Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Ինչ Աստված է ուզում, այն էլ ես եմ ուզում

Կար մի մարդ (նրա մասին կարելի է կարդալ սրբերի գրություններում), որը ութ տարի խնդրում էր Աստծուց իրեն ուղարկել որեւէ մեկին, որը ցույց կտար դեպի ճշմարտությունը տանող ճանապարհը։ Մի անգամ, երբ նրա մեջ արթնացել էր առավել մեծ ցանկություն՝ նման մարդ գտնելու, նա լսեց Աստծո ձայնը, որն իրեն ասաց. «Գնա եկեղեցու մոտ, այնտեղ կգտնես մի մարդու, որը ցույց կտա քեզ ճշմարտության ճանապարհը»։ Եվ նա գնաց ու տեսավ չքավոր մի մարդու, որի ոտքերը ծածկված էին վերքերով եւ ցեխով, իսկ ամբողջ հագուստն անգամ երեք գրոշ չարժեր։

Նա գլուխ տվեց այդ մարդուն եւ ասաց. «Թող Աստված քեզ բարի առավոտ տա», իսկ մարդն առարկեց՝ «ես երբեք վատ առավոտ չեմ ունենում»։ Նա ասաց. «Թող Աստված քեզ երջանկություն տա, ինչո՞ւ ես ինձ այդպես պատասխանում»։ Մարդն առարկեց՝ «ես երբեք դժբախտ չեմ եղել»։ Եվ նորից նա ասաց. «Հանուն քո երանության, ասա՝ ինչո՞ւ ես դու ինձ այդպես պատասխանում»։ Մարդն առարկեց՝ «ես երբեք չեմ եղել ոչ երանելի վիճակում»։

Եվ նա ասաց. «Թող Աստված քեզ փրկություն տա։ Բացատրիր քո խոսքերը, որովհետեւ ես չեմ կարողանում դրանք հասկանալ»։ Մարդն ասաց. «Լավ։ Դու ինձ ասացիր՝ թող Աստված քեզ բարի առավոտ տա, իսկ ես պատասխանեցի՝ ես երբեք վատ առավոտ չեմ ունեցել։ Երբ ես սոված եմ մնում, ես փառաբանում եմ Աստծուն, երբ վիշտ եմ տանում կամ խայտառակություն, ես փառաբանում եմ Աստծուն, եւ հենց այդ պատճառով է, որ ես վատ առավոտ չեմ ունենում։ Երբ դու ասացիր ինձ՝ թող Աստված քեզ երջանկություն տա, ես առարկեցի, որ երբեք դժբախտ չեմ եղել։ Քանզի ինչ էլ ինձ Աստված ուղարկի՝ ուրախություն, թե տառապանք, թթուն, թե քաղցրը, ես միշտ ընդունել եմ դա Աստծուց որպես լավագույնը։ Հենց այդ պատճառով էլ ես երբեք դժբախտ չեմ եղել։ Դու ասացիր՝ հանուն քո երանության, իսկ ես առարկեցի, որ ոչ երանելի չեմ եղել, որովհետեւ ամբողջությամբ հանձնել եմ ինձ Աստծո կամքին։ Ինչ Աստված է ուզում, այն էլ ես եմ ուզում, դրա համար էլ երբեք ոչ երանելի չեմ եղել, քանի որ ես միայն մի բան եմ ցանկացել` Աստծո կամքը»:

«Բայց, սիրելի մարդ, եթե Աստված քեզ ցանկանար դժոխք գցել, դու ի՞նչ կասեիր»: «Ի՞նձ, գցել դժո՞խքը: Կցանկանայի տեսնել, թե ինչպես պիտի Նա աներ նման բան: Բայց նույնիսկ այդ դեպքում, եթե անգամ Նա ինձ դժոխք գցեր, ես կունենամ երկու ձեռք, որոնցով Նրանից կբռնվեմ: Մեկը ճշմարիտ հեզությունն է, որով ես Նրանից կբռնվեի, իսկ իմ մյուս ձերքը սերն է, որով ես կփաթաթվեի Նրան»: Եվ նա ավելացրեց. «Ավելի լավ է` ես լինեմ դժոխքում Աստծո հետ, քան Երկնային Թագավորությունում` առանց Նրա»:

ՄԱՅՍԹԵՐ ԷՔՀԱՐԹ,

գերմանացի փիլիսոփա,

13-րդ դար

Աղբուր՝ Aravot.am