Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Իսահակ Նինվեցի․ Մի՛ ատիր մեղավորին․․․

Մի՛ ատիր մեղավորին: Քանզի բոլորս ծանրաբեռնված ենք մեղքով: Եթե Աստծու սիրո պատճառով ստիպված ես ընդդիմանալու նրան, արտասվի՛ր նրա համար: Ինչո՞ւ ես ատում նրան: Ատի՛ր նրա մեղքերը եւ աղոթի՛ր նրա համար, որպեսզի ընդօրինակես Քրիստոսին, Որը ո՛չ թե զայրացավ մեղավորների վրա, այլ աղոթեց նրանց համար: Չե՞ս տեսնում արդյոք, թե Նա ինչպես արտասվեց Երուսաղեմի համար: Մենք բազմառիթ կերպով ծաղր ու ծանակի ենք ենթարկվում սատանայի կողմից, արդ ինչո՞ւ ատենք այն մարդուն, որ ծաղրվում է նրա կողմից, ով մեզ բոլորիս է ծաղրում: Ո՛վ մարդ արարած, ինչո՞ւ ես ատում մեղավորին: Գուցե այն պատճառով, որ նա քեզ պես առաքինի չէ՞: Սակայն ո՞ւր է քո առաքինությունը, երբ սեր չունես քո մեջ: Ինչո՞ւ չես արտասվում նրա համար: Այլ հալածում ես նրան: Անգիտակցորեն ոմանք լցվում են ցասումով՝ իրենք իրենց մեղավորների գործերը քննողներ համարելով: