Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Հովհաննավանք

Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, համանուն գյուղի մոտ գտնվող հայկական միջնադարյան վանական համալիր է՝ Քասաղ գետի արևմտյան եզրի ժայռաբերանին:

Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային հռչակավոր կենտրոններից էր։

Համալիրի կազմում ընդգրկված են դեռ IV դարում հիմնված Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, XIII-XVI դարերում կառուցված Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, գավիթը, տապանատունը, խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Ենթադրվում է, որ համալրի առաջին շինությունը եղել է Աստղիկ աստվածուհու պաշտամունքային մեհյանը, որի հիմքերի վրա էլ IV դարում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է ներկայիս բազիլիկ եկեղեցին, տեղում ամփոփելով Հովհաննես Մկրտչի նշխարները։ Եկեղեցու կառուցմանը օժանդակել է նաև Տրդատ III թագավորը, քանի որ կիրճի այդ հատվածը նրա ամառային հանգստավայրերից է եղել։ Վանքի շրջակայքը եղել է Կամսարականների, Մամիկոնյանների, Պահլավունիների իշխանների տոհմական կալվածքը։ Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից (353-373թթ.) այստեղ են բերվել և մինչև XVI դար պահվել սուրբ Գևորգ Զորավարի մասունքները:

XIII դարի վերջում, երբ Զաքարյանները ազատագրում են Արագածոտնը սելջուկ - թուրքերից, տեղի իշխանությունը հանձնում են Վաչե Վաչուտյանին, կարգում նրան Արարատյան կողմնակալության կողմնակալ - հրամանատար և իշխանաց իշխան։ Նա էլ բազիլիկ եկեղեցուն հարավից կից կառուցում է համալիրի գլխավոր եկեղեցին՝ կաթողիկեն։ Գավիթը կառուցել է նրա որդին՝ իշխան Քուրդը: Վանքը եղել է կարևորագույն մենաստան, որտեղ միաբանների թիվը սկզբնական շրջանում եղել է 200-400:

1243 թ-ին Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով։ 1245-1352 թթ. -ին թեմակալ առաջնորդներ են եղել Մամիկոնյան - Համազասպյան տոհմի ներկայացուցիչները: Հետագայում այս թեմը կոչվել է Հովհաննավանքի թեմ և խիստ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակաշրջանի հոգևոր կյանքում, առանձնապես 1441 թ-ին՝ Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու ժամանակ։ Հովվահանվանքի առաջնորդները նույնիսկ դառնում են կաթողիկոսական տեղապահներ: XVI դարից վանքը մաս է կազմում Երևանյան, իսկ ապա՝ Արարարատյան թեմի:

XIV-XVI դարերում վանքի տարածքը մտել է մոնղոլական, ապա` կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ Երևանի կուսակալության, հետո՝ Երևանի խանության կազմում էր: Թուրք - պարսկական պատերազմների ավարտից հետո մշակութային կյանքն այստեղ կրկին ակտիվանում է: Այն կրկին ստանձնում է մշակութային կենտրոնի և ուսումնական կարևորագույն հաստատության դերը:

Վանքին մեծ վնաս է հասցվում 1679 թ.-ի երկրաշարժը, քանդվում են համալիրի շինությունների մեծ մասը: Վանական միաբանությունը խիստ տուժում է վրաց Հերակլես II-ի և Թեյմուրազ թագավորների կողմից վարվող ռազմական գործողություններից, 1753-1754 թթ. լեզգինների ասպատակություններից, ավիրվում և արդեն XIX դ. սկզբին դադարում գոյություն ունենալուց:

1828 թվականանին՝ վանքի շրջակա տարածն անցնում է Ռուսաստանին: Մինչև 1917 թվական մաս է կազմում Երևանի նահանգի Երևանի գավառի, իսկ 1917- 1930թթ.՝ Էջմիածնի շրջանի:

Վանքը խիստ տուժում է 1827 և 1840թթ. երկրաշարժերից, իսկ 1918թ. վերջնականապես կործանվում։ Խորհրդային տարիներին՝ 1980-ական թվականներին սկսվում է վանական համալիրի վերակառուցման աշխատանքները: Նորոգման հիմնական աշխատանքներն ավարտվել են 1993 թվականին, օծվել է Սուրբ Խաչը:

