Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Մատյան Ողբերգության։ Կարդում է Սոս Սարգսյանը (Բան ՀԱ)

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Ա
Հույժ երջանիկ է ու փառավորված կարգը
սրբերի,
Որոնցից ոմանք թեպետ երբեմն փոքր-ինչ
գայթեցին,
Բայց հաստատվեցին ավելի հաճախ,
Քիչ սասանվեցին,
Բայց հոգու պայծառ շողերի վառմամբ
Մաքրված՝ դարձյալ լուսավորվեցին.
Մեկն հաստատում է նրանց զանգվածի
Տկարությունը հասարակաստեղծ,
Մյուսը, սակայն, բնության օրենքն իսկ գերազանցող
Վարքն առաքինի, հրեշտակային։
Եվ ահա սրանք, որոնք օրհնված են
Հենց Քրիստոսի հոր ամենակալ
Ու աստվածային բերանից, ընտրյալ,
Տոնելի, խնկյալ ու բարեբանյալ,
Այլ նաև պաշտյալ՝ որպես անդամներ տեր Քրիստոսի,
Հարդարյալ՝ իբրև ապաստարաններ սուրբ Հոգու
համար,—
Չունեն իրենց մեջ խավարի նշմար կամ որևէ հետք,
Այլ ամբողջովին անկեղծություն են,
Արդարություն են վեհ ու լուսաշող
Եվ, որքան Աստծո մարդը կարող է, նման են
Աստծուն։
Պարզերես են ու ճակատները բաց,
Վարքով անբասիր, բարձր ու անխոտոր,
Կյանքով անթերի, ազնիվ ու զգաստ,
Բարեպաշտությամբ ամուր, աներեր,
Ընթացքով արի ու անկասելի,
Հավատամքով միշտ միատարր, անշեղ,
Համարձակությամբ հաղթ ու անկոտրում,
Հայացքով հստակ, անշփոթ, պայծառ,
Առաքինությամբ վերնային, անկոխ,
Պատկերով մաքուր, անբիծ, անաղարտ։
Աստված հենց ինքն իր վարդապետությամբ մեզ
լուսավորեց,
Որ նրանց անվամբ ու հիշատակով՝
Իր հաճությունը, խռովության մեջ, կարող ենք
հայցել։
Բ
Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու,
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս գայթակղվում եմ
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած՝ իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին։
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ՝ և չեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ՝ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս։
Վիրավորվում եմ՝ նախկին վերքերս դեո
չդարմանած.
Դեռ չհաշտեցրած՝ խռովում նորից.
Անիրավորեն դատի եմ դիմում՝
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ,
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն,
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ՝ և չեմ հասնում վերջին։
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ.
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝
քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում։
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ։
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ
անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դառնում երբեք։
Մարած չարիքն եմ արծարծում նորից.
Հազիվ մի փոքր սիրտ առած՝ դարձյալ լքվում եմ
անհույս
Լարվում եմ, սակայն հենց տեղն ու տեղը թուլանում
կրկին։
Այս կարկատում եմ, այն պատառոտում,
Եղինջը քաղում, տնկում եմ տատասկ։
Հազիվ բարձրացած՝ ցած եմ գլորվում,
Մտնում եմ բույնը որպես աղավնի,
Բայց դուրս եմ ելնում այնտեղից ագռավ.
Գալիս եմ ճերմակ, վերադառնում եմ լրիվ սևացած։
Քեզ դավանող եմ համարում ինքս ինձ,
Սակայն նվիրվում եմ սպանողին.
Հազիվ հանդիպած՝ թիկունք եմ դարձնում։
Մաքրվում եմ և մրոտվում դարձյալ,
Լվացվում եմ և իսկույն զազրոտում։
Դավթի կերպարանք առած՝ անում եմ գործը Սավուղի.
Շրթունքներովս ճշմարտում եմ, բայց սրտովս՝ ստում։
Աջով տնտեսում, ցրում եմ ձախով,
Ցորեն ցանելիս, որոմ եմ խառնում։
Իջած բարձրագույն իմաստությունից՝
Դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքուստ՝
դիվանում.
Ոտքով հաստատվում, բայց տատանվում եմ շարունակ
մտքով.
Սուտ ձևանում եմ, իրոք խոտորվում.
Կեղծում եմ արդար, սակայն գործում եմ
ամբարշտություն.
Դասվում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքավում եմ միշտ դևերի հետ։
Մարդկանցից գովվում, բայց պարսավվում եմ
տեսնողիդ կողմից.
Հողածիններից «երանի՜», սակայն
Լուսորդիներից լսում եմ «ավա՜ղ».
Հաճոյանում եմ հետին ռամկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագավորիդ.
Դատավորի սուրբ ատյանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանջին.
Վեհերից մերժված՝ խաժամուժների մեջ եմ սողոսկում։
Պճնազարդվում եմ մարմնով արտաքուստ,
Բայց իրականում ճայի գույն ունեմ.
Մոտենում եմ, որ դաշինք հաստատեմ,
Բայց ուխտակորույս վռնդվում եմ դուրս.
Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես, վաղը՝ խելագար.
Թողած տերունի պատվիրանները՝
Հետևում եմ միշտ օձի սադրանքին։
Արիանում եմ կտրիճի նման,
Բայց վախկոտի պես ետ եմ ընկրկում.
Կրում եմ օրվա ծանրությունները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռվից խոսում եմ ճոռոմ ու մեծ-մեծ,
Սակայն պապանձվում ու կարկամում եմ
պատասխան տալիս.
Արևածագին հարուստ եմ թվում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում
ձեռնունայն։
Ծերակույտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելահեղներին։
Ննջում եմ ահ ու տարակուսանքով,
Արհավիրքներով զարհուրած՝ զարթնում։
Անդաստանները սրտիս հերկում եմ վատշվերաբար։
Փութաջան եմ միշտ չարիքների մեջ
Անառակ որդիս, տարագիրս անդարձ,
Մոլորս անզղջում, տրտումս անսփոփ, ինքնակամ
գերիս,
Ապականության ու մահվան ծառաս,
Տանջվածս անողոք, մատնվածս անփրկում,
Հատվածս անպատվաստ, շիջածս անարծարծ,
Ջարդվածս անամոք, կործանվածս անբույժ։
Եվ եթե պետք է ասել ավելի խիստ
նախատինքներ,
Կգրեմ այստեղ, կգրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրեն անձիս,
Որ խռիվների կույտ է գեհենում այրվելու համար։
Նախանձ ծնունդ եմ, նախկին հողածին Կայենի
նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի,
Եվ որպես նշան ամբաստանության,
Կրում եմ իմ մեջ, աշխարհում, ոչ թե շնչառությունս,
Այլ նախատինքիս խոսքերը միայն։

