Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Աղոթք՝ ուղղված ամենասուրբ Մարիամ Աստվածածնին

Տեր Աստծո եւ քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի ողորմության դուռը վշտագնյալ անձամբ այսքան բախելուց հետո այժմ լալագին դեմքով քեզ եմ դիմում, քո մաքուր ոտքերին փարվում եւ մայրական ողորմությանդ դուռը բախում, ո՛վ ամենօրհնյալ Սուրբ Աստվածածին Մարիամ: Ինչ որ քո Որդուց խնդրեցի, խնդրում եմ նաեւ քեզանից: Ինչ որ հուսացի Նրանից ստանալ, հույս ունեմ նաեւ քեզնից ընդունել, քանզի դու հարս եղար ամենակալ Հայր Աստծո, Ով ամենակարող եւ ամենաբավ է: Մա՛յր եղար Աստծո Որդուն, Ով ամեն ինչում ողորմած է եւ մարդասեր: Բնակարան եղար Աստծո Հոգու, Ով ամեն ինչով հարուստ է եւ առատ: Միանգամայն շտեմարան եւ գանձարան եղար Ամենասուրբ Երրորդությանը, Ով ամենայն բարության աղբյուր է եւ երկնավորների ու երկրավորների լցուցիչ: Արդ, ո՛վ Սուրբ Մարիամ Աստվածածին, Հայր Աստված այնքան սիրեց քեզ, որ մինչեւ անգամ Իր Միածին Որդուն, որով արարել է բոլոր արարածներին, քեզ շնորհեց եւ քո Որդին դարձրեց, ու ի՞նչ պիտի խնայի քեզանից: Որդին Աստված այնքան սիրեց քեզ, որ մինչեւ անգամ բնակվեց քո արգանդում եւ բազմեց քո գրկում, եւ Նա, Ով բոլորի կերակրիչն էր՝ կերակրվեց քո ստինքներից: Նա, Ով քո Աստվածը եւ Տերն էր, եղավ քո Որդին եւ քեզ Մայր կոչեց, եւ ի՞նչ պիտի խնդրես Նրանից, որ խնայի քեզանից: Հոգին Աստված, որ այնքան սիրեց քեզ եւ անգամ Իր էակցին քե՛զ վստահեց, եւ Ինքը, որ ամեն ինչի զարդարիչն է, իջավ քեզ վրա եւ Իր անսպառելի շնորհների օթարան դարձրեց քեզ: Էլ ի՞նչ է քեզ պակասում, որ դու չունես: Քանի որ ճշմարտապես հավատում եմ, որ ըստ հրեշտակի խոսքի, Տերը եւ ամեն ինչի շնորհատուն քեզ հետ է, քո Որդին է եւ քո գրկում է: Ինչ որ քո Որդին ունի՝ քոնն է, եւ ինչ որ խնդրես Նրանից՝ չի խնայի: Դու ում կամենաս, կարող ես տալ, ինչպես քո որդին է ասում Սողոմոնի բերանով, թե. «Խնդրի՛ր, մայր իմ, որովհետեւ ինչ էլ որ խնդրես, չեմ դարձնի իմ երեսը»: Ուրեմն, ո՛վ Սուրբ Մարիամ Աստվածածին, արարածները Աստծուց հետո քեզնի՛ց են ակնկալիք սպասում: Դու ես տրտմածների ուրախությունը, փորձանքի մեջ եղողների փրկիչը, հավատացյալների օգնականն ու մխիթարությունը եւ մեղավորների հույսն ու ապավենը: Այս մտքով էլ քո սիրելի Որդին խաչի վրա քեզ կտակեց Իր հավատացյալներին՝ Հովհաննեսի միջոցով , ասելով, թե. «Ո՛վ դու կին, ահա՛ քո որդին», եւ իմ հավատացյալները քոնն են եւ այսուհետեւ քեզ են հանձնվում: Հովհաննեսի անունով մեզ՝ հավատացյալներիս, նույն պես ասաց, թե. «Ահա ձեր մայրը», ինչ որ ցանկանաք՝ այսուհետեւ նրանից խնդրեցեք: Արդ, ո՛վ ողորմության Մայր՝ Սո՛ւրբ Մարիամ Աստվածածին, եւ ես մեկն եմ քո սիրելի Որդուն հավատացողներից, որ հոգով եւ մարմնով ողորմելի եւ ամեն ինչում թերի լինելով ՝ կարոտ եմ քո մայրական գթությանը, նեղված եւ վշտացած հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից՝ կարոտ եմ քո օգնությանը: Մեղավոր եւ ամեն ինչում հանցավոր՝ կարոտ եմ քո ձեռնտվությանն ու հուսատրությանը, որի համար, ո՛վ Սուրբ Աստվածածին, ընկնում եմ քո առաջ եւ աղաչում քեզ՝ ուրախացրո՛ւ քո տառապյալ ծառային եւ մխիթարի՛ր: Քո աննվազելի շնորհներով լցրո՛ւ իմ հոգու եւ մարմնի դատարկությունը: Քո չտկարացող զորությամբ փրկի՛ր ինձ հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից ու բոլոր փորձություններից: Քո սուրբ եւ անարատ կուսությամբ սրբի՛ր եւ մաքրի՛ր ինձ իմ բոլոր մեղքերից, եւ մեղավոր ծառայիս համար միջնորդ ու բարեխոս եղի՛ր առ Միածին քո Որդին, որպեսզի ընդունի իմ աղաչանքները, որ մատուցեցի Նրան, եւ կատարի իմ խնդրանքները: Ների սխալներս եւ թողություն շնորհի իմ բոլոր մեղքերին, վերստին ինձ ընդունի Իր սիրո եւ խնամքի մեջ, եւ որքան կենդանի եմ, Իր կամքին համաձայն պահի, եւ այս կյանքից հետո արժանացնի Իր օրհ նյալ տեսու թյանը: Որովհետեւ անկեղծ հավատում եմ, ո՛վ Մայր ողորմության, որ եթե մի անգամ քո սիրելի Որդուն ինձ համար դիմես, լիովին ուրախություն է եւ ամեն ինչում ապահովություն: Եթե մի անգամ մաքուր ստինքներդ ցույց տաս Նրան, կատարյալ փրկություն է ինձ եւ ամեն ինչում ազատություն: Եվ եթե քո սուրբ արտասուքներից մեկ շիթով (որ հեղեցիր նրա խաչելության ժամանակ) հիշեցնես Նրան, իմ բոլոր մեղքերին թողություն է եւ բոլորովին կյանք հավիտենական: Այն բաները, որոնք քեզ՝ ողորմության առատագութ Մորդ ամեն ինչում դյուրին եւ կարելի են, ինձ՝ քո ողորմելի ծառային, ամեն ինչում պիտանի են եւ հարկավոր: Եվ ես քեզնից ողորմություն գտնելով կփառավորեմ քո Միածին Որդուն՝ Հոր եւ Սուրբ Հոգու հետ եւ ողորմության Մորդ գոհությամբ կբարեբանեմ հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սիմեոն Երևանցի

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