Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Եսայի քհն. Արթենյան. Ինքնաճանաչումը՝ սիրո ու վստահության հիմք

Հնարավո՞ր է սիրել՝ առանց վստահելու: Առաջին հայացքից թվում է, որ՝ ոչ, սակայն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ համոզվում ենք, որ հնարավոր է սիրել, բայց՝ չվստահել:
Աստված սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք, բայց միշտ չէ, որ կարող է մեզ վստահել: Ի՞նչ ենք մենք անում Աստծո վստահությանն արժանանալու համար. մենք խնդրում ենք, որ Աստված ների մեզ, իսկ հաջորդ պահին կրկին նույն մեղն ենք գործում: Այս դեպքում դժվար է խոսել վստահության մասին:

Մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում էլ առկա է նույն խնդիրը: Լինում է այնպես, որ դիմացինին սիրում ես, սակայն վստահել չես կարող: Դա կարող է լինել զավակդ, եղբայրդ, բարեկամդ կամ՝ ընկերդ: Հստակ է, որ իրական սերը ենթադրում է ընդունել մարդուն ոչ միայն իր դրական հատկանիշներով, այլև՝ թերություններով, ինչպես Քրիստոս մեզ ընդունեց:

Հատկանշական է նաև մարդու՝ ինքն իր հանդեպ ունեցած վստահության հարցը: Միշտ չէ, որ ինքներս մեզ վստահում ենք, բայց սիրում ենք գրեթե միշտ:
Մարդուն հատուկ է սիրո ու վստահության մասին տեսական մոտեցումներ մշակելը, սակայն միշտ չէ, որ այդ տեսական գիտելիքները գործնականում կիրառելի են: Օրինակ՝ մենք ունենք ճշմարտության ու առաքինության մասին տեսական գիտելիքներ, բայց այդ նույն գիտելիքները հաճախ գործնականում չենք կարողանում օգտագործել:

Հայտնի փաստ է, որ բոլոր ժամանակներում մարդը փնտրել է «ի՞նչ է ճշմարտությունը» հարցի պատասխանը: Հաճախ ճշմարտության փնտրտուքի ճանապարհին կուտակում ենք գիտելիքներ և փորձ, բայց չենք անում ամենակարևորը՝ ինչպես սիրո մեջ կարող է անվստահություն լինել, այնպես էլ մեր բացահայտած ճշմարտության մեջ կարող է և պետք է կասկած լինի: Ճշմարտության բացահայտման ընթացքում երբեմն պետք է կասկածել. արդյո՞ք ճիշտ ուղու վրա ենք: Միշտ չէ, որ մեր զգայարանները ամբողջական և ճիշտ ինֆորմացիա են փոխանցում մեզ: Սիրո և վստահության բացահայտումը ինչպես ճանաչողական, այնպես էլ գործնական ընթացք է: Եթե չենք ճանաչում, չենք կարող սիրել և վստահել:

Հոգևոր կյանքում կարևոր է կասկածը, հիասթափությունը սեփական անձի նկատմամբ, սեփական անզորության և տկարության գիտակցումը: Գիտենք, որ աշխարհը ստեղծվել է քաոսից: Որպեսզի մեր մեջ ծնվի նոր մարդ, մեզ քաոս է անհրաժեշտ: Այդ քաոսը մեր բոլոր հիասթափություններն են, կասկածները, մեր տկարությունները:
Սիրել սեփական անձը նշանակում է ճանաչել այն: Այս տեսանկյունից կարևոր է տեսնել ու հասկանալ սեփական կարիքները, ցանկությունները, կարողությունները, տկարությունները և դասակարգել դրանք ըստ առաջնահերթության: Սնվելու, քնելու, ինքնաարտահայտման և մարմնական այլ ցանկությունները վատ երևույթներ չեն, դրանք բնական են: Վատ է, երբ մարդը չի կարողանում դասակարգել դրանք ըստ կարևորության:

Քրիստոնեության մեջ ինքնաճանաչման գործընթացը հիմնված է ներկայի վրա: Այստեղ չի կարևորվում մարդու անցյալը, կարևոր է՝ ինչպիսին է մարդն այսօր, ինչ ձգտումներ ու ցանկություններ ունի այս պահին: Դժվար չէ այլ մարդկանց հետ ծանոթանալը, նրանց ճանաչելը, դժվար է սեփական անձի հետ ծանոթանալը:
Նախանձն ու չարությունը չեն, որ քանդում են մեր աշխարհը: Դրանք միշտ էլ եղել են: Մեր աշխարհը քանդում է այն փաստը, որ մենք մեզ չենք ճանաչում:
Սերը և վստահությունն այն արժեքներն են, որոնց մասին ոչ թե պետք է խոսել, այլ դրանցով ապրել: Սեփական անձի ճանաչումով միայն հնարավոր է, որ այդ արժենքերը դառնան մերը:

Աղբուր՝ Holytrinity.am