Գ
Արդ, ո՞ւր կարող եմ գտնել փրկություն,
Երբ սկզբնահայրն հավատի անվերջ,
Հուսահատության այս անձուկ վայրում,
Իմ անգթության չարիքներն է միշտ հիշել տալիս ինձ.
Մարգարեների մեծն է անխնա
Կոշկոճում սաստիկ խոսքի քարերով,
Արին բարեփառ՝ նիզակ ու տեգով խոցամահ անում.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման,
Վեհն աստվածարյալ՝ հարագողների վրեժին մատնում.
Կանխատեսողն է մարգարեածին՝
Ամաղակեցու նման սպանում արարչի առաջ,
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն
Աստծո.
Հնի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր հանձնում է քամուն,
Առաքյալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պես,
Հոգեքննիչի քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ են իմ հանդեպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինված վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողագնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտած ինձ անլուր լլկանք ու
տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքերիս առաջ
Նաև ապագան առավել դժխեմ։
Արդ, կորցրած այսպես վստահությունն ու
անդորրը կյանքիս,
Ալեկոծվում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկահույզ ու հավերժ մրրկածուփ մի ծովի նման։
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար,
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի
մեջ,
Ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս։

Դ
Սակայն դու ինքդ, ո՜վ օրհնաբանված անմահ
թագավոր,
Բարի, երկնավոր, մարդասեր Քրիստոս,
Կենսաձիր Աստծո միածին որդի,
Հզոր, անքնին, անպատում, անճառ, քավիչ, ահավոր,
Սաստի՛ր ամեհի ձմեռնաբուքն այս մրրկահույզ
հոգուս,
Դադարեցրո՛ւ ալեկոծ սրտիս
Ծարավումների տենդը մոլեկան,
Սանձ ու կապերով, երասաններով բռնած ամրապինդ՝
Նվաճի՛ր, զսպի՛ր վայրագությունը ցնդած մտքերիս։
Թող հրամանով մեծիդ խաղաղվի
Ամենավարան բուքն այս խելահեղ.
Ջնջի՛ր, խափանի՛ր ամոթի խորհուրդ ու գաղտնիքների
Ուրվականները բազմակերպարան՝
Հորդաներն անսանձ այդ երկրակենցաղ ավազակների։
Համարի՛ր աղոթք մի մշտամատույց
Թախծանվագ իմ ողբամատյանի
Նորընծա տողերն այս ողորմաղերս.
Հա՛ն անդնդախոր վիհերից մահվան
Եվ չքնաղ կյանքո՛վ օժտիր փրկված այն մարգարեի
պես.
Ընդունի՛ր սիրով խոստովանությունն իմ այս
ինքնադատ
Եվ տո՛ւր սփոփանք դառը վշտերով
Ուժգին հեծեծող հուսահատվածիս։
Եվ քեզ, սուրբ Հոգով, բարձրյալ հորդ հետ,
Իշխանությո՜ւն, փա՜ռք հավիտյանս, ամեն։