Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Ծնողական օրհնություն

Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):

Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նա ինձ մոտ՝ խուց, եկավ աշնանը: «Հա՛յր, - ասաց նա, - մայրս հիվանդացել է և ես եկել եմ նրան այցելության»: Դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Սուրբ Ծննդյան տոնին կրկին եկավ: «Ի՞նչ է, նորի՞ց ես եկել»,- հարցրեցի ես: «Այո՛, - պատասխանեց, - Իմացա, որ մայրս կրկին վատառողջ է և եկա, որպեսզի նրա ձեռքը համբուրեմ, որովհետև նա արդեն տարիքն առել է և կարող է մահանալ: Իմ մոր օրհնությունն ինձ համար ամենամեծ հարստությունն է»: Մարդը վաթսուն տարեկան է և Յոհաննեսբուրգից Հունաստան է գալիս, որպեսզի իր մոր ձեռքը համբուրի: Եվ այժմ Աստված այդ մարդուն Իր օրհնությամբ այնպիսի միջոցներ է տվել, որ նա ցանկանում է մի մեծ կացարան կառուցել ծեր հոգևորականների համար և նվիրել Եկեղեցուն: Այսինքն, կարելի է ասել, որ նա ողողված է օրհնություններով և չգիտի, թե ինչ անի դրանց հետ: Այդպիսի հոգին ինձ համար նույնն է՝ թե մի բալասան: Կարծես Սահարա անապատով գնալիս լինես և անսպասելիորեն մի քիչ ջուր գտնես: Կամաց-կամաց այդ ամենը կորչում ու հեռանում է:

Մի մարդ էլ իմ խուցը եկավ՝ արցունքն աչքերին: «Հա՛յր, - սկսեց խոսել նա, - մայրս անիծել է ինձ: Եվ ահա, ընտանիքումս միայն հիվանդություններ են, դժվարություններ, աշխատանքում՝ անհաջողություններ…»: «Երևի մորդ մի առիթ տվել ես, - պատասխանեցի նրան, - որովհետև չէր կարող ուղղակի, առանց պատճառի անիծել քեզ»: «Այո՛, - պատասխանեց նա, - մի բարի պտուղը չէի…»: «Գնա՛,- ասացի, - և մորիցդ ներողություն խնդրիր»: «Կգնամ, Հա՛յր, - պատասխանեց,- օրհնությունդ տուր ինձ»: «Իմ օրհնությունը տալիս եմ, - ասացի նրան, - բայց դու մորիցդ էլ պետք է օրհնություն ստանաս»: «Դժվար թե նա ինձ օրհնի», - պատասխանեց: «Գնա՛ նրա մոտ, - ասում եմ, - և եթե չօրհնի քեզ՝ այսպես ասա. «Մի ծերունի վանական ասաց ինձ, որ մի օր դու էլ ես հոգիդ Աստծուն ավանդելու»: Նա իր մոր մոտ գնաց և մայրն այսպես օրհնեց նրան. «Որդյակս, թող Աբրահամի օրհնությունը քեզ վրա լինի»: Մի որոշ ժամանակ անց նա նորից Աթոս եկավ՝ ինձ նվերներ բերելով. բալի կոմպոտ և լոխում: Շա՜տ ուրախ էր: Նրա երեխաներն առողջացել էին, աշխատանքում էլ ամեն ինչ կարգին էր: Նրա աչքերն արցունքով լի էին և անդադար կրկնում էր. «Փա՜ռք Աստծո»: Այդ մարդու կյանքը փոխվել էր և նա միայն հոգևորի մասին էր խոսում: Իսկ այն մարդը, որ հենց սկզբից հարգանք է տածում իր ծնողների հանդեպ, նրա մասին խոսք էլ չկա: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն Աստծո օրհնությունը չունենալ:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am