Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Սկսենք դատել ինքներս մեզ, որ չդատապարտվենք

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Երբ Մովսեսն իջավ Սինա լեռից և տեսավ ոչ թե Իրեն` Աստծուն, այլ Նրա փառքը, նրա դեմքն այնպես էր շողում, որ ոչ ոք չէր կարողանում դիմանալ այդ լույսին, ու նա պիտի քողով ծածկեր իր դեմքը, որ մարդիկ կարողանային կանգնել նրա առջև ու լսել Աստծո լուրը։

Իհարկե, ոչ այդքան ապշեցուցիչ, սակայն դա պատահում է նաև մեզ հետ, երբ մեր սիրտը մեծ ուրախությամբ է լցվում, երբ մենք ինչ-որ բանի առաջ ենք հայտնվում, ինչը համակում է մեր հոգին սաստիկ զարմանքով, անասելի ցնծությամբ, ստիպում խոնարհվել մեծ երկյուղածությամբ։ Դա կարող է լինել հանդիպումից, երբ ինչ-որ մեկը բաց է արել մեր առաջ սիրո իրական լինելը, պարգևել է մեզ ճանաչել Աստծուն այնպես, ինչպես երբեք առաջներում չէինք կարող զգալ։ Դա կարող է լինել Աստծո հետ հանդիպման պատճառով` բնության լռության մեջ։ Դա կարող է տեղի ունենալ ամենատարբեր ճանապարհներով։ Սակայն ով էլ հանդիպի մեզ դրանից հետո, բոլորի համար պարզ կլինի` մենք տեսել ենք ինչ-որ մի բան սրտի աչքերով, մեզ խոցել է ինչ-որ լույս, և այդ լույսը հիմա կարելի է տեսնել մեր աչքերի մեջ, մեր դեմքի վրա։

Ինչպե՞ս է պատահում, որ, անընդհատ հաղորդություն ստանալով, մեզնից ոմանք` ամեն կիրակի, ուրիշները Աստծո երկյուղից` քիչ, բայց ոչ ոք մեր շրջապատից չի տեսնում այդ աստվածային շողը մեր դեմքի վրա, մեր աչքերում։ Ինչպե՞ս է լինում, որ այդ Աստծո փառքը չի ճառագայթում մեր ամեն մի բառից, հոգու խորին լռությունից, չի հայտնվում որպես գեղեցկություն մեր յուրաքանչյուր արարքի, երբ մեր ամեն մի շարժումն արժանի է Աստծուն։

Եվ հետո, այդ ինչպե՞ս է, որ հաղորդվելով այդքան տարիների ընթացքում, մենք հազիվ թե հաշիվ ենք տալիս ինքներս մեզ, որ մեզ հետ կատարվում է ինչ-որ անբացատրելի բան։ Հիշե՛ք սուրբ Սիմեոն Նոր աստվածաբանի խոսքերը, որոնք նա ասել է խոր ծերության մեջ։ Կիրակի օրը նա, հաղորդություն ստանալով, վերադառնում է իր խուցը` կավե մի կացարան, որտեղ ոչինչ չկար, բացի փայտե նստարանից, ու նստելով այնտեղ, նայում է իր ձեռքերին, իր ամբողջ մարմնին և բացականչում է. «Ինչպիսի՛ հրաշք է այս մարմինը։ Այն պարփակում է Կենդանի Աստծուն։ Աստված եկել է աշխարհ, որ հեղի մեր մարդկային բնության մեջ Իր Աստվածությունը, և, ընդունելով Հացն ու Գինին, ես հաղորդվում եմ Նրա սուրբ մարդկությանը և Աստվածությանը։ ՈՒ հիմա այս ձեռքերն ու այս մարմինը, ծերացած ու զառամյալ, մարմնացած Աստծո՜ ձեռքերն ու մարմինն են։ Եվ այս տնակը, որքան էլ փոքրիկ ու խղճուկ, երկնքից լայն է, որովհետև Աստված ամբողջովին այստեղ է իմ ներկայության միջոցով»։

Ձեզնից որևէ մեկը նշմարե՞լ է դա հիշեցնող ինչ-որ բան, որ հասկանա այդ վերապրումը։ Վերապրել այն, ինչը նա է վերապրել, կարող է մեզ համար չափազանց շատ լինել, սակայն պետք է գոնե ըմբռնել, թե ինչի մասին է նա խոսում։

Դիպե՞լ ենք արդյոք մենք երբևիցե այդ գաղտնիքի գոնե ծայրին։ Եվ եթե ոչ, ապա ինչո՞ւ, ինչո՞ւ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ դեպի Հաղորդություն կարելի է գնալ տարբեր ձևերով։ Ոմանք գնում են ըստ «ընդունված կարգի», որովհետև այսօր տոն է, որովհետև կիրակի է, կամ, համարելով, որ Առաքյալի ասած խոսքերը` «Ընդունե՛ք, կերե՛ք, խմե՛ք բոլորդ», վերաբերում են անխտիր մեզնից յուրաքանչյուրին, որը հանգիստ ապրում է մեր անարյուն դարձրած, հյուծված քրիստոնեության հարմարավետության մեջ։

Ոմանք էլ հաղորդվում են սովատանջ, Աստծո կարոտը քաշելով, անխախտելի վշտով, որ այդքան հեռացել են Նրանից և, անզոր լինելով վեր ճախրելու առ Աստված, ընդունում են Աստծուց այն, ինչին այլ ձևով հնարավոր չէ հասնել` Նրա Մարմինն ու Արյունը` Հացի ու Գինու տեսքով։

Բոլորովին այլ ձևով էին մոտենում Հաղորդությանը սրբերը` երկյուղով, սրբազան սարսափով։ Նրանց աղոթքներից մեկում այսպիսի խոսքեր կան. «Հաղորդությունը կրա՛կ է, օ՛հ, չվառվեմ, կրակի չմատնվեմ»։ Հասկանալի՞ է արդյոք մեզ դա։ Մոտենո՞ւմ ենք արդյոք Աստծուն, լավ իմանալով, որ Նա այրող Կրակ է։ Կարո՞ղ ենք արդյոք Եսայի մարգարեի, նրանից հետո` Պողոսի հետ ասել. «ահավո՛ր է ընկնել Կենդանի Աստծո ձեռքերի մեջ»։

Իսկ ինչո՞ւ մենք գալիս ենք հաղորդության նորից և նորից ու ոչինչ չգիտենք Սիմեոնի զգացումների մասին, ոչինչ չգիտենք անհագ սովի ու այդ հանդիպման հրաշքի մասին։

Դա կատարվում է մեր կուրության, մեր ծանրաքաշության, մեր անդյուրազգաց լինելու պատճառով։ Մտաբերեցի ռուս սուրբ Պաֆնուտի Բորովսկու խոսքը (նա ճգնավոր էր)։ Մի օր նրան կանչում են պատարագ կատարելու, որովհետև վանքում քահանան բացակայում էր, նա պատարագից հետո ասում է եղբայրներին. «Էլ երբեք չկանչե՛ք ինձ պատարագ մատուցելու, նույնիսկ ամենածայրահեղ կարիքի պահին։ Տեսնել այն, ինչ ես տեսա, վերապրել այն, ինչ վերապրեցի, կարելի է միայն մեկ անգամ, մյուս անգամ ես կմեռնեմ դրա պատճառով»։ Գիտե՞նք մենք արդյոք, թե ինչ է կատարվում, որ այդպիսի բան կարող է լինել։ Մենք պետք է ավելի լավ մտածենք այն բանի մասին, թե ինչ ենք անում։

Աստված ընդունում է մեզ, բայց ի՞նչ գնով Իր համար։ Սուրբ Սերաֆիմ Սարովսկին ասում էր իր մտերիմներից մեկին.

«Երբ դու աղոթում ես, երբ դիմում ես Աստծուն, ապա Աստված Քրիստոսի միջոցով կատարում է քո խնդրանքը, սակայն մի՛ խնդրիր չնչին բաների համար, հիշելով, թե ինչ գնով է Նա տալիս քեզ ըստ քո խնդրանքի. մարմնացում, երկրային կյանք, տանջանքներ, խաչելություն, դժոխք իջնել` ահա գինը, որը Նա վճարեց, որ մենք կարողանանք Նրան դիմել։ Այդ պատճառով ինչպիսի վախով, ինչպիսի երկյուղածությամբ և պատասխանատվության զգացումով մենք պետք է մոտենանք Նրան»։

Սակայն ինչպե՞ս է լինում, որ ձեռք մեկնելով Կրակին, մենք չենք այրվում ու չենք մոխրանում։ Եվ ահա մի միտք էլ, որը միշտ համակում է ինձ սարսափով. այդ նույն Սիմեոն Նոր Աստվածաբանն ասում է, որ Աստված թույլ չի տալիս, որ Իր սուրբ Մարմինն ու սրբազան Արյունն ապականվեն, պղծվեն մեր կողմից ու մեր պատճառով, ու եթե մենք մոտենում ենք Հաղորդությանն անփութորեն, հանցավորի պես, անարժանաբար, Նա նահանջում է Հացի փշրանքից և Գինու կաթիլից, որոնք մենք ընդունում ենք, այնպես, որ չայրվենք, չկործանվենք և չդառնանք Նրան սպանողների հետ պատասխանատու Նրա թափած Արյան և խաչված Մարմնի համար։ Բայց ինչ սարսափելի է մտածել, որ մեր անարժան լինելու պատճառով դա կարող է պատահել։

ՈՒրեմն հիշենք այդ զգուշացումները, որոնք մենք լսում ենք և՛ սրբերից, և՛ դարձի եկած մեղավորներից, և դնենք մեր առաջ մի հարց. ինչպե՞ս եմ ես մոտենում Հաղորդությանը։ Ահավոր հուսահատ վիճակի պատճառո՞վ, թե՞ անփույթ ինքնավստահությունից ելնելով։ Վշտացած սրտով, քանզի Աստված ինձ ավելի շատ է անհրաժեշտ, քան իմ կյանքը կամ որևէ այլ բան, կամ էլ «ամենաէժան ձևով», որովհետև ես համարվում եմ Նրա Եկեղեցու անդամ, եթե նույնիսկ Նրա Մարմնի իսկական, կենդանի անդամը չեմ։

Խորհենք այս բաների մասին և, ինչպես ասում է Պողոս առաքյալը, սկսենք դատել ինքներս մեզ, որ չդատապարտվենք։

Ամեն։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Աղբուր՝ Irates.am