Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Ինչպե՞ս սիրել մերձավորին

Այս հարցը բազմաթիվ մարդկանց է տանջում, այդ թվում՝ և ինձ: Նախքան այդ հարցին պատասխանելը, պետք է հասկանալ՝ ո՞վ է նա, մեր մերձավորը: Ավետարանում Տերը բացատրում է, որ մերձավորը մեր օգնության կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդ է: Եթե նույնիսկ բոլորովին օտար է մեզ, այլ ազգության է պատկանում, այլ կրոնի հետևորդ է: Այդ մարդը կարող է արտաքնապես տհաճ լինել, կարող ենք բացարձակապես չհամակրել նրան, սակայն յուրաքանչյուր ոք, որ մեր օգնության կարիքն ունի, մեր մերձավորն է: Տերը պատվիրեց մեզ հենց նրա՛ն սիրել:

Ավետարանում մեկ այլ պատվիրան էլ կա՝ թշնամիներին սիրելու մասին: Իմաստուն մարդիկ ասում են, որ խոսքն այստեղ Հայրենիքի թշնամիների մասին չէ, այլ՝ անձնական: Սակայն եթե պետք է թշնամիներին սիրել, ապա երևի ավելի հե՞շտ է մերձավորներին սիրել: Սակայն իրականում նույնիսկ դա ենք մեծ դժվարությամբ անում: Էլ ի՞նչ ասես թշնամիներին սիրելու մասին. դա բոլորովին անհնարին է թվում մեզ:

Բայց եթե Տերը մեզ նման պատվիրաններ տվեց, նշանակում է, Նա սիրելու ունակություն է դրել մեր մեջ: Եվ, հավանաբար, չենք կարողանում սիրել ոչ այն պատճառով, որ դա մեր ուժերից վեր է, այլ որովհետև ապականված ենք մեղքով և չափից ավելի ենք սիրում ինքներս մեզ: Մերձավորին սիրելու համար պետք է ինչ-որ բան անել: Սակայն նախքան որևէ բան անելը, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ չունենք այն սերը, որը պետք է մեր մեջ լինի:

Աստված սերը դրել է մեր էության մեջ: Սակայն ամուսինն ինչո՞ւ չի սիրում իր կնոջը, իսկ ծնողներն՝ իրենց զավակներին: Ինչո՞ւ զավակները չեն սիրում իրենց ծնողներին: Ինչո՞ւ են անհավատարմություններ, դավաճանություններ լինում: Բնական սերն ինչո՞ւ է անբնական մարդու համար: Եթե մենք դժվարանում ենք նույնիսկ մեր ընտանիքը սիրել, ապա ի՞նչ խոսք կարող է լինել այլոց սիրելու մասին, որոնք տարբեր են մեզանից՝ անտուններին, որոնց քամահրանքով «բոմժեր» ենք ասում, գասթարբայթերներին, ներգաղթյալներին:

Մարդու էության մեջ սեր է դրված, նա Աստծու կողմից արարված է սեր լինելու համար: Իսկ իմ մեջ այդ սերը, չգիտես ինչու, չկա: Կարելի է ասել, որ մեղքից աղճատված մարդկային էությունը կորցրել է այդ ունակությունը: Դա իսկապես այդպես է: Մարդն Աստծու պատկերով է արարվել: Աստված իր էության մեջ Սեր է: Եվ մարդն Աստծու կողմից արարվել է Նրա պատկերով և նմանությամբ, նրա մեջ դրված է սիրելու ունակությունը: Դա նույնպես մարդու էությունն է: Ինչպես աստվածային էությունն է սեր, այնպես էլ մարդկային էությունն է սեր:

Ուստի, տարօրինակն այն չէ, որ պետք է մերձավորներին սիրել, այլ այն, որ չենք սիրում նրանց: Ինչո՞ւ է այդպես պատահում: Որովհետև մեղքով աղճատված մեր

բնության մեջ սերը դարձել է ինքնասիրություն: Մենք մեզ վրա ենք կենտրոնացած, այդ պատճառով էլ ընդունակ չենք սիրելու:

Ինչո՞ւ ենք կարծում, որ մերձավորին սիրելը դժվար է: Որովհետև մենք մեղավոր ենք և մեր մեջ մեղքն է գործում: Որովհետև ոտնահարել ենք մկրտության ժամանակ ստացած շնորհները և չենք կարողանում այդ սերը մեր մեջ ջերմացնել: Մենք չենք ապրում այնպես, ինչպես պետք է ապրեինք, այլ այնպես, ինչպես բոլորն են ապրում:

Քրիստոնյաները ներգրավվել են 21-րդ դարի կյանքի մի մեխանիզմի մեջ, որում տեղ չկա սիրո համար: Մեր կյանքում կարիերա, փողեր, հաճույքներ կան, կան ինչ-որ պայմանագրային հարաբերություններ, քաղաքականություն, արվեստ, կա հոգեբանություն (երբ դժվար է, կարելի է հոգեբանի այցելել), դեղորայք կա, որպեսզի երկար ապրես, կան զվարճություններ, իսկ ա՛յ սիրո համար ասես տեղ չկա: Սերը մեզ մոտ երկրորդ պլանում է, երրորդ, չորրորդ, տասներորդ: Եվ Աստված էլ այդ մեխանիզմում չկա:

Եվ այդ պատճառով պետք է դուրս գալ այս աշխարհից, որպեսզի սովորել մերձավորին սիրել: Տերը հենց սա՛ է կոչ անում. դուրս գալ այն ընթացքից, որը ցած է հոսում, և ի վերջո, կարող է մեզ դժոխքի խորխորատները տանել: Կոչ է անում դուրս գալ այն ռելսերից, որոնցով մարդիկ են տեղաշարժվում, որ ավելի շատ տրամվայների են նման, քան մարդկանց:

Մերձավորին սիրելու համար, նախ և առաջ, պետք է առաջին պատվիրանը պահել: Պետք է Աստծուն սիրել ողջ սրտով, ողջ հոգով, բոլոր մտքերով ու զգացմունքներով: Առանց դրա անկարելի է սովորել սիրել մերձավորին, անկարելի է ուղղել մեղքից ապականված բնությունը, անկարելի է փոխակերպվել, անկարելի է լիակատար չափով ընդունել Տիրոջ պարգևները:

Մեր մեջ հավիտենական կյանքի, երկնային ուրախության փոքր սերմն է ցանված, սակայն այն չի ծլարձակում, չի աճում: Բայց չէ՞ որ այդ սերմը կարող է ծառ դառնալ, որում կպատսպարվեն երկնային թռչունները: Սակայն մենք խոչընդոտում ենք դրան մեր կյանքով:

Անհրաժեշտ է վերհիշել Աստծու մասին և միշտ հիշել Նրան: Անհրաժեշտ է փնտրել Աստծուն, Քրիստոսի հետ միավորում փնտրել: Հարատև ու ջերմեռանդ աղոթքով, կանոնների ընթերցանությամբ, սակայն չսահմանափակվել կանոններով: Փնտրել Նրան Եկեղեցու Խորհուրդներին մասնակցելով, մեղքերի համար զջալով, Սուրբ Հաղորդություն ստանալով: Առանց այս ամենի անհնար է սովորել սիրել Աստծուն և սիրել մերձավորին: Ավետարանը պետք է ոչ թե որպես հասարակ գիրք ընթերցել, այլ կարդալ հավատով, որ այդ խոսքերի միջոցով Տերը կարող է Իր կամքը բացահայտել մեզ, յուրաքանչյուրին հուշել, թե ինչ պետք է անել: Ահա թե ինչ է անհրաժեշտ անել,

որպեսզի սովորել սիրել: Որովհետև սերն ուրախություն է: Մենք զուր ենք ապրում, եթե այդ ուրախությունը չենք սովորել:

Չէ՞ որ մերձավորի հանդեպ սիրո պատվիրանը կարելի է միայն երկրի վրա իրականացնել: Այնտեղ այլևս կարիք չի լինելու լարվելու, ջանք թափելու, որպեսզի սիրես նրան, ով հաճելի չէ քեզ: Դա միայն երկրի վրա կարելի է անել: Միայն այստեղ կարող ենք ինչ-որ բան վերցնել մեզնից և ուրիշին տալ՝ նրա հանդեպ մեր սերն արտահայտելով: Երկնային Արքայության մեջ բոլորն ամեն ինչ բավարար չափով կունենան: Այնտեղ անհրաժեշտ չի լինի հիվանդներին խնամել, անտունների մասին հոգ տանել, փողերիդ մի մասը որևէ այրու տալ, Տերն այնտեղ ամեն ինչ կլրացնի:

Մերձավորին միայն այստեղ՝ երկրի վրա կարելի է սիրել: Եթե մենք դա չենք անում, նշանակում է չենք էլ ապրում, որովհետև չենք իրագործում այն նպատակը, որն Աստված դրել է մեր առջև, նշանակում է՝ շեղվել ենք ճշմարիտ ուղուց: Կարծում եմ, այս ամենի մասին մտածելով՝ կարելի է սովորել սիրել:

Եպիսկոպոս Պանտելեյմոն (Շատով)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբուր՝ Surbzoravor.am