Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցի

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցին բազիլիկ եկեղեցի է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան, և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ:

Ս. Աստվածածին եկեղեցին ունի երկու փայտաշեն դռներ` եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին ներսից զարդարված է հինգ մեծ ու փոքր սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության դրվագները, Հիսուսը մանուկներին օրհնելիս և Ս. Աստվածածնի պատկերները: Խորանի հետևի պատը ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, ուր պատկերված են սերովբեներ և քերովբեներ հրեշտակներ, խաչեր, զարդանախշեր և այլն:

Եկեղեցու բակում` արևմտյան դռան աջ և ձախ կողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են Հայոց Մեծ եղեռնի անմահ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Ս. Վարդանանց նահատակներին: Ս. Աստվածածին եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են մինչև ԺԲ դար:

Եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել, միայն եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից կարող ենք ասել, որ վերակառուցվել է 1878թ., իսկ թե երբ է կառուցվել, հայտնի չէ. «Ես այս Ս. Սարգիս եկեղեցիս վերակառուցեցի…Գրիգոր Մելիք, 1878»: Այս արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ եկեղեցու անունը Ս. Սարգիս է եղել, որը ժամանակի ընթացքում վերանվանվել է Ս. Աստվածածին:

Եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը կառուցվել է Ե դարում: Ավանդության համաձայն` Վարդանանց պատերազմից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր, այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Ահա, Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց Ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմփեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր «բազմամբոխ ժողովրդով» տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը: Ցավոք հայտնի չէ, թե երբ է խոնարհվել այս եկեղեցին, որի տեղում էլ կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին:

Ս. Աստվածածին եկեղեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Նյութը պատրաստեց Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը

Աղբյուր՝ Վայոց Ձորի թեմ