Այսպէս է ասում Տէրը. «...քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Հովհաննեսի 12:35-36)

Հովհան Մանդակունի․ Սիրո մասին

Իսկ ճշմարտապես սիրելն այս է, երբ սիրում ենք ոչ թե [մեզ արված] երախտիքի համար, ոչ թե ըստ ընտանեկան սովորության, ոչ թե նրա գեղեցիկ դեմքի, ոչ թե գութի համար և ոչ էլ, որովհետև նա սիրում է մեզ։ Այլ միայն Աստծու պատվիրանի համար պիտի սիրես բոլորին և բոլորի հետ խաղաղություն պիտի ունենաս, բայց ունեցվածքիցդ պիտի բաշխես միայն կարիք ունեցողին, իբրև սեփական վշտացած անդամի` պիտի հոգաս աղքատի մասին, քանի որ բոլորս միմյանց անդամներ ենք, և հարկ է, որ ինչպես Պողոսն է ասում. «Մեկ վշտացած անդամի համար վշտանան մյուս բոլոր անդամները» [տե՛ս Ա Կոր. ԺԲ 26], և անձդ չարչարանքների պիտի տաս ընկերոջ սիրո համար, ինչպես որ Քրիստոս Իր անձը չարչարանքների տվեց մեզ համար։ Քանզի եթե Նա, որ Աստված էր, մեզ և մեր թշնամիների համար իջավ այսչափ անարգության, ի՞նչ պատասխան պիտի ունենանք տալու, եթե չսիրենք միմյանց ըստ [Նրա կողմից] մեզ տրված պատվիրանի` սիրել [մեր] թշնամիներին, օրհնել մեզ հալածողներին, բարիք անել նրանց, ովքեր ատում են մեզ, և աղոթել մեզ հալածողների համար (տե՛ս Մատթ. Ե 44-45)։ Քանզի սիրո փոխարեն սեր հատուցում են նաև մաքսավորները. բայց այն է պատվիրանի համար, որ սիրեն թշնամիներին, ըստ կարողության` օգնեն բոլորին, մխիթարեն կարոտյալներին, սփոփեն տրտմածներին, զրկվածին հատուցելու մասին խոսեն, օգնեն անօգնականին, սպասավոր են հիվանդացածին, մոլորվածին [ճշմարիտ] գիտության դարձնեն, շտկեն եղբոր թերությունները, ինչքերն ու կարողությունը ծառայեցնեն բոլորին, եթե հավատացյալների համար ամեն բան ընդհանուր է։