Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Սուրբ առաքյալ Տիմոթեոսի վկայաբանությունը

Սուրբ առաքյալ Տիմոթեոսը Լյուստրացիների քաղաքից էր, հեթանոս հոր և հրեա մոր որդի: Եվ այնպես պատահեց, որ երբ Պողոսը կենաց Ավետարանն էր քարոզում հեթանոսների քաղաքներում, Տիմոթեոսը գնաց, հանդիպեց նրան, հավատաց Քրիստոսին, մկրտվեց Պողոսի կողմից և աշակերտեց նրան: Եվ որովհետև իմաստուն և հեզ էր և ձգտում էր դեպի Քրիստոսի բարեպաշտությունը, դարձավ Պողոսի ուղեկիցը փրկության Ավետարանի [քարոզման] ճանապարհին: Եվ Պողոսը նրան սիրեց ինչպես իրեն կսիրեր, որովհետև զգաստ և քրիստոսասեր էր: Եվ նրան Եփեսացիների քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց և, քանի որ պայմանները բարեխառն էին, թողեց այնտեղ, որովհետև մարմնապես հիվանդոտ էր: Հույժ առաքինի էր, և Պողոսը հոգում էր նրա մասին և հայրական գթով խրատական նամակ գրեց նրան և, ի թիվս բազում պատվիրանների, հրամայում էր ստամոքսի համար մի քիչ գինի խառնել, որովհետև հյուծվել էր հաճախակի պահքերից և Քրիստոսին խաչակցելուց:

Բազում գավառներում նա շատ սքանչելիքներ գործեց, շատերին լուսավորեց կյանքի խոսքով, եկեղեցիներ կառուցեց և քահանաներ ձեռնադրեց` մշտապես ավելացնելով Տիրոջը պաշտողների թիվը: Եվ մեծն Պողոսից հետո աշխարհի երկրորդ լուսավորիչն էր: Եվ երբ հասավ նրա մարտիրոսության ժամանակը, անօրեն Ներոնի օրերում սուրբը եկավ Եփեսոս քաղաքը և մի մեծ ամբոխ տեսավ, որովհետև գարշելի կուռքերի պղծության տոնն էր, և ամենքը հավաքվել էին` թե՛ այր, և թե՛ կին, զոհեր մատուցելու և աստվածների պատվին խառնակվելու համար: Տղամարդիկ և կանայք ծածկում էին իրենց երեսները, որպեսզի չտեսնեն միմյանց, և խառնակվում էին հրապարակում, որ և այդ չար ավանդույթը դեռևս պահում են մանիքեացիները:

Իսկ երբ սուրբ առաքյալ Տիմոթեոսը նրանց խառնակվելիս տեսավ, լի արտասուքով անցնում էր փողոցով ու աղաչում էր նրանց, հորդորում հեռու մնալ այդ մոլորական խաբեությունից: Եվ այս լսելով` ողջ ամբոխը հարձակվեց նրա վրա, և սկսեցին բրերով անխնա խփել, մինչև որ ավանդեց հոգին: Իսկ քրիստոնյաները վերցրեցին սրբի մարմինը, պատանեցին մաքուր կտավով և վառված ջահերով և խնկերի բուրմամբ դրեցին տապանի մեջ, տարան, թաղեցին Պիոն կոչվող տեղում, Ոտիո նավահանգստի մյուս կողմում:

Իսկ երբ դադարեցին հալածանքները և քրիստոնեական հավատքը հաստատվեց, հանեցին սրբի նշխարներն ու տարան Կոստանդնուպոլիս և դրեցին սուրբ առաքյալների վկայարանում` Առաքյալ կոչվող սուրբ եկեղեցում, մեծ տոնախմբությամբ [մշտապես] կատարելով սրբի հիշատակը հունվարի քսանմեկին, ի փառս ամենասուրբ Երրորդության. հավիտյանս. ամեն:

 

Աղբյուր՝ Surbzoravor.am