Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Պետրոս Գետադարձ

 Պատմաբան Վահե Անթանեսյանը միկրոբլոգում իր դիտարկումներն է ներկայացրել, պատմելով Պետրոս Գետադարձի պատմությունը:

Պետություններն ու հասարակարգերը կործանվում են, երբ խարխլվում է արժեհամակարգը: Ցավոք, հայոց պատմության մեջ քիչ չեն տխուր ու մռայլ էջերը, երբ արյան գնով ձեռք բերածը գրեթե առանց պայքարի կորցրել ենք ու սկուտեղի վրա մատուցել թշնամուն…

301 թվականին Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Նոր կազմավորված հայոց եկեղեցին թալանի, կողոպուտի ու կեղեքման հաշվին արագ հարստացավ ու դարձավ պետության մեջ ամենաազդեցիկ ու ամենահարուստ ֆեոդալը: Դա հնարավորություն տվեց հայոց կաթողիկոսներին՝ հոգևոր իշխանությունից զատ պայքար մղել նաև աշխարհիկ՝ պետական իշխանության համար:


Երկարատև ու արյունահեղ պայքարն ի վերջո քայքայեց ու կործանման հասցրեց Արշակունիների հայոց թագավորությունը:

Միայն դարեր անց՝ 862 թվականին Աշոտ Բագրատունի իշխանին պայքարի գնով հաջողվեց հաստատվել հայոց գահին: Նրա թագավորությունը արաբական խալիֆայության և Բյուզանդիայի կողմից միջազգային ճանաչում ստացավ 885 թվականին: Սակայն հայոց թշնամիները քնած չէին: Սմբատ Ա, Աշոտ Բ Երկաթ արքաները արյունահեղ պատերազմների արդյունքում կարողացան հետ մղել արաբական սպառնալիքը Հայաստանից: Բայց հայոց արևմուտքում դարձյալ զորեղանում էր բյուզանդական կայսրությունը:

Հայաստանն իրեն հպատակեցնելու բազում փորձերը Բյուզանդիայի կողմից ապարդյուն էին: Եվ նա դաշնակիցներ էր որոնում՝ խորտակելու հայոց թագավորությունը: Եվ դաշնակից գտավ հանձինս… հայ եկեղեցու:

1020 թվականին մահացավ Բագրատունիների հայոց թագավորության զորեղ տիրակալը՝ Գագիկ Ա արքան (990-1020): Համաձայն կարգի՝ հայոց գահին պետք է բազմեր նրա ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը: Սակայն նա ծույլ էր, թանձրամարմին, պատերազմական գործում հմուտ չէր և ողջ օրն անց էր կացնում կրոնական գրքերի ընթերցանության մեջ: Հայոց ռազմական ավագանին հայոց գահին ցանկանում էր տեսնել Գագիկ Ա արքայի երկրորդ որդուն՝ քաջ ու պատերազմիկ Աշոտ արքայազնին:

Եվ երկու եղբայրների միջև Հայաստանում սկիզբ առավ քաղաքացիական պատերազմ: Այս պատերազմում կաթողիկոսն ու հայոց եկեղեցին աջակցում էին Հովհաննես-Սմբատին, քանզի հայոց գահին ցանկանում էին տեսնել թուլակամ ու աստվածավախ գահակալի: 1021 թվականին եղբայրասպան պատերազմն ավարտվեց հաշտությամբ, համաձայն որի՝ Անի քաղաքի և նրա շրջակայքի վրա պետք է թագավորեր Հովհաննես-Սմբատ Գ (1020-1041), իսկ Հայոց մյուս գավառներում՝ Աշոտ Դ (1021-1041): Քանի, որ Հովհաննես-Սմբատ Գ թագաժառանգ զավակ չուներ, նրա մահից հետո հայոց գահը պետք է ժառանգեր Աշոտ Դ կամ նրա զավակ Գագիկը:

Հաշտությունից հետո կաթողիկոսի դիրքերը պետության մեջ ավելի ամրացան, նա փաստորեն, դարձավ պետության երկրորդ դեմքն ու իր ձեռքում կենտրոնացրեց Անիի թագավորության կառավարման բոլոր լծակները:

Թվում էր, երկրում հարաբերական անդորր կտևի, սակայն…

1022 թվականին արևելք է արշավում բյուզանդական կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը: Նրա նպատակը վրաց երկրի վրա արշավելն էր, քանզի Վրաստանը Տայքի համար պայքարի մեջ էր բյուզանդական կայսրության դեմ: Վասիլ Բ կայսրը նպատակ ուներ նաև պատժել Հովհաննես-Սմբատ Գ արքային, քանզի վերջինս անխոհեմ էր գտնվել և ռազմական օգնություն ցուցաբերել վիրա-աբխազական թագավորին՝ վրաց-բյուզանդական պատերազմի ժամանակ:

Ահաբեկված Հովհաննես-Սմբատ Գ արքան Վասիլ Բ կայսերն ընդառաջ, բանակցելու համար Տրապիզոն է ճանապարհում ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա (1019-1058), նրան տալով արտակարգ լիազորություններ՝ բանակցելու կայսեր հետ և հաշտեցման պայմանագիր կնքելու համար:

Պետրոս Գետադարձի գործունեության վաղ շրջանի մասին քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ ուսում է առել Բյուզանդիայում՝ Տրապիզոնում: Կաթողիկոսական տեղապահ է ընտրվել դեռևս Սարգիս Ա Սևանցու կենդանության օրոք: Նրա մահից հետո միանձնյա գահակալեց կաթողիկոսական աթոռին: Հայտնի է նրա արծաթասիրությունը և անբավ հարստությունը. Պետրոս Գետադարձն իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից է եղել, ունեցել է 500 անվանի գյուղեր, իսկ հայրապետի տանը գտնվել են 12 եպիսկոպոս, 4 վարդապետ, 60 կուսակրոն քահանա և 500 ամուսնացած երեց:

Օգտվելով Հայաստանում առկա ներքաղաքական վիճակից, երբ հայոց գահին բազմած է վախկոտ, թուլակամ մի գահակալ, կաթողիկոսը, ով հայտնի էր իր փառատենչությամբ, արծաթասիրությամբ, նենգությամբ ու իշխանատենչությամբ, շատ արագ կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել երկրի իշխանության լծակները:

Եվ ահա 1022 թվականին կաթողիկոսն ուղևորվում է Տրապիզոն՝ բանակցելու Վասիլ Բ կայսեր հետ:

Տրապիզոնում կաթողիկոսը դիվային միտք հղացավ ու օգտվելով իրեն տրված լիազորությունից՝ Հովհաննես-Սմբատ Գ արքայի անունից կտակ գրեց Վասիլ կայսրին, թե իր մահից հետո Անին ու իր շրջակայքը արքան հանձնում է Բյուզանդական կայսրությանը:

Որպես վարձք իր դավաճանության՝ կաթողիկոսը կայսրից բնականաբար, շատ գումար ստացավ և կայքի ու անձի ապահովության երաշխիք իր տարածքներում: Պետրոս կաթողիկոսը Անի չվերադարձավ, այլ հաստատվեց Սեբաստիայում:

Սովորաբար հայ կղերական պատմագիտությունը կարողացել է հայ կաթողիկոսների, հայ հոգևորականների և եկեղեցու գործած առանձին ապազգային ու դավաճանական քայլերը կոծկել: Այստեղ սակայն, դեպքը փոքր ինչ այլ է: Խոսքը վերաբերվում էր ոչ միայն միջպետական հարաբերություններին, այլև նժարին էր դրված բավականին մեծ բան՝ հայոց պետության անկախությունը: Նման փաստն ինչ խոսք, չես կոծկի: Սակայն դրա փոխարեն հայ եկեղեցին հորինեց ու շրջանառության մեջ դրեց գեղեցիկ մի լեգենդ՝ կապված Պետրոս կաթողիկոսի անվան հետ:

Համաձայն այդ ավանդության՝ Վասիլ կայսրը հրավիրում է Պետրոս կաթողիկոսին ու իր շքախմբին՝ մասնակցելու ջրօրհնեքի արարողությանը: Արարողության ժամանակ հույն հոգևորականները կանգնում են գետի ստորին մասում, որպեսզի հայոց կաթողիկոսի օրհնած ջուրը վերստին օրհնեն ու օծեն: Եվ իբր, երբ հայոց կաթողիկոսն իր խաչն ընկղմում է ջրում՝ աստվածային հրաշքով լույս է ծագում գետից և գետը թարս է հոսում՝ ներքևից վերև… Այդ իսկ պատճառով՝ դավաճանը հայոց կաթողիկոսների գահացանկում հայտնի է Պետրոս Գետադարձ անունով:

Պատմությունը փաստում է, որ երբ որևէ տեղ իր էջերում ավանդություններ կամ նման առասպելներ են, ապա դրանց տակ արյունահեղ նախճիրներ են թաքցված: Տվյալ դեպքում՝ հայ առաքելական եկեղեցին հորինեց այս առասպելը՝ քողարկելու համար իր հովվապետի ստոր դավաճանական քայլը հայրենիքի նկատմամբ: Քանզի ո՞վ կհամարձակվի քննադատել և դավաճան անվանել աստծու զորությամբ ու աստվածային շնորքով օժտված մեկին, ով անգամ կարող է գետը թարս հոսեցնել….
Ինչևէ… Մինչև 1026 թվականը կաթողիկոսը սիրտ չարեց Հայաստան վերադառնալ: Նա ապաստանեց Վասիլ Բ կայսրության տարածքում: Միայն 1026 թվականին վերադարձավ հայոց Անի մայրաքաղաք: Բնականաբար, նա Հայաստան վերադառնալուց առաջ կյանքի երաշխիք է ստացել թուլամորթ արքայից:

Հայաստան վերադառնալով՝ Պետրոս Գետադարձը չդադարեց դավել հայոց պետականությանը: Նրա բյուզանդամետությունն ու արծաթասիրությունը շատերի զայրույթն է առաջացնում: Անգամ հայ հոգևորականներից շատերը, որ որպես կանոն հլու-հնազանդ են իրենց տերերին, անթաքույց ընբոստանում են: Ի վերջո, անգամ կամազուրկ արքայի համբերության բաժակը լցվում է և Հովհաննես-Սմբատը կարգադրում է կալանել կաթողիկոսին: Սակայն վերջինս 1031 թվականին խույս է տալիս ու կրկին անցնում բյուզանդական տիրույթներ՝ այս անգամ ապաստանելով Վասպուրականի Ձորավանքում՝ այստեղ անցկացնելով 6 տարի, և չդադարելով դավել հայոց պետությանը:

Ի վերջո՝ 1037 թվականին Հովհաննես-Սմբատ Գ կարողանում է կաթողիկոսին համոզել վերադառնալ Անի, ուր անմիջապես կալանում է նրան ու փակում Բջնի ամրոցում:

Սա էլ վկայում է արքայի թուլակամության ու մանկամտության մասին: Փոխանակ խստագույնս պատժելու դավաճանին՝ նրան ազատ աքսորականի կարգավիճակով ուղարկում է մի ամրոց, որի տերը՝ Գրիգոր մագիստրոս Պահլավունին ընդդիմադիր էր և վատ հարաբերություններ ուներ թագավորի հետ, բացի այդ՝ Պահլավունյաց իշխանի փեսան՝ Վեստ Սարգիս Հայազն իշխանը, կաթողիկոսի դավակիցն էր ու դարձյալ հայոց պետականության դավողներից:

Հովհաննես-Սմբատի հրամանով Պետրոս Գետադարձ կաթողիկոսը գահազուրկ է հայտարարվում և նրա փոխարեն կաթողիկոս է օծվում Սանահինի վանատեր Դիոսկորոս վարդապետը՝ առաքինի ու բարեպաշտ մի հոգևորական, ով հայտնի էր իր հոգևոր և գիտական գործունեությամբ:

Սակայն հայ հոգևորականությունը չի հանդուրժում արքանի նման միջամտությունը եկեղեցու գործերին և ըմբոստանում է: Մայր տաճարում ծեսի ժամանակ հոգևորականները հարձակվում են Դիոսկորոս կաթողիկոսի վրա, պատռում նրա վեղարը, ցած գցում բեմից: Վերջինս դարձյալ քաշվում է Սանահին, ուր շատ չանցած մեռնում է վշտից: Օգտվելով Հովհաննես-Սմբատի կամազրկությունից՝ 1039 թվականին Պետրոս Գետադարձը դարձյալ հաստատվում է կաթողիկոսական գահին:
Ի դեպ, այս ընթացքում Պետրոս Գետադարձը հասցրեց ևս մեկ անգամ դավել հայոց պետականությանը:

Մահանում է Բյուզանդիայի կայսր Կոստանդինը, ով իր մոտ է կանչում Կոստանդնուպոլսում կաթողիկոսի ներկայացուցչին՝ ոմն Կիրակոս երեցի և նրան է հանձնում Հովհաննես-Սմբատ Գ անունից կաթողիկոսի գրած կտակը: Հայտնի չէ, այս Կիրակոս երեցը կտակը կաթողիկոսին է հանձնում, թե իր մոտ է պահում, ամեն դեպքում, այն կրկին հանձնում է Կոստանդինին հաջորդած Միքայել Դ Պափլագոնացի կայսրին: Մի՞թե կաթողիկոսն անմասն էր այս կեղտոտ գործարքին, չէ՞, որ՝ Կիրակոս երեցը նրա անձնական ներկայացուցիչն էր Կոստանդնուպոլսում:

Հասկանալով, որ իր դիրքերը Հայաստանում երերուն են, Պետրոս Գետադարձը 1040 թվականին կաթողիկոսական տեղապահ նշանակեց քրոջորդուն՝ Խաչիկ Ա Անեցուն, ով հետագայում փոխարինեց իր քեռուն կաթողիկոսական գահին:

1041 թվականին մահանում են թե Հովհաննես-Սմբատ Գ, թե նրա ժառանգորդը՝ Աշոտ Դ արքան հայոց: Բյուզանդիան ցանկանում է տեր կանգնել իր ՙժառանգությանը՚ և բյուզանդական բանակը հայտնվում է Անիի պարիսպների տակ: Սակայն սպարապետ Վահրամ Պահլավունին կարողանում է հայոց բանակով չեզոքացնել թշնամու հարձակումը:

Մեկ տարի անց՝ 1042 թվականին հայոց գահին է հաստատվում Աշոտ Դ արքայի տասնութամյա որդին՝ Գագիկ Բ արքան (1042-1045), ով պակաս թուլակամ ու անսկզբունքային գահակալ չէր, քան իր հորեղբայրը՝ Հովհաննես-Սմբատը: Պատմիչները խոսելով երիտասարդ թագավորի մասին՝ հիացմունքով գրում են, որ նա դեռ մանուկ հասակից հմուտ էր աստվածաբանության մեջ ու ողջ օրը կրոնական գրքեր էր կարդում… Մի խոսքով՝ հայոց գահի վրա բազմում է հերթական մի կրոնամոլ, ով իսկապես կյանքում իրեն չփառավորեց որպես թագավոր, դրա փոխարեն Կոստանդնուպոլսում հաճախ էր հանդես գալիս հայ եկեղեցու դիրքերի պաշտպանությամբ ու հաճախ կրոնական բանավեճերի մեջ էր մտնում բյուզանդացի հոգևորականների հետ…

Գահ բարձրանալով՝ Գագիկ Բ արքան ճնշում է Վեստ Սարգիս իշխանի ապստամբությունը, ով հափշտակելով արքայական գանձարանը՝ ամրացել էր Սուրբ Մարի բերդում: Սակայն արքան շուտով ներում է դավաճանին և նրան ազատ է արձակում:

Ինչևէ… հայոց թագավորության շուրջ օղակը գնալով սեղմվում է և այդ օղակը ձգողը հենց ամենայն հայոց կաթողիկոսն էր՝ Պետրոս Ա Գետադարձը, իրեն դաշնակից ունենալով Վեստ Սարգիս Հայկազուն իշխանին:

Հենց կաթողիկոսի դրդմամբ էլ Բյուզանդիան հյուսում է հերթական դավը. Բանակցություններ վարելու նպատակով բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմոխը Կոստանդնուպոլիս է հրավիրում Գագիկ Բ արքային հայոց: Հայոց ավագանին դեմ էր արքայի գնալուն: Հայոց բանակը զինավառ պատրաստ էր դիմագրավելու ցանկացած մարտահրավեր: Բայց կաթողիկոսի դրդմամբ թագավորը ընդունում է հրավերն ու մեկնում Կոստանդնուպոլիս, իր տեղապահ նշանակելով… Պետրոս Գետադարձ կաթողիկոսին…

Պոլսում հայոց արքային արգելում են այլևս հայրենիք վերադառնալ: Կաթողիկոսը նրա հետևից կայսրին էր ուղարկել Անվո բանալիներն ու բյուզանդական զորքը հրավիրել Անի…

Նա Սամոսատի բյուզանդական կառավարչի միջոցով կայսրին հայտնում է, որ Անին կհանձնի լավ գումարի դիմաց.«Հայտնիր թագավորին, թե փոխարենը ի՞նչ կտա մեզ հատուցում, եթե ես հանձնեմ նրան այս քաղաքն ու մյուս բերդերը»: Այս լսելով թագավորը գանձերով ու ու իշխանությամբ գոհացնելով հայրապետին` տիրեց Անիին ու ամբողջ երկրին»(Արիստակես Լաստիվերցի):

Հայրենիքի առուծախի ստոր գործը հայ առաքելական եկեղեցին գլուխ բերեց՝ առանց արյուն թափելու: Եվ արյան ու մաքառումի գնով ձեռք բերած հայոց թագավորությունը հայ եկեղեցու առաջնորդի դավաճանության արդյունքում հեշտությամբ կործանվեց: Լաստիվերցին շեշտում է. «Առնվեց Անին, բայց ոչ թե պատերազմական կարգով, այլ խաբեական խոսքերով»:

Կայսրը Անվո փոխարեն հայոց գահազուրկ արքային Կիլիկիայի մերձակայքում հատկացրեց Կոլոն Պեղատ փոքրիկ ամրոցը…

Հայրենիքի վաճառքի դիվային ծրագրից հետո Պետրոս կաթողիկոսը սպասում էր իր վարձքին՝ և այն չուշացավ… Անի են ժամանում բյուզանդական զորքերը, կառավարիչը և… կաթողիկոսին հայտարարում անցանկալի անձ մայրաքաղաքում: Բյուզանդիան հայոց պետականությունը կործանելուց հետո պատրաստվում էր հայերին պարտադրել նաև եկեղեցիների միություն:

1046 թվականին Պետրոս Գետադարձը թողնում է Անին ու տեղափոխվում Արծն: Այստեղ նա ձերբակալվում է բյուզանդացիների կողմից, բայցև շուտով՝ ազատ արձակում: Դավաճանը, օտարի գործակալն անվտանգ էր իր տերերի համար:

Ապա Պետրոս Գետադարձը հայրապետական գործերը վստահելով Խաչիկ Անեցուն՝ ուղևորվում է Կոստանդնուպոլիս, որպեսզի կայսերական իշխանության հետ կարգավորի իր հարաբերությունները: Շքեղ էր նրա պատվիրակությունը՝ 300 հեծյալներ, 120 բարձրաստիճան հոգևորականներ, 200 սպասավորներ…. Կարծես հայոց կաթողիկոսը հաղթահանդեսով մուտք էր գործում իր գրաված քաղաքը:

Այստեղ նրան չորս տարի պահում են պատվավոր աքսորականի կարգավիճակով, ապա ուղարկում Սեբաստիա, ուր էլ ապրում է մինչև իր ողորմելի գոյության վերջը՝ 1058 թվականը:

Աքսորի տարիներին Պետրոս Գետադարձը ակտիվ պայքար էր մղում հայ և բյուզանդական եկեղեցիների միության՝ ունիայի դեմ: Այս պայքարում նրա ակտիվ աջակիցն էր… գահազուրկ Գագիկ Բ արքան:

Պետրոս կաթողիկոսի պատվերով Անանիա Սանահնեցին գրել է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ բյուզանդական նկրտումների։ Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը։ Պետրոս Ա Գետադարձը նաև բազում հայ հոգևոր երգերի հեղինակ է:

Լուսանկարում՝ Արածանի գետը (որի ուղղությունը ըստ ավանդույթի փոխել է Պետրոս Գետադարձը), նկարված Բալու քաղաքի՝ Մաշտոցի բարձունքից, ուր ըստ ավանդույթի Մեսրոպ Մաշտոցը աստվածհայտնությամբ գրի է առել Հայոց այբուբենը:

Տեքստը՝ 168.am-ի

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության