Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Թանահատի վանք

Թանահատի վանք, վաղ միջնադարյան եկեղեցական համալիր ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են 8-րդ դարից։ Կոչվել է նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է։

Թանահատ - բարձրաքանակ և վիմագրություն

Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպես Օրբելյանի, 735 թ.-ին Թանադե վանքում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել։ 1273-1279 թթ.-ին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Գմբեթի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով, հարավային լուսամուտից վերև Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ, մագիլներում՝ խոյ, վեղարի տակ՝ եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, հարավային պատին՝ արևի ժամացույցի վրա քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ, նրանցից ձախ՝ թռչունը ձագի հետ են։ Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է 13-րդ դարի, սրբատաշ բազալտից միանավ Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին (հավանաբար, որոշ ժամանակ այստեղ է պահվել Վարագավանքի հռչակավոր սուրբ Նշանը)։ Նրա արևմտյան մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված։ Թանադե վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են։

Թանադե վանքը 14-րդ դարում ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողամասեր, այգիներ, դրամ։ 1335 թ.-ին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել։ Թանադե վանքի շուրջը կան 13-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ 1971 թ.-ին Թանադե վանքի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հարավային կողմում՝ խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր (ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը)։ 1984 թ.-ին նորոգվել են սուրբ Ստեփանոս և սուրբ Նշան եկեղեցիները, և Թանադե վանքի տարածքը բարեկարգվել է։