Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

«Պետականության հիմքն ու գագաթը». Տիգրան Մանսուրյան

Զրույց ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ

- Պարոն Մանսուրյան, պիտի խնդրեմ, որ մեր զրույցն սկսենք Ձեր կյանքի պատմությունից՝ այն, ինչ չի արձանագրվում պաշտոնական տեղեկություններում, այլ հոգու մեջ է, սրտի ամենանվիրական անկյունում։

-Մենք լավ ընտանիք էինք՝ վեց հոգով. հայրս, մայրս եւ նրանց չորս երեխաները, մեծը ես էի։ Իմ ծնողները երկուսն էլ որբանոցի զավակներ էին։ Հայրս Տիգրանակերտից էր, մայրս՝ Մարաշից։ Հայրս ու մայրս ազգային արժանապատվության ընդգծված զգացում ունեին։ Երբեք չէին խոսում հայրենասիրությունից, բայց այն արժեքները, որոնք հիմնային են՝ ընտանիքում ազգային արժանապատվություն կայացնելու համար, միշտ եղել են գերիշխող ու կարեւորված։ Մեր ընտանիքում բոլորը երգում էին։ Առավոտը սկսում էինք երգով. մի մեծ երգացանկ ունեինք։ Կպատահեր՝ մայրս հորս կասեր՝ Եղիա, էս ինչ երգը երգիր, հայրս կսկսեր, ու մենք բոլորս կմիանայինք նրան։ Երբ փոքր քույրս՝ Արաքսը (հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը – Գ.Պ.), մանկապարտեզից նոր երգ էր բերում, մենք անմիջապես սովորում էինք այն եւ ընդգրկում մեր երգացանկում։

- Որո՞նք էին Ձեր ընտանիքի երգերը։

- Ժողովրդական, գուսանական երգեր, նաեւ Կոմիտաս… Ակունքից բխող, զուլալ, անապական, աննկարագրելի գեղեցիկ, հուզառատ, անկեղծ։ Իմ ընտանիքը 47-ին Բեյրութից ներգաղթեց Արթիկ։ 8 տարեկանում ես սովորեցի հայերեն տառերը ու լցվեցի հայկական երաժշտությամբ։ Արթիկի ժողովուրդը երգեցիկ էր։ Հիշում եմ մի երիտասարդի, որը սիրահարված էր (անհանգիստ, զգացմունքային տղա էր), գիշերային քաղաքի լռության մեջ բարձրաձայն երգում էր իր սիրո երգը։ Անցան տասնամյակներ, ու տարիներ առաջ մեր երիտասարդ երգչուհիներից մեկը վերակենդանացրեց այդ երգը, ու ես կրկին լսեցի.

Սարերի դարդն ունենայի՝

յար չունենայի…

Այնքան շնորհակալ եմ այդ երգչուհուց։

Հիշում են Սուրբ տոները։ Գյուղացիները տարբեր շեներից գալիս-հավաքվում էին Հառիճի վանքի շուրջ։ Ու այդ ժամանակ հնչում էին հարյուրավոր երգեր, պարեղանակներ։ Իմ մանկության տարիներին դեռ հեքիաթասացներ կային, գյուղից գյուղ շրջող աշուղներ։ Ես հասցրի տեսնել այդ ամենը։

…Իմ մեջ ապրում է նաեւ Բեյրութը, արեւելյան քաղաքի գույները, Միջերկրական ծովը, սփյուռքի կյանքը…

- Ե՞րբ ծնվեց առաջին մեղեդին, ինչպե՞ս ծնվեց։

- Հենց տառերը ճանաչեցի, սկսեցի բանաստեղծություններ գրել։ Դա տեւեց մինչեւ 69 թիվը։ Երեսուն տարեկան էի՝ դեռ շարունակում էի բանաստեղծություն գրել։ Բայց երաժշտության նկատմամբ երկյուղած, ջերմեռանդ սերը, որ ժառանգել էի ծնողներիցս, անանցողիկ էր։ Բարեբախտաբար, մեր տանը հնչել է նաեւ դասական երաժշտություն՝ Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն… Մի օր մայրս ինձ ուղարկեց բանվորական ակումբ, որ տուն կանչեմ հորս (երրորդ թե չորրորդ դասարանում էի այդ ժամանակ)։ Հայրս դաշնամուր էր նվագում։ Նա վեր կացավ տեղից… Ես նստեցի դաշնամուրի մոտ… Էդ օրվանից ես դաշնամուրի մոտ եմ, նվագում եմ ուղեղումս պտտվող մեղեդիները։ Արթիկում երաժշտական դպրոց չկար, ու ես ամիսներով ապարդյուն ընթերցում էի Մարտին Մազմանյանի երաժշտության դասագիրքը, որ նոտագրել սովորեմ։ Ինձ հայրս օգնեց, նա կռահեց, հետո բացատրեց ինձ։ Ես ֆանատիկորեն եմ տրվել երաժշտությանը։ Դա խելացնորություն էր՝ այդպիսի նվիրում, այդպիսի տքնանք, անմնացորդ մղում… Մենք ռադիո չունեինք։ Բայց մեր քաղաքում բարձրախոսներ կային, ու ես իմ տեղն ունեի բարձրախոսների մոտ (հիմնականում խոտերի մեջ), պառկում էի ու երաժշտություն լսում։ Անգիր գիտեի՝ որ ժամին ինչ էր հնչելու, գիտեի բոլոր մեղեդիները, սիմֆոնիաները… Հենց ժամը գալիս էր, խաղը թողնում էի, վազում բարձրախոսների մոտ։

1954թ. Արթիկ եկավ (ես 15 տարեկան էի) Վանյա Շահխաթունի անունով մի ազնվական հայ մարդ, բարձր երաժիշտ, կոնսերվատորիա ավարտած։ Եկավ ակումբի դաշնամուրը լարելու։ Պարզվեց՝ պիտի պտտեր տարբեր շրջկենտրոններով եւ լարեր ակումբների դաշնամուրները։ Երբ առավոտյան մտա ակումբ, մի գեղեցիկ, շքեղ երաժշտություն լսեցի. ինչ-որ մեկը դաշնամուր էր նվագում։ Վանյա Շահխաթունին էր։ Ես կպա նրան ու էլ պոկ չեկա. պայուսակը բռնած՝ հետեւից ման էի գալիս։ Իմ երազանքներն առաջին անգամ այդ հրաշալի մարդուն եմ պատմել, ասում էի, որ պիտի օպերաներ գրեմ։ Տարիներ անց, երբ ուսումնարանում էի սովորում, կրկին հանդիպեցի Վանյա Շահխաթունիին, հարցրեց՝ օպերաներդ ի՞նչ եղան։ Չէր մոռացել։

…Ես Արթիկից գնացի Գյումրի եւ Վանյա Շահխաթունիի գրությամբ ներկայացա երաժշտական ուսումնարանի տնօրենին, ու ինձ ընդունեցին ուսումնարան։ Դա իմ առաջին պրոֆեսիոնալ երաժշտական կրթությունն էր։ Տարիուկես սովորելուց հետո ծանր հիվանդացա, մեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան, եւ ես կրթությունս շարունակեցի Երեւանի երաժշտական ուսումնարանում։ Եվ այդպես սկսվեց…

- Կարո՞ղ էր ինչ-որ բան խանգարել, եւ Դուք չդառնայիք Տիգրան Մանսուրյան։ Ընդհանրապես, խոչընդոտները, դժվարությունները, արտաքին ազդակները կարո՞ղ են փոխել մեծ արվեստի ճանապարհը։ Հնարավոր է՝ այսօր մեր կողքին կա մի նոր Տիգրան Մանսուրյան, բայց կարող է չկայանալ, չլինել, եթե չօգնենք նրան, եթե պայմաններն ու հանգամանքները նպաստավոր չլինեն։

- Դուք մի մտածեք, թե իմ գլուխը միշտ շոյել են։ Ես շատ էի սիրում ուսուցիչներիս, նրանց դիտողություններն ու գնահատականները շատ կարեւոր էին, բայց ես նաեւ անհնազանդ էի, կարող էի հակադրվել ամենամեծ հեղինակությանը եւ մնալ իմ կարծիքին։ Առանց պայքարի, առանց կռվի, առանց դիմակայության ոչ ոքի ոչինչ չի տրվում։ Կյանքը խորքով ապրելու համար դա շրջանցե՞լն է ճիշտ, թե դրա միջով անցնելը, դժվար է ասել։ Ես անցել եմ կյանքի դաժան ճանապարհ ու անցնում եմ մինչ օրս։ Նահանջողներին ու հանձնվողներին չեմ հավատում, չեմ հավատում նրանց տաղանդին, որը կարող է այդպես հեշտ տեղի տալ, չեմ հավատում նրանց նվիրվածությանը, նրանց սիրուն։ Չեմ սիրում լսել նվնվոց, չեմ սիրում լսել մարդու պարտության մասին՝ ուղեկցված մեղադրանքներով ու չարախոսությամբ։ Պարտությանը ի՞նչ արդարացում… արի պատմիր, թե ինչպես, ինչ դժվարությամբ հաղթեցիր, ու ես կհիանամ քեզնով, կեղբայրանամ քեզ։

