Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Եսայի քհն. Արթենյան. Աստվածաշնչյան մեղավորները և մենք

Հավատացյալ մարդու համար Աստվածաշունչը պարզապես ընթերցանության գիրք չէ: Մարդիկ մշտապես ձգտել են հասկանալ և բացահայտել աստվածաշնչյան հայտնություններն ու պատգամները՝ դրանք կյանքում կիրառելի դարձնելու համար:

Աստվածաշունչն ամենաշատ հրատարակված և ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է աշխարհում: Այն մարդկային պատմության ընթացքում ամենաշատ ուսումնասիրությունների ենթարկված գիրքն է: Մարդիկ մշտապես փորձել են ավելի պարզ ու մատչելի դարձնել այն: Թվում է՝ որքան էլ մեծ ծավալով աշխատանքներ են կատարվել, մեկնություններ ու բացատրություններ են գրվել, ամեն ինչ արդեն պարզ ու բացատրված պիտի լիներ, բայց Սուրբ Գիրքը շարունակում է չբացահայտված ու երբեմն նույնիսկ անհասկանալի մնալ: Սուրբգրային շատ խորհուրդներ ամբողջությամբ բացահայտված չեն: Որքան էլ մարդը ուսումնասիրություններ գրի, չի կարող ամբողջությամբ բացահայտել աստվածաշնչյան ճշմարտությունները. նույնիսկ ամենապարզ պատգամները, երբեմն, անհասկանալի ու անընկալելի են մնում մարդկանց համար:

Երբեմն լսում ենք, թե ինչպես են մարդիկ գանգատվում, որ չեն կարողանում կարդալ Աստվածաշունչը, չեն կարողանում ըմբռնել այն և այլն: Իրականում խնդիրն այն է, թե ինչպիսի հավատով ենք մոտենում Սուրբ Գրքին: Աստվածաշունչն ընթերցելիս այլ մոտեցում է անհրաժեշտ. այն վեպ, կամ պատմվածք չէ, ինֆորմացիա ստանալու համար չէ: Աստվածաշունչը հոգևոր գիտելիքի շտեմարան է, իսկ հոգևոր գիտելիքը ենթադրում է գործնական դրսևորում: Որքան էլ մենք փորձենք խրատել մարդկանց, թե պետք է միմյանց սիրել, չգողանալ, սուտ չխոսել և այլն, միևնույնն է, դրանից դիմացինի կյանքում շատ բան չի փոխվի: Բայց երբ դիմացինդ տեսնում է, որ քո կյանքը փոխվում է Սուրբ Գիրքը սերտելով, դու դառնում ես աստվածաշնչյան ճշմարտությունների կենդանի օրինակը:

Ինչպե՞ս հասկանալ Աստվածաշունչը. միայն վերլուծական միտք և մտավոր մեծ կարողություններ ունենալը բավարար չէ: Սուրբ Գիրքը ընկալելու և հասկանալու համար պետք է պատրաստակամություն ունենալ կարդացածը կիրառելու ու կյանքի կոչելու: Միայն ինֆորմացված լինելը բավարար չէ:

Մենք խնդիր ունենք Աստվածաշնչից օրինակներ վերցնելու: Հիսուս ամենաիդեալական օրինակն է, Ում պետք է նմանվել: Կան նաև այլ սրբերի օրինակներ, որոնք իրական են և որոնց փորձում ենք նմանվել՝ փրկության հասնելու համար: Սակայն շատերիս մոտ ներքին մի համոզում կա. մենք երբեք չենք կարողանա նմանվել աստվածաշնչյան սրբերին:

Գուցե այդպես է, աստվածաշնյան սրբերին նմանվել չենք կարող, իսկ մեղավորների՞ն...
Հաճախ սեփական մեղքերի բացահայտումը մեզ ստիպում է արդարանալու ուղիներ փնտրել: Որպեսզի ինքներս մեզ արդարանալու հնարավորություն չտանք, պետք է տեսնենք Աստվածաշնչում առկա մեղավոր մարդկանց օրինակները: Օրինակ՝ աստվածաշնչյան մաքսավորը, ով մտավ տաճար և խոնարհաբար աղոթեց. «Աստված, ներիր ինձ՝ մեղավորիս»: Խոնարհության այս օրինակը կարևոր է ամենքիս համար:

Անառակ կնոջ օրինակում մեղավոր էին նաև հրեաները, ովքեր ցանկանում էին քարկոծել անառակին: Քրիստոս ասաց՝ ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի: Ոչ մեկ չգցեց, որվհետև գիտակցեցին, որ իրենք էլ մեղավոր մարդիկ են և ոչնչով լավը չեն անառակ կնոջից: Եթե այդ իրավիճակը լիներ այսօր՝ հենց իրենց մեղքը թաքցնելու համար շատերը քարը կնետեին: Այո, մենք քննադատում ու քարկոծում ենք մեզ շրջապատող մարդականց, որպեսզի թաքցնենք մեր սեփական մեղքերը:

Անառակ որդու առակում նույնպես մեղավոր մարդու օրինակ ունենք: Այստեղ տեսնում ենք, թե ինչպիսի խորը զղջում ու մեծ սեր պիտի ունենա մարդն Աստծո նկատմամբ: Անառակ որդու վստահությունը, որ հայրն իրեն սիրում է, նրան բերեց ետ՝ հայրական տուն: Այսօր մենք չունենք այդ վստահությունը. մենք հաճախ կարծում ենք, որ Աստված մեզ չի ների, փոխարենը՝ վստահելու Աստծո սիրուն ու գթասրտությանը:

Մենք ապրում ենք այնպիսի մի կյանք, որտեղ կարևոր են ծրագրերը, պլանները, տեսական ձևակերպումները, իսկ հոգևոր կյանքի մասին գրեթե չենք մտածում: Այսպես մեր կյանքը դառնում է ծրագիր, մենք էլ դառնում ենք այդ ծրագիրը մեխանիկորեն կատարող միջոց: Մենք ոչ միայն նման չենք աստվածաշնչյան սրբերին, այլ նույնիսկ մեղավորներին նման չենք: Վերջին հաշվով, մեղավոր չի նշանակում մարդակային արժեքներից ու դիմագծից զուրկ. մեղավորը մարդ է, ով կարիք ունի խոնարհության, խոստովանության, հույսի ու վստահության:

Աստվածաշունչը մխիթարում և զորացնում է մեզ սրբերի վարքով ու օրինակով և դաստիարակում՝ մեղավորների օրինակով:

Աղբյուր՝ Holytrinity.am