Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Զղջման աղոթք

Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնելիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով: Մի հիշիր իմ բազում մեղքերը և մի հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու Տե՜ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել մեր բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի պատժիր հանցապարտների հետ, մի դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը, քանզի եթե դատես իմ հանցավորությունը, ապա երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայիր, Տեր, իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:

Եւ արդ, Տեր, մաքրիր ինձ մեղքերից, սկզբից ի վեր գործածս իմ անօրենություններից, սրբիր, ինչպես պոռնիկին, արդարացրու, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմիր ինձ, ինչպես քանանացուն, շնորհիր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը սիրողների խորաններում:
Եւ Քեզ փա՜ռք հավիտեանս. ամեն: