Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Աստված՝ հարցականի տակ

Կուզեի ձեզ հետ քննարկել մի հարց, թե ինչպես ենք հարցականի տակ դնում Աստծուն, երկու տեսակետից. մի կողմից` նայել, թե ինչպես է Աստված ինքը հարցականի տակ դնում Իր այն կերպարը, որը ստեղծում ենք մենք, և մյուս կողմից` այն, թե ինչպես ենք մենք հարցականի տակ դնում հենց Իրեն, ոչ թե ըստ կերպարի, այլ Անձի կատեգորիաների։ Կուզեի սկսել կերպարի խնդրից և ներկայացնել այն, այսպես ասած, չորս արտահայտություններով` հավատ, կասկած, ճշմարտություն և իրողություն։

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Ժամանակակից աշխարհը, ժամանակակից կյանքը շատ խստորեն են հարցականի տակ դնում հավատը։

Արևմտյան աշխարհի խնդիրներից մեկն այն է, որ մարդը ծնվում է կամ չեզոք, կամ դեռ քրիստոնեական հասարակությունում։ Հավատի մտավոր կամ հուզական բովանդակությունը մեզ տրվում է հենց սկզբից, երբ մենք դեռ ընդունակ ենք ամեն ինչ ընկալելու և դեռ անընդունակ ենք օգտագործելու սեփական քննադատական միտքը, կասկածի, հարցականի տակ դնելու և կատարելու ընտրությունը։ Դրա հետևանքով հավատը պահպանվում է, քանի դեռ նա պարզ վստահության ակտ է` երեխայի կամ մարդկանց մոտ, որոնք հակում չունեն որևէ բան դնելու հարցականի տակ։ Մանկության հասակում հավատի այդ ակտն ուղղված է առ Աստված ծնողների կամ դաստիարակների, կամ ամբողջ միջավայրի միջոցով, դա պարզ վստահության ակտ է, որի արդյունքում մարդը դառնում է ընդհանուր սեփականության ժառանգորդ։ Սակայն այն դաստիարակությունը, որը մենք տալիս ենք երիտասարդությանը, շատ է զիջում նրանց ստացած կրթությանը։ Եվ անխուսափելիորեն վրա է հասնում պահը, երբ մարդու ներսում բախվում են երեխան իր մանկական հավատով և հասուն մարդն իր փորձառությամբ ու աշխարհիկ կրթությամբ։ Սկսվում է երկխոսությունը, որը հաճախ մենամարտի է վերածվում հավատի տվյալներ չունեցող չափահաս մարդու և բանականության տվյալներ չունեցող երեխայի միջև։

Այդ ժամանակ մարդու մեջ տարանջատում է կատարվում. նրա ներսում ապրում են մաքուր սրտով մանուկը և նուրբ խելքով չափահասը, և մարդը միայն փոխ առ փոխ կարող է լինել կամ հավատացյալ, կամ հասուն։ Եվ վերջին հաշվով այն չափով, որով մեծահասակը, այնուամենայնիվ, մասնակցում է իր ներսի ներքին երեխայի կյանքին, հավատը մտավոր տեսակետից փոխարինվում է դյուրահավատությամբ, որոշակի անտարբերությամբ և միամտությամբ, որոնք վերաբերում են միայն հուզական կյանքին. միտքն իր ամբողջ ծավալով կարծես բաժանված է այդ կյանքից։

Մենք դա՛ չենք տեսնում Աստվածաշնչում։ Ոչ այդպիսի հավատի մասին է խոսում Պողոս առաքյալը (Եբր. 11,1), և ոչ էլ այդպիսին էր այն քրիստոնեության առաջին դարերում։ Ինձ թվում է, հարկավոր է փորձել սահմանել, թե որտեղ է սկսվում հավատը։ Սուրբ Մակար Եգիպտացու ստեղծագործություններում կա մի տեղ, որտեղ նա հստակորեն ցույց է տալիս Աստծո հետ հանդիպման հանկարծակի, կայծականման փորձը։ Նա ասում է, որ այդ պահին կենդանի Աստծո հետ դեմ առ դեմ, երբ մարդուն հողմապտույտի պես հափշտակում է փորձը, որը հնարավոր չէ ղեկավարել կամ սահմանափակել, որն անկարելի է նույնիսկ դիտել, քանի դեռ այն կատարվում է, մարդը պարզապես նույնանում է այդ փորձին։ Խելքը լռում է, որովհետև վերլուծումն անհնարին է, ինչպես խեղդվող մարդը ժամանակ չունի սեփական վիճակի հոգեբանական վերլուծման կամ ալիքները դիտելու, կամ մտածելու ջրի ջերմության մասին։ Միայն կարելի է շրջվել դեպի ինքը և հարցեր տալ։ Այդ վիճակը եպիսկոպոս Ֆեոֆան Մենակյացը (իՈՑՉՏՐվՌՍ) կոչում է «հոգու երանելի գերություն», մի վիճակ, երբ դադարում է ամեն մի գործունեություն, որովհետև ամեն ինչ դառնում է ներքին լռություն, որ կարողանաս լսել և տեսնել։

Սակայն, ըստ սուրբ Մակարի, Աստված հոգ է տանում ոչ միայն նրա համար, ով ընդունակ է այդպիսի ընկալմանը, Նա մտածում է և նրանց մասին, ովքեր դեռ ընդունակ չեն ձեռք բերելու այդպիսի փորձ։ Եվ Նա հեռանում է, ինչպես ծովը տեղատվության ժամանակ, ու թողնում է մարդուն, որն ամբողջովին խորասուզված էր փորձի մեջ, կարծես ծովի ափին։ Պահ կա, երբ փորձը դեռ ամբողջովին ձեր մեջ է, ու երբ վերադառնում է ինքնագիտակցումը, ահա հենց այդ պահն էլ, ասում է Մակարը, հավատի սկիզբն է։ Համոզվածությունն առկա է այնպիսի հստակությամբ, որ ոչ մի կասկած չի առաջանում։ Սակայն ապրած փորձը դառնում է հիմա անտեսանելի, և հավատը ներկայանում է մեզ որպես համոզվածություն այն բանում, ինչը դադարել է անմիջական փորձ լինելուց։ Ըստ սուրբ Մակարի` հավատի հիմքում ընկած է փորձը։

Դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք ունենք հավատ, որը հիմնված է փորձի վրա, լինի դա հանկարծակի կամ աստիճանաբար։ Միայն շլացուցիչ փորձի առկայության դեպքում, որը հայտնվեց Սողոսին Դամասկոսի ճանապարհին (Գործք 9, 1-9), կամ փորձի, որն աննկատ ծնվեց կամ զարգացավ մեր հոգու խորքում, մենք իրավունք ունենք ասելու, որ մեր հավատը փորձի մակարդակում է, որն արտացոլված է Աստվածաշնչում։ Հակառակ դեպքում կարող ենք միայն ասել, որ վստահում ենք ուրիշներին, որոնք ճանաչեցին, բացահայտեցին, զգացին այն, ինչի մասին մենք դեռ ոչինչ չգիտենք ու քանզի ոչ մի պատճառ չունենք ժխտելու նրանց փորձը, մենք ընդունում ենք նրա իրական լինելը, սակայն այդ հավատը նրանցն է, իսկ մենք միայն օգտվեցինք նրանից։ Նրանք համակված են նրանով, իսկ մենք վերցնում ենք այն պարտքով, իսկ դա իրերի բոլորովին այլ կացություն է։

Եվ այստեղ հայտնվում է կասկածի խնդիրը։ Կասկած նշանակում է երկվություն, մի պահ, երբ ճանապարհը բաժանվում է երկու մասի, ու մենք տեսնում ենք մեր առջև երկու հնարավորություն։ Սովորաբար քրիստոնյան, հայտնվելով խաչմերուկում, ընկնում է սարսափի մեջ. նախկին կացության պարզությունը, միակը լինելը դրված է հարցականի տակ, նրան համարյա թվում է, թե իր ընտրությունը, կարծես, նշանակում է անարգել Աստծուն։ Ինչ-որ իմաստով կասկածը ցույց է տալիս, որ մեր մեջ կա փորձառության, ըմբռնման պակաս, որ մենք ընդունակ չենք անսխալ կատարելու ճիշտ ընտրություն։ Ընտրության, անտարբերության ազատությունը, ինչի մասին ասում է Գաբրիել Մարսելը, արդեն հատկանիշն է այն բանի, որ մենք չենք կարողանում տարբերել ճշմարիտը ստից, Աստծուն` Նրա ծաղրանկարից։ Եսայի մարգարեն ունի այսպիսի խոսքեր. «Մանուկ կծնվի Իսրայելի համար, Ով, նախքան տարբերելը բարին չարից, արդեն կընտրի բարին» (Ես. 7, 14-16)։ Այն պահը, երբ մենք կանգ ենք առնում և հարց ենք տալիս ինքներս մեզ, նշանակում է, որ մեր մեջ կա բարին չարից, ճշմարտությունը սխալից, կյանքը մահից, Աստծուն այս աշխարհի իշխանից տարբերելու անընդունակություն։ Դա փաստ է, որի հետ հարկավոր է հաշվի նստել, սակայն այդ փաստը մեր ձևավորման, մեր աճման և հասունացման անբաժանելի մասն է, որի արդյունքում մենք վերջնականապես պետք է պատվաստվենք Աստծուն։

Սուրբ Գրիգոր Աստվածաբանը 4-րդ դարում ասել է, որ, եթե մեզ հաջողվեր հավաքել Հայտնության բոլոր տվյալները ու ստեղծել նրանցից Աստծո հնարավորինս հարուստ և ամբողջական կերպարը, և եթե այդ պահին մենք անմտորեն ասեինք. «Ահա՛ իմ Աստվածը», մենք կստեղծեինք մի կուռք, որը կփակեր իսկական Աստծո մտապատկերը։ Այստեղ մենք մոտենում ենք իրականության և ճշմարտության միջև եղած տարբերությանը։

Իրականությունը այն ամենն է, ինչը կա` մեր գիտեցածն ու չգիտեցածը, դա և՛ ճանաչվածն է, և՛ Աստծո ու Նրա արարչության գաղտնիքը։ Ճշմարտությունը իրականության այն մասնիկն է, որը մենք ճանաչել ենք և արտահայտել։

Այստեղ երկու սահմանափակող արտահայտություն կա. ճանաչել ենք` նշանակում է ես տեսա այն չնչինը, ինչը հասանելի էր ինձ, արտահայտել ենք` նշանակում է այն, ինչը ես փորձեցի սահմանել լեզվի տերմիններով, այն չնչինը, որը տեսա։ Իրականում այստեղ կրկնակի սահմանափակում է։ Երբ մենք տեսնում ենք մարդկային անձը, մենք չենք տեսնում այն ամբողջովին, մենք ըմբռնում ենք միայն ինչ-որ բան այդ անձից։ ՈՒ երբ ցանկանում ենք լեզվի մեզ հասանելի միջոցներով փոխանցել ուրիշին մեր ըմբռնածը, մենք էլ ավելի ենք սահմանափակում այն, ինչը կարելի էր արտահայտել։ Այնպես որ, այն բանի, ինչը ես ասում եմ, և այն բանի միջև, ինչը, իրոք, գոյություն ունի, սահմանափակումների մի ամբողջ շարք կա։

Առհասարակ մենք արտահայտում ենք բազմաթիվ պնդումներ, չըմբռնելով, որ դա անում ենք որոշակի տեսանկյունից, և գոյություն ունեն նաև այլ տեսակետներ։ Ես չեմ ուզում ասել` մեր հավատի տեսակետներ, ես բնավ չեմ ցանկանում ասել, որ կարելի է կշռել տարբեր աքսիոմներ և տրամաբանորեն զարգացնել այլ թեմա, ես միայն ուզում եմ ասել, որ իրականում չափման կետերը հաճախ որոշում են մեր ասածի ճշմարիտ կամ կեղծ լինելը։ Այդ ամենը հարցականի տակ է դնում կերպարներն ու բանաձևումները, որոնք մենք արտահայտում ենք մարդու, Աստծո մասին և իրենց փոխադարձ հարաբերությունների մասին։

Սակայն ծանրության կենտրոնը, այսպես ասած, հույսի աղբյուրը հենց կասկածն է, այլ ոչ թե անսխալ կայունությունը։ Որովհետև կասկածն ամեն վայրկյան հարցականի տակ է դնում մեր տեսնելու սահմանափակությունը, մեր նեղմտությունը և վկայում է ամեն պահի, որ Ինքը` Կենդանի Աստվածը, ներխուժել է մեր գիտակցության մեջ և ջարդում է կարծրացած մոդելը։ Աստված գերազանցում է մոդելը, գերազանցում է ստատիկ կերպարը։ Նա գերազանցում է և դինամիկ կերպարը։ Նա գերազանցում է և գաղտնիքի հասկացությունը։ Նա գերազանցում է իմացությունը, որը մենք ըմբռնում ենք նյութական աշխարհի իմացության տերմիններով, Նա գերազանցում է նույնիսկ հաղորդակից լինելը, ինչը մենք հասկանում ենք մեր փորձառական գիտելիքի չափով։ Ամեն ինչ կարող է և պետք է դրվի հարցականի տակ, ոչ թե այն պատճառով, որ մենք հարցականի տակ դնենք Աստծուն, մարդուն կամ հարաբերությունը, այլ նրա համար, որ ամեն պահի Աստված պահանջում է մեզնից ավելի խոր ըմբռնում և ավելի եռանդուն վերաբերմունք Իր նկատմամբ։ Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչպես ենք հարցականի տակ դնում Աստծուն, ոչ թե Աստծո մոդելը, քանզի իրականում Նա է, այլ ոչ թե մենք, հարցականի տակ դնում այդ մոդելները։

Աստվածաշնչում բավական շատ տեղեր կան, որտեղ Աստված ասես շուռ է գալիս մեր դեմ, և, ըստ էության, ասում է մեզ. «Դուք ինձ մեղադրում եք, սակայն այժմ Ես եմ ձեզ դնում հարցականի տակ։ Որտե՞ղ եմ Ես, ու որտե՞ղ եք դուք։ Ես փոթորկի կենտրոնում եմ, իսկ դո՞ւք»։ Մարդիկ հաճախակի հարցնում են. «Ինչպե՞ս աղոթել առ Աստված, որը հեռանում է պատասխանատվությունից, որը թաքնվում, մի կողմ է քաշվում»։ Ո՞վ է անպատասխանատու` Աստվա՞ծ, թե՞ մենք։

Մենք անընդհատ ձգտում ենք հեռանալ պատասխանատվությունից։ Աստված ստանձնել է պատասխանատվությունը մեկընդմիշտ ու երբեք խույս չի տալիս դրանից։ Մենք մի պահ միանում ենք, իսկ հետո, երբ հոգնում ենք, գնում ենք հանգստանալու, մինչև հաջորդ անգամ։

Աստված ստանձնում է պատասխանատվությունը։ Մարմնացումը նշանակում է, որ Նա վերցրել է պատասխանատվությունը լիովին և առհավետ։ Մենք տեսնում ենք, որ Նա արեց այդ քայլը` միջնորդ դառնալու քայլը։

Միջնորդել նշանակում է քայլ կատարել, քայլ, որը կդնի մեզ խնդրի կենտրոնում, կոնֆլիկտի սրտում։ Աստված կատարեց այդ քայլը։ Նա դարձավ մարդ։ Նախ և առաջ Նա դարձավ մարդ մեկընդմիշտ։ Նա չի հեռանում այս իրադրությունից։ Խաչված ու հարություն առած` Նա ընդմիշտ կրում է Իր վրա խաչելության հետքերը։ Նույնիսկ Իր հարության և փառքի մեջ Նա չի ազատվել, այսպես ասած, Իր խաչելությունից։

Տառապանքն անցնում է, սակայն տառապանքից վիրավորվածությունը հավիտյան մնում է մեր մեջ ինչ-որ տեղ։
Բայց ո՞ւմ հետ նա նույնացավ։ Նա չնույնացավ մարդու հետ ընդհանրապես, Նա չնույնացավ պարզապես կարգին մարդկանց, սրբերի և արդարների հետ։ Նա նույնացավ պոռնիկի և անառակ որդու հետ, Նա նույնացավ բոլորի հետ, ով կարիք ուներ փրկության։ Նրանք, ովքեր այլևս ընդունակ չէին ապրելու այս աշխարհում, հայտնաբերեցին, որ իրենց Աստվածը եկել է ու ապրում է այնտեղ, որտեղ գտնվում էին իրենք` Աստված խոցելի, Աստված անպաշտպան, Աստված, Ով սպառել էր Իր ողջ փառքը, Աստված, ով պարտված էր ու արհամարհված նրանցից, ովքեր հավատում էին միայն ուժին և փառքին։ Նա համաձայնեց կիսելու մեզ հետ մարդկային սահմանափակումները, սովը, ծարավը, մահը։ Սակայն մինչև ո՞ր սահմանները։

Եթե Նա համաձայներ պարզապես ֆիզիկական մահվանը, քչերը կընդունեին Նրան, քանզի հեշտ է, լինելով անմահ, մեռնել ֆիզիկապես։ Քրիստոսի մահվան ողբերգությունը, միակը լինելը հենց այն բանի մեջ է, որ Նա խաչի վրա բարձրաձայն աղաղակում է. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մկ. 15, 34)։ Նա կիսում է մեզ հետ ոչ միայն ֆիզիկական մահը։ Միակ բանը, թե ինչո՞ւ է մարդը մեռնում, Աստծո կորուստն է. մեռնում են, կորցնելով Աստծուն, մահը պարզապես ծաղկի թառամելը չէ։ Այն պատճառով է մարդը մեռնում, որ մեղքի գինը մահն է, իսկ մեղքը հեռացումն է Աստծուց։

Եվ Քրիստոս կիսում է մեզ հետ Աստծո կորուստը. Նա չափեց, ինչպես ոչ ոք աշխարհում չէր կարող չափել, թե ինչ է նշանակում կորցնել Աստծուն, լինել առանց Աստծո, թե ինչ է աթեիստ լինելը։

Այս հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների մասին կարելի է ասել դեռ շատ բաներ, սակայն կուզեի թողնել ձեզ այս խնդրի հետ, որպեսզի դուք մտածեք դրա մասին, այնպես որ մենք երբևիցե դադարենք խելքով մանուկ լինելուց, մնալով երեխա սրտով։ Գուցե այդ ժամանակ գա քրիստոնեական նորոգումը, իսկական նորոգումը, որը հատուկ էր առաջին դարերին, աճի այն մարդկանց չափով, ովքեր կարողացան մտածել ու խիզախություն ունեցան մտածելու, արիություն ունեցան ամեն ինչ դնելու հարցականի տակ` առաջին հերթին իրենք իրենց, սեփական աստվածներին։

Նրանք գտան և քարոզեցին ճշմարտություններ, որոնց գերին դարձանք մենք, այնինչ այդ ճշմարտությունները պետք է մեզ համար լինեին բաց պատուհաններ, բացված դռներ, պիտի օգնեին մեզ բացելու մեր աչքերն ու տեսնելու, այլ ոչ թե օտար մտքերի և ուրիշների փորձառության գերին մնալու, ապրելու փոխառյալով` պարզապես ապրելու փոխարեն։

Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am