Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Ընդդեմ հիշողության կորստի. Դու ճանաչո՞ւմ ես ինձ

«Վատիկանի կարդինալն այնպես է Դանիել Վարուժան մեկնում, մարմինս փշաքաղվում է»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում մի հայուհի Նարինե:

«Ես ձեզանից մեկն եմ»,- ասաց Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին այսօր Երևանում:

Ես որերորդ անգամ վերալսել եմ նրա ասուլիսը ու մտածում եմ, մտածում եմ արդեն բավական երկար ու ցավոտ:Ցավոտ, որովհետև Ռավազիի անկեղծ խոսքը միայն անկեղծ ինքնախոստովանություն պիտի բերի մեզ: Այսօր կարդինալն էլ ինքնախոստովանություն արեց. «Պատմական հիշողությունը մեզ մոտ վերացել է, հաճախ մոռացված ժողովրդի, ազգի ենք նմանվում»:

Վարուժանը մերն է, բայց ահա եկել է Վատիկանի կարդինալն ու պատմում է մեզ մեր Վարուժանի մասին.
Հողի, որ հայրենիքն է մեր,
Բերքի, որ մենք ենք,
Մեր արմատների մասին, որ ինքնության ու գոյատևման աղբյուրն են ու ուժը,
Աստվածային հովերի մասին, որ հասունացնում են բերքը ու բերում ոսկե ծփանքը` խաղաղությունը…:

Ո՞վ պիտի պատմեր Վարուժանի մասին` մենք Ռավազիին, թե Ռավազին մեզ: Հիմա ով լսել է Ռավազիի խոսքը, օրորվող ցորենի արտի պես բառերի սրսուռը սրտում մտածում է այն հովերի մասին, որ իր խոսքով բերեց նա:

«Շատ հաճախ մենք կորցրել ենք մեր ամբողջ անցյալը»,- ասում է նա արևմտյան մշակույթի մասին:

Մշակույթ, դեպի որը վերջերս անընդհատ նախանձախնդրությամբ, թե նախանձով ձգվո՞ւմ, թե՞ ձգտում ենք մենք: Նախախնամություն է գուցե. անհաս ու ցանկալի Եվրոպայից գա մեկն ու ցույց տա մեզ մեր իրական տեղը, գա իր հիացմունքը հայտնելու բաների մասին, որ մենք, անկեղծ լինենք, միշտ չէ, որ նույնքան հիացմունքով ենք հիշում, ինչն այդքան հիմնարար չի թվում մեզ, որ հենվենք, ու այնքան ամուր չենք կարծում, որից հրվենք նոր թռիչքների…

«Ինքներդ ձեզ վերահաստատեք, որպեսզի չլինեք անհատներ, որոնք հայրենիք չունեն, որոնք չունեն արժեքներ, որոնք հույս չունեն»,- զգուշացնում, թե սիրով հորդորում է Ռավազին ու օրհնում մեզ մեր Լուսավորիչով ու մեր Նարեկացիով:

Այսօր եկել էր Վատիկանի կարդինալն ու պատմում էր, որ մեզ ճանաչում է որպես առաջին քրիստոնեական երկիր, պատմում էր գոռացող քարերի` խաչքարերի մասին, մեր հոգևոր ամրության մասին, այն մեծության մասին, որով կարողացել ենք անցնել դարերի միջով:

«Արժևորելը ձեր այս հորը ոչ միայն հավատի, այլև մշակութային հարց է , որովհետև դա ինքնության հարց է». սա Գրիգոր Լուսավորիչի մասին է:

Եկել էր պատմելու, որ ճանաչում է հարուստ հայ գրականությունը և որպես դրա սկիզբ` Աստվածաշնչի թարգմանությունը:

Ճանաչեք զիմաստություն ու զխրատ…

Եկավ այսօր իտալացի կարդինալը մեր աչքին մեզ արժևորելու: Ու քանի չենք վերադարձրել` Ակն ընդ ական,... ու ընդդեմ հիշողության կորստի` ճանաչենք խոնարհաբար ու շնորհակալությամբ ընդունենք մեր այն մասը, որ մեզ վերադարձրեց կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:

Հեղինակ` Ա. Ոսկանյան
Աղբյուր` Panorama.am, 2014թ․։