Հարցրել եք, ու պիտի պատմեմ։ Երբ 47-ի ձմեռնամուտին հայտնվեցինք Պեմզաշենում, սառնամանիք էր, իսկ բեյրութաբնակ իմ ընտանիքը կյանքում ձյուն չէր տեսել։ Մենք երկարաթեւ շոր չունեինք, երկար շալվար չունեինք, վառելիք չկար, ուտելիք չկար։ Հայտնվել էինք ծայրահեղ վիճակում։ Ես պահ առ պահ, դրվագ առ դրվագ հիշում եմ իմ առաջին մուտքը դպրոց։ Չորս աստիճան էր, որից հետո սկսվում էր գոմ հիշեցնող միջանցք։ Ես՝ հուսահատության եզրին, ծայրահեղ կարիքի մեջ հայտնված, այլեւս հունից դուրս եկած փոքրիկ մարդ, բարձրանում եմ աստիճաններով՝ մեկ-երկու-երեք-չորս, հարթակ, դուռ, միջանցք։ Գլուխս բարձրացնում եմ՝ միջանցքի երկայքով նկարներն են՝ հայոց մեծերը։ Նայում եմ նրանց ու… որոշում իմ ճանապարհը. <Այս իրականությունից վերեւ կա մի ճշմարտություն, ու իմ ճանապարհը դեպի այդ ճշմարտությունն է>։ Այս միտքը թրթռում է ենթագիտակցությանս մեջ, եւ ծնվում է մի ներքին ծրագիր։ Ու ես չեմ հարցնում՝ ինչպե՞ս։ Ես մտածում եմ՝ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կկարողանամ։ Կարեւորագույն որոշումներս եղել են իմ գոյության օրենքը, ու երբեք չեմ հաշվարկել հնարավորություններս, որովհետեւ հնարավորությունը դու ես ստեղծում։ Ես Աստծո զավակ եմ, ու իմ երազանքներն ինձ հղել են վերեւից, վերեւից էլ կօգնեն, որ իրականացնեմ դրանք։

- Ի՞նչ ակունքից է ծնվում Ձեր երաժշտությունը, ի՞նչ խտացումներից է ամբողջանում։ Այդքան ազգային ու այդքան համամարդկային։ Այդքան բազմաշերտ ու այդքան մատչելի… Որտե՞ղ գտաք, որտեղի՞ց պեղեցիք…

- Դա ես եմ՝ իմ արյան հիշողությամբ, մանկության ու պատանեկության տարիների լսած եկեղեցական երգերով, ժողովրդական մեղեդիներով, դասական երաժշտությամբ, ու այս ամենը խառնվում է, ու ծնվում է մի… հոգեվիճակ, ապրում, ասելիք։ Ես հայոց լեզվի նկատմամբ ունեմ պաշտամունքի հասնող սեր։ Երբ 1954 թ.-ին առաջին անգամ Չարենց տպվեց, այդ գիրքը եկավ մեր տուն, ու ես, հիշում եմ, վառարանի կողքը նստած սկսեցի թերթել գիրքը, ու ինչ օրս Չարենցն ինձ հետ է։ Ոչ մի բանաստեղծի, ոչ մի արվեստագետի հետ այդքան տեւական չեմ ապրել, որքան Չարենցի հետ։ Չարենցն իր ամբողջ տարերքով, իր ամբողջ Աստվածատուր հանճարով, իր ամբողջ ընդգրկումով՝ արեւելք, արեւմուտք, հեթանոսություն, միջնադար, աշուղական արվեստ, մոդեռնիզմ… մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ …Ես ցորենի արտի մեջ պառկել եմ, սինձ հավաքել եմ… Ալագյազի քամին շոյել է մաշկս։ Դուք պառկե՞լ եք խոտերի մեջ, զգացել եք հազարավոր բույրերից քամած խենթացնող բույրը, լսել եք այն երաժշտությունը, որի մեջ հազարավոր ձայներ են՝ միջատների, թռչունների, ամեն մի խոտի, տերեւի, ծաղկի՝ թանձր լռության ֆոնին։ Ու հանկարծ մաշկիդ վրայով անցնում է մի տաք հոսանք, մի քանի վայրկյան հետո՝ սառը։ Ալագյազի քամին՝ մերթ մեղմ, մերթ հուժկու։ Սրանք սերեր են։ Սրանք երկրիդ ձայներն են, բույրերը, գույները։ Սա է եղած չեղածը։ Մեկի մոտ բանաստեղծություն է դառնում, մյուսի մոտ մեղեդի, երրորդի մոտ գեղանկար…

Ես նույնքան մեծ սեր ունեմ բառի արվեստի հանդեպ։ Սիրում եմ կարդալ։ Փոքր ժամանակ ես գրադարանից գրքեր էի թռցնում։ Չէի ցանկանում բաժանվել իմ կարդացած գրքերից ու սկսեցի թռցնել։ Գիրքը խցկում էի վերնաշապիկիս տակ ու դուրս գալիս գրադարանից։ Այդպես մի ճամպրուկ լցվեց։ Ես երջանիկ էի՝ սիրելի գրքերս կողք կողքի էին, ձեռքիս տակ։ Մի օր էլ հայրս ասաց. <Գրադարանի վարիչին ասել եմ, որ քո ընկերներից մեկը գրադարանից գրքեր է գողացել, ամաչում է վերադարձնել ու քեզ է խնդրել, որ գրքերը հանձնես գրադարանին>։ Այդպես ես բաժանվեցի իմ սիրելի գրքերից։

- Պարոն Մանսուրյան, ո՞վ ենք մենք՝ հայերս, համաշխարհային քաղաքակրթության մեջ ի՞նչ տեղ, ի՞նչ կշիռ ունենք, ո՞ր հորիզոնականի վրա ենք հանգրվանել։ Այսօր ինքներս մեզ հաճախ հակասական, իրարամերժ բնորոշումներ ենք տալիս։ Ո՞վ ենք մենք՝ համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներից մե՞կը, թե՞ ժամանակի զարգացումներից հետ ընկած եւ համաշխարհային քաղաքակրթության հետնաբեմում հայտնված ազգ… Մենք հանճարների՞ ազգ ենք, թե՞ մարդկային համակեցության տարրական բարեկրթությունը նոր-նոր սովորող ժողովուրդ։ Ո՞րն է Ձեր՝ ազգի մտավորականի եւ երկրի քաղաքացու կարծիքը։

- Եթե այդ երկու իրարամերժ գնահատականները կան, ուրեմն պիտի հաշվի նստենք դրանց հետ, հասկանանք դրանց ակունքը։ Այո՛, երբեմն մենք ընկնում ենք ինքնագովության էյֆորիայի մեջ, եւ դա շատ պարզ հոգեբանական հիմնավորում ունի. մենք մեծ արյունահեղության միջով ենք անցել։ Տերյանը գրում է.

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արեւի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…

Սա ցեղասպանություն տեսած ու ապրող ժողովրդի զավակի պաթոս է, ծայրագույն քաջալերանք։ Երբ Արամ Խաչատրյանը աշխատում էր Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մարդիկ նկատում էին, որ Խաչատրյանը գոռում է երաժիշտների վրա։ Բայց Լենինգրադի սիմֆոնիկի երաժիշտների վրա գոռալը, մեղմ ասած, սխալ էր, չէր կարելի։ Երբ փորձում են Խաչատրյանին բացատրել… նա պատասխանում է՝ ես չեմ գոռում, պարզապես ես բարձրաձայն եմ ։Մեծ, մոնումենտալ, հզոր, թափով։ Ցեղասպանություն տեսած ազգը պիտի ծներ Խաչատրյանին՝ իբրեւ հակակշիռ ոչնչացման սարսափի, վախի, նվաստացման… Ու հետո այդպես պիտի ապրեր՝ ինքնամեծար, հուժկու, բարձրաձայն։ Մենք եղել ենք արեւմտյան ու արեւելյան մշակույթների խաչմերուկում, Հայաստանը արեւելքի եւ արեւմուտքի խառնարան էր եւ, հրաշալիորեն սնվելով այդ երկու ակունքից, աշխարհին է ներկայանում ապշեցուցիչ հարուստ ու ինքնատիպորեն գեղեցիկ։ Երբ լսում ես Արամ Խաչատրյանի <Ջութակի կոնցերտը>, ապշում ես՝ ինչպես կարող է ջութակը այդպես միանգամից ու այդքան հայերեն խոսել։ Բայց երբ լսում ես Կոմիտասի պատարագը կամ միջնադարյան շարականները, երես առ երես հանդիպում ես գենիդ առեղծվածին, ակունքիդ հարստությանը, ազգիդ մշակութային հզոր ժառանգությանը։ Մեր հիմքերը շատ խորն են, երբեմն առեղծվածային ընդգրկուն։ Կգա մի օր, երբ մենք կխաղաղվենք։ Երբ մեր ցավերը, կարոտները, վախերը, իրոք, կդառնան անցյալ, երբ մեր պատմության սարսափները չեն շնչի մեր կողքին։ Այդ ժամանակ կգա ինքնաճանաչ, վստահ ու տաղանդավոր մի սերունդ, կբերի գիտելիք, արվեստ, ճաշակ։ Ես վստահ եմ, որ մենք փառահեղ ապագա ենք ունենալու։ Տարրական բարեկրթության մասին խոսակցությունն այնքան չնչին է մեր մշակութային հիմքերի եւ հոգեւոր ժառանգության կողքին։ Մենք այնքան մեծ <բագաժով> ենք գալիս։

- Մեր արվեստագետները դրսում են ստեղծագործում, արտագաղթը ոգեզրկում է երկիրը…

- Ոգեզրկո՞ւմ է, ասում եք։ Հայաստանի պետական սահմաննե՞րն են մեր ոգու սահմանները։ Հայաստանն այնքա՜ն ուժեղ է, հայկական հողը այնքա՜ն մեծ ձգողականություն ունի, որ անհնար է հեռանալ դրանից։ Եթե արվեստագետի մեջ գոնե մի կաթիլ հայկական արյուն կա, նա չի կարող <ազատվել> հայրենիքից, նա հայրենիքն իր մեջ է ստեղծագործելու՝ գրելու, նվագելու, նկարելու, երգելու՝ որտեղ էլ ապրի։ Չորս պատերը, որտեղ քնում ես, ճաշում, ընդամենը կացարան են, հայրենիքը տուն է, օջախ։

Ինձ միշտ ապշեցրել է հայ մարդու մշակութային բնատուր հղկվածությունը։ Հայ պարզ, կրթություն չունեցող գեղջուկը հակված է դեպի բարձր արվեստը, հարգանք ունի բարձր արվեստի հանդեպ։ Հենրիկ Մալյանի <Եռանկյունի> ֆիլմում մի շատ բնորոշ տեսարան կա. դարբինները ինչպիսի՜ խորին ակնածանք ունեն փոքրիկ տղայի ջութակից հնչած երաժշտության հանդեպ, քանի որ <ան գիտությունով կչալե>։ Այդպես է՝ մենք գիտություն, գիրք, արվեստ, մշակույթ սիրող ենք։ Տեսեք, Գյումրին մի փոքրիկ գավառական քաղաք է, բայց ինչ անուններ է ծնել։ <Անուշ> օպերան առաջինը Գյումրիում է ծնվել ու բեմադրվել։ Արհեստավոր գյումրեցին գնացել է օպերա լսելու։

- Դուք ամեն տարի գալիս եք Հայաստան ու տարվա կեսը անցկացնում եք հայրենիքում։ Ի՞նչն է Ձեզ բերում Հայաստան, կարո՞տը, թե՞ նաեւ գործնական ծրագրերը։

- Ես ոչ թե ամեն տարի գալիս եմ Հայաստան, այլ ամեն տարի գնում եմ արտերկիր։ Հայաստանում եմ ապրում, իսկ արտերկիր եմ գնում գործնական ծրագրեր իրականացնելու։ Արտերկրում տարբեր պատվերներով ես գրել եմ ստեղծագործություններ, հրատարակվել եմ։ Իմ ստեղծագործությունները հնչել են ամենահեղինակավոր նվագախմբերի եւ երաժիշտների կատարմամբ։ Ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ, որոնք միացել են իմ երաժշտությանը։ Աշխատել եմ <Հիլիարդ> անսամբլի հետ, որը կատարեց Ներսես Շնորհալու <Յոթ աղոթքներ> շարքը։ Աշխատել եմ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի հետ։ Ունեցել ենք կոնցերտ Քիմ Քաշքաշյանի եւ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

-Ինչի՞ մասին է Ձեր <Երեք արիա՝ երգելու համար Արարատին բացված պատուհանից> ստեղծագործությունը։

- Հայ մարդու հայացքը Արարատին է, իր կորցրած հայրենիքին։ Մենք ազգովի նայում ենք Արարատին։ Արարատը մեր կենսագրության մեծագույն ողբերգության խորհրդանիշն է, մեր ապրումների, մեր… մեծության խորհրդանիշը։ Քյոլնի BDR հեռուստատեսության պատվերով՝ ես գրեցի <Կոնցերտ թավջութակի համար>, որը հնչեց ապրիլի 24-ին։ Այն վերնագրված էր <Ո՞ւր է Աբել՝ եղբայրը քո>։ Սա առաջին մարդասպանին՝ Կայենին, Աստծո ուղղած հարցն էր, որը հնչելու է միշտ, ուղղվելու է յուրաքանչյուր մարդասպանի։ Ու այդ հարցը ավելի հուժկու է հնչում, երբ ուղղված է մի ամբողջ մարդասպան՝ ցեղասպան ազգի։

Նոյեմբերին Մյունխենի նվագախումբը եւ Բեռլինի երգչախումբը կկատարեն իմ <Ռեքվիեմը>։ Ես այն նվիրել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

- Որո՞նք են մեր պատմության վերջին քսանամյակի ամենանշանակալի իրադարձությունները։

-Հարկավ, առաջինը անկախությունն է։ Արվեստը ստրատեգիական նորմերով չի գոյանում: Իսկական արվեստը երբեք գաղափարախոսության կրող չէ: Գեղեցիկի արարման դրդապատճառներն առեղծվածային են, մեկ էլ տեսար՝ հպվել ես հավերժությանը: Բայց հենքն ազատությունն է: Ի վերջո ժամանակն էր, որ տեսնեինք մեր պատկերը քաղաքակիրթ աշխարհի հայելում ու ձերբազատվեինք <վարժապետական> արվեստագետի կեցվածքից:

- Որքանո՞վ են առնչվում արվեստագետի ասելիքն ու իր ապրած ժամանակաշրջանը։

- Այսօր ես չեմ կարող խոսել 10 տարի առաջ հայտնաբերած ճշմարտություններից: Ես աշխարհը բացահայտում եմ ամեն ժամ: Հայտնի դիրիժոր Բրունո Վալտերը խոստովանում էր, որ Մոցարտի հետ յուրաքանչյուր հանդիպում հայտնություն է իր համար: Ստեղծագործելիս մարդը պետք է հանդիպի իր շնչառությանը եւ մանավանդ` ճշմարտության մասին խոսելիս տարբերի իրականությունը պատրանքից: Արվեստը չի լուսանկարում արտաքին աշխարհը: Չարենցն ասում էր` ես չեմ, իմ ոգին է երգում. ոգին գոյանում է ու երգում բոլորովին այլ բաների մասին: Իմպրեսիոնիստները դրախտ էին նկարում, երբ մերկ էին ու սոված: Մանեն, Ռենուարը գունազարդում էին աշխարհը, սա էր նրանց ստեղծագործական հավատամքը: Մարտիրոս Սարյանը ծաղիկներ էր նկարում Եղեռնի ժամանակ: Ի՞նչ է, նա պետք է ջարդ ու արյուն նկարեր ժամանակավրեպ չկոչվելու համար: Նույն ժամանակ Կոմիտասը զբաղված էր ձայների տիեզերքով: Ես հասկանում եմ ձեր միտքը…

- Ես ուզում եմ մերօրյա <Վարդանանք>, հերոսական արվեստ, պոռթկում:

- Իսկ ես հոգնել եմ պաթետիկ աղմուկից, որ կարող է այնքան կեղծիք կուտակել իր մեջ: Ես ուզում եմ ճշմարիտ արվեստ, խորքային արվեստ: Ես ընդհանուր ոչինչ չունեմ պոպուլիզմի մարդկանց հետ: Ժամանակին Բեթհովենին 30 մարդ է լսել, դա եղել է իր սալոնը, որը հետագայում ընդարձակվել է, մեծացել: Այս բաներն ինձ Արամ Խաչատրյանն էր ասում… Հայաստանում չի ձեւավորվել բուրժուազիան` իր բարձր կենցաղով։ Պոպուլիզմի վրա աճած սիմֆոնիկ ռաբիսը, ըստ էության, նույն ռաբիսն է:

- Ի՞նչ տվեց Արցախյան պատերազմի հաղթանակը Ձեզ՝ որպես արվեստագետի։

- Արցախյան պատերազմի հաղթանակը անկախության ամենամեծ նվերն էր։ Մի շատ լավ կոմպոզիտոր կար՝ Սերգեյ Բալասանյանը, Արցախից էր, Մոսկվայում էր ապրում։ Դեռեւս խորհրդային տարիներին պատմում էր, որ մոսկվայաբնակ արցախցի մտավորականները պարբերաբար հավաքվում էին ու զրուցում Ղարաբաղից։ Նրանց մեկտեղում էր ցավը՝ կորցրած հայրենիքի զգացողությունը։ Այդ ցավը իմ ընտանիքում էլ կար. կինս՝ Նոնան, արմատներով Շուշիից էր, ջարդի ժամանակ հարազատներ էր կորցրել։ Երեխաներս ազատագրված Արցախում վերագտան իրենց հիմքերը։ Իսկ հիմքը ամենակարեւորն է, առանց հիմքի ամեն ինչ կփլուզվի։ Վերջերս Արցախում էի։ Որպես տուրք կնոջս հիշատակին՝ այցելեցի նրա ծննդավայր Շուշի։

- Ինչպե՞ս էր ապրում արցախցին։

- Դժվարությամբ հայրենիք էր կառուցում, դժվարությամբ սահման էր պահում, բայց հուսավառ էր, տոկուն, կենսալի։

- Իսկ բանա՞կը, զինվո՞րը… Մեր ուժը սահմանին է…

- Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։ Հիշում եմ՝ սովետի տարիներին Շիրազը արագ-արագ մոտենում էր մարդկանց մեկ այս, մեկ այն խմբին ու ցածրաձայն մրթմրթում էր՝ բանակ չունենք, բանակ չունենք, բանակ չունենք։ Հիմա բանակ ունենք, պատերազմում հաղթած բանակ։ Այսինքն՝ հերոսությունը, քաջությունն ու անձնվիրումը իբրեւ չափանիշ ունեցող բանակ։ Ես առաջին անգամ ազգային բանակի զորամասերում շրջեցի սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Երբ տեսա մեր զինվորին, հասկացա, որ նա պիտի երգի <Ես իմ անուշ Հայաստանին>՝ իբրեւ իր հոգու երգ, իբրեւ երդում, իբրեւ սեփական ուժի գիտակցում։ Վերադարձա Երեւան, եւ մի քանի օր անց ծնվեց <Ես իմ անուշ Հայաստանի> քայլերգ-հիմներգը։

…93-ին, երբ մեր կոնսերվատորիայի ռեկտորն էի, մի շատ լավ ուսանողուհի ունեի՝ արցախցի Սարինա Ավթանդիլյանը։ Հիմա իր երգչախումբն ունի, ու հայ երգը տարածում է աշխարհով։ Գիտեք՝ այդ երիտասարդ աղջիկը ի՜նչ անմարդկային դժվարությունների միջով անցավ, պատերազմում կորցրեց ամուսնուն, մնաց մենակ փոքրիկ երեխայի հետ, բայց չնահանջեց, չհանձնվեց ու հիմա հիացնում է աշխարհին իր երգչախմբի կատարումներով։ Զրույցի սկզբում հարցրիք սկսնակ արվեստագետին խանգարելու ու հնարավոր դժվարությունների մասին։ Ես Սարինա Ավթանդիլյան տեսակին եմ հավատում։ Նա երկրի զավակ է։ Ես սահման պահող զինվորին եմ հավատում, մեր երեխաների ծիծաղը, մեր սրբությունները պաշտպանող զինվորին։ Ես հայրենիքի զինվոր տեսակին եմ հավատում ու միայն նրա առաջ եմ խոնարհում գլուխս՝ որպես ակնածանք ու պաշտամունք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուր՝ Magaghat.am