ՀՀ Կառավարության որոշմամբ 2001 թ. վանական համալիրը հանձնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, ընդգրկվում Արագածոտնի թեմում:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Վանքը իրենց ներկայացնում է երեք շինություններից (սբ. Կարապետ բազիլիկա, սբ Կարապետ կաթողիկե եկեղեցի, գավիթ) բաղկացած գրեթե կատարյալ ուղղանկյունի: Տարածքը պարսպապատ է, որը միջնադարում ծառայել է որպես պատնեշ զավթիչների դեմ: Վանական համալիրն ամբողջական է դարձել Զաքարյանների ժամանակաշրջանում:

Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի: Սա համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` հիմնադրվել է IV դ. սկզբին: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Բազիլիկ եկեղեցին միանավ շինություն է, կառուցված սև ու գորշ տուֆից, կրաշաղախով։

Ի սկզբանե եղել է փայտածածկ, որը քարե թաղով է փոխարինվել 573թ. վանահայր Աշոտ Դվինեցու կողմից։ Ենթադրվում է, որ վանքի բակում մինչ վերջերս կանգուն կոթողը նվիրված էր նրա հիշատակին։

Տանիքը հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):

Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն:

Ռուսական կայսերական իշխանությունների նախաձեռնությամբ 1885 թ. եկեղեցու խորանին տեղադրվել է պատկերաշարք («իկոնոստաս» ), ինչը թերևս բնորոշ չէ հայկական եկեղեցիներին: Պատկերված են առաքյալներ Թադևոսն ու Բաղդողումեոսը և չորս ավետարանչիները:

Սբ.Կարապետ կաթողիկե եկեղեցի: Վանքի գլխավոր եկեղեցին իր ծավալատարածական և հատակագծային հորինվածքով XIII դ. հայկական ճարտարապետության տիպիկ օրինակներից է.

hovanavanqՀատակագծում այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր սրահատիպ կառույց է, որտեղ անցումը գմբեթին իրականացվել է առագաստային փոխանցումով: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը:

Եկեղեցին արտաքուստ և ներքուստ շատ հարուստ է բազմաբնույթ, հյուսվածազարդ բարձրաքանդակներով ու պատկերաքանդակներով: Առավել ուշագրավ է շքամուտքի բարավորի պատկերաքանդակը, որը հարդարված է բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա գերիշխող «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությամբ (Մատթեոս 25:1-13)։

Արևելան ճակատը մշակված է XIII դ. տարածված խոշոր նկարվածքի դեկորով՝ ճակատի առանցքով վերից վար ձգվող բեկվածքավոր գոտին լայն շրջակալի տեսքով երիզում է լուսամուտը, իսկ ավելի ցած՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ: Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջել Քասաղ գետի ձորը:

Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է IV դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ:

Ուխտավորների համար եկեղեցում ինը սեղանատուն է օծվել: Հովհաննավանքի կաթողիկե եկեղեցին վերանորոգման էր ենթարկվել 1651թ., խիստ վնասվում է 1679թ. սոսկալի երկրաշարժից, որի ժամանակ գմբեթը ստանում է վտանգավոր ճաքեր։ Եկեղեցին նորոգվում է 1682թ. վանահայր Սարգիս Կարբեցու կողմից, որը թմբուկի ստորին շարքերի վրա դնում է եկեղեցու վեղարը։

Կաթողիկեն վնասվում է 1827 և 1840թթ. երկրաշարժերից, իսկ 1918թ. շարժից վերջնականապես կործանվում։ Խոնարհվում է գմբեթը հարավային պատի հետ միասին։ Այն վերանորոգվել է 1990-ական թվականներին։

Գլխավոր խորանից աջ ավանդատանը գտնվում է գաղտնուղու մուտքը, որը տանում է դեպի եկեղեցու տակը՝ ժայռերի մեջ գտնվող քարանձավը: Այն ծառայել է փախուստի կամ թաքնվելու համար:

Գավիթ-ժամատուն: Սրահը կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից: Ուղղանկյուն հատակագծով լայնարձակ կառույցը պատկանում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթների տիպին:

hovanavanqԻնչպես գլխավոր եկեղեցին, ժամատունը ևս աչքի է ընկնում բարձրաքանդակների ճոխությամբ: Ծածկը մասամբ իրականացված է շթաքարերով, մասամբ` խաչվող թաղերով և հարթ քարե առաստաղներով: Կամարների շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների։

Ծածկի կենտրոնական մասում զանգակատան 12-սյունանի ռոտոնդան է (հավանաբար կառուցվել է 1274 թ. նորոգման ժամանակ), որն եզակի է Հայաստանի նույնատիպ շինություններում և ունի ամենամեծ` 6,5 մ տրամագծով երդիկ:

Յուրօրինակ է մշակված գավթի արևմտյան ճակատը: Կենտրոնում շքամուտքն է, նրանից վեր՝ շթաքարեզարդ կամարի մեջ ներառված խոյազարդ միջնասյունով լայն լուսամուտը:

Շքամուտքից աջ և ձախ պատը մշակված է բազմաթև կամարաշարով պսակված բարակ ու բարձր որմնասյուներով, որոնք վերջավորվում են հյուսիսային և հարավային պատերի վրա:

Ի դեպ, հետագայում հրաժարվելով աշխարհիկ կյանքից, մահից հետո գավթում է հանգչում բարերար իշխան Քուրդ Վաչությանը:

Գավիթի հյուսիսային և բազիլիկ եկեղեցու արևմտյան պատերին կից է տապանատունը: 1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը: Ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել:

Պարիսպներ: Իր պարիսպներով՝ կամարակապ մեծ դարպասով, Հովհաննավանքը Վաչուտյանների իշխանատիրույթի հզորագույն ամրոցներից մեկն է եղել։ Պարսպի վրա եղել է յոթ աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորությամբ։ Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մ բարձրությամբ։ Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1,5-2 մ հաստություն։

Զաքարիա Սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թ-ը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի՝ Զաքարե II և Իվանե I Զաքարյանների քույր Վանենին /Նանա/:

Հուշասյուն կոթող - թվագրվում է IV դ., կանգնեցված է վանքից հարավարևմուտք: Ըստ Զաքարիա Քանակերցու՝ հիմնվել է անձամբ Գրիգոր Լուսավորչի կողմից, կանգուն է մնացել մինչև XVII դարը: Կոթողի եռաստիճան հիմնապատվանդանն ու միակտոր քարե պատվանդանը բազմանիստ են, իսկ հյուշասյունը նույնպես բաղկացած է միակտոր քարից կերտված զույգ սյուներից, որոնք պսակվում են մեկ ընդհանուր խոյակով: Վերականգնվել է 1990-ականներին:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, հատկապես Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։

hovanavanqV դարում Գ.Լուսավորչի կողմից հիմնված սբ.Կարապետ եկեղեցու առաջնորդն էր Ղազար Փարպեցին, ում կողմից այստեղ հիմնադրվել է դպրոց: Այստեղ է նաև նաև շարադրել իր պատմությունը: VI դարում այդ դպրոցում Գևորգ Մանկիկը ընդօրինակել է «Գիրք թագավորաց եւ մնացորդաց» ձեռագիրը (581թ.)։ 603-606թթ. Հովհաննավանքի առաջնորդ է հիշատակվում Բաբիլասը, որը VII դարի սկզբում Հայաստանում դավանաբանական կողմնորոշման հարցում մեծ դեր է կատարել։ Շուրջ 100 տարի անց Հովհաննավանք է այցելել Վահան Գողթնեցին, իսկ XII դարի կեսերին՝ Գրիգոր Տուտեորդին։ Վերջինս այստեղ ընդօրինակել է Եփրեմ Ասորու, Հովհաննես Ոսկեբերանի եւ Պողոս Առաքյալի թղթերը, ձեռագրերը։

XII դարի վերջում Հովհաննավանքի դպրոցը ղեկավարել է Ռուբեն կուսակրոն քահանան։ Ունեցել է բազում աշակերտներ, որոնց թվում է եղել Հովհաննես Կարբեցին, որը նրա պատվերով ընդօրինակել է մի «Ճառընտիր» ձեռագիր։

Հովհաննավանքի դպրոցում Հովհաննես Կարբեցու կողմից գրված ձեռագրով է պայմանավորված նաև հայ գեղանկարչության գլուխգործոցներից մեկի՝ Մշո «Տոնական-ճառընտիրի» (1200-1202թթ.) ծնունդը։ XII դարում Հովհաննավանքում գործել են նաև Մարկոս գրիչը, Հովհաննես Մունջը, Գրիգոր Դեղիչը, Խաչիկ քահանան և Մխիթարը։

Վաչուտյանների կողմից վանքի վերակառուցումից հետո XIII դարում Հովհաննավանքի դպրոցի համբավը մեծանում է հատկապես վանահայր Համազասպ Մամիկոնյանի առաջնորդության շնորհիվ: Ընդհանուր առմամբ Հովհաննավանքից մեզ է հասել շուրջ 20 ձեռագիր։

Հովհաննավանքի դպրոցը վերաբացվում է 1620-ական թթ., երբ այստեղ է գալիս լուսահոգի Մովսես Տաթեւացին (հետագայում հայոց կաթողիկոս՝ 1629-32թթ.)։ Դպրոցում դասավանդել են Նիկողