Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Անտոնի Սուրոժսկի․ Տխուր է տեսնել աշխարհը` ճանապարհից շեղված, աստվածամերժ, կյանքի ու մահվան միջև տատանվող

Աղոթքը միաժամանակ Աստծո որոնումն է և հանդիպումը Նրա հետ, որը վերաճում է հաղորդակցության: Այսինքն, աղոթքը և՛ գործունեություն է, և՛ վիճակ, նաև որոշակի փոխհարաբերություն է Աստծո հետ և վերաբերմունք` արարածների նկատմամբ: Աղոթքը ծնվում է այն գիտակցությունից, որ աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, տարածությամբ և ժամանակով խիստ սահմանափակված երկչափանի «տափակ» մակերեսային աշխարհ չէ, որտեղ այն, ինչ մենք հանդիպում ենք, ընդամենը միաձև, միապաղաղ շերտ է, որի տակ դատարկություն է:

Աղոթքը սկսվում է այն պահից, երբ մենք բացահայտում ենք, որ աշխարհն ունի խորություն, ծավալ, որ մենք շրջապատված ենք ոչ միայն տեսանելիով, այլև ընկղմված ենք անտեսանելիի մեջ և ներթափանցված ենք նրանով: Եվ այդ անտեսանելին միաժամանակ Աստծո ներկայությունն է` բարձրագույն և վերջնակետային իրականություն, և խորքային էությունն է մարդու:

Տեսանելին և անտեսանելին չեն հակասում իրար, ոչ էլ պարզապես ծածկում իրար, այլ ներկա են միաժամանակ, փոխներթափանցվելով, ինչպես կրակը շիկացած երկաթի մեջ: Դա ժամանակի ներկայությունն է հավիտենության մեջ, ապագայի` ներկա վայրկյանի մեջ: Ապրել միայն տեսանելիով նշանակում է ապրել մակերեսորեն` չնկատելով ոչ միայն Աստծուն, այլ նաև արարված աշխարհի խորությունը: Այդպիսի մակերեսային կյանքը դատապարտում է մեզ տեսանելի աշխարհում նկատելու միայն այն արտաքինը, ինչի վրա սևեռվում է մեր հայացքը: Այսպես շարունակելով` մենք կբացահայտենք բովանդակության բացակայությունը: Սակայն, երբ մենք հասնում ենք այն կետին, որտեղից բխում է կյանքը, մենք բացահայտում ենք, որ նրա աղբյուրն ավելի խոր է:

Մարդու սրտում կա խորություն, որը բացվում է դեպի անտեսանելին, դեպի անսահմանություն` արարչական աստվածային Խոսքը, դեպի Ինքն Աստված: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Գտի՛ր քո սրտի դռները և կտեսնես, որ սա դուռն է դեպի Աստծո Արքայություն»: Բացահայտելով այդ խորությունը` մարդն այդպիսով գտնում է Աստծուն` Նրան, Ում կարելի է կոչել «անտեսանելի Մերձավոր». Նա է Հոգին, Որդին և Հայրը: Այս եզրի վրա է հաստատվում աղոթական հարաբերությունը: Հետևաբար աղոթքը հարաբերություն է, որը տեղի է ունենում մարդու` տեսանելիի և նրա հիմքում գտնվող անտեսանելիի` մի ամբողջ խորքային աշխարհի միջև, որն ընդգրկում է ամբողջ եղածը: Այդ իսկ պատճառով ասվեց, որ աղոթքը որոնումն է` զննումը այն անտեսանելի ոլորտի` մեր ներքին աշխարհի խորության, որը հայտնի է միայն Աստծուն, Որը միայն կարող է այն մեզ բացել: Եվ աղոթքի միջոցով, սկզբից շոշափելով, մենք փնտրում և բացահայտում ենք մարդուն և Աստծուն իրենց փոխկապվածության մեջ:

Աղոթքի մեջ մեր առաջին քայլերը լի են հիացմունքով, երկյուղածությամբ նաև եղերական զգացումներով: Հիացմունքով, որովհետև բացահայտում ենք ինքներս մեզ և ճանաչում Աստծուն, մեր աչքերի առջև մինչ աստվածային անսահմանություն տարածվող գեղեցիկ աշխարհի տեսարանի հիացմունքով: Երկյուղածությամբ, որովհետև հայտնվում ենք Աստծո սրբության և գեղեցկության ներկայության մեջ: Բայց նաև եղերական զգացումը կա` մեր սեփական և ընդհանուր:

Եղերական, ողբերգական է մեր կուրությունը, ողբերգական է մեր անկարողությունը ապրելու անսայթաք` ըստ մեր կոչման բարձրության, մշտապես զգալ սեփական սահմանափակվածությանը գերի լինելը: Տխուր է տեսնել աշխարհը` ճանապարհից շեղված, աստվածամերժ, կյանքի ու մահվան միջև տատանվող և անընդունակ մեկընդմիշտ ընտրելու կյանքը և փախչելու մահվանից: Բերկրալի հիացմունքը և եղերական այս զգացումը` ահա աղոթքի երկու աղբյուրներ: Այս երկուսն էլ ծնվում են մեր հանդիպումից աշխարհի խորությունների հետ, որոնք դարձել են թափանցիկ, մինչև վերջ թափանցելի: Առանց այդ հանդիպման առարկայական այս աշխարհը` փոթորկված տարերային ուժերի աշխարհը, անհասկանալի և հաճախ աղավաղված աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, կարող է ծնել մեր ներսում վախ, տարակուսանք և սարսափ:

Ռուսերենից թարգմանեց Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am