը հարկ չհամարեց հարցնելու հյուրերի գալու պատճառը: Հաջորդ օրը, նախաճաշից հետո Հաջոն հարցրեց. «Մուրադ աղբեր, որ քամին է բերել քեզ մեր տունը»:

- Աղբեր Հաջո, փող է հարկավոր:

- Ինչքա՞ն:

- Վաթսունհինգ ոսկի:

- Ինչի՞դ է պետք 65 ոսկին, - ասում է Հաջոն զարմացած:

- Զենք պիտի առնեմ, զենք, քէնէ պախեմ, Աստծուց ինչխ պախեմ:

- Հա, խասկցա. զենք առնես, որ քրդին ու թուրքին սպանես:

- Աղբեր Հաջո. նամարդ մարդուն պիտի սպանենք՝ կուզես թուրք լինի, կուզես քուրդ:

Հաջոյին հաճելի թվաց Մուրադի պարզ և անթաքոյց պատասխանը և նա ոսկիներով լի ծանր քսակը դրեց Մուրադի առաջ.

- Վերցրու, - ասաց Հաջոն, - վերցրու ինչքան կուզես, տար զենք գնիր և սպանիր նամարդ մարդուն՝ կուզի թուրք լինի, կուզի քուրդ:

Աղբյուր՝ Hayrik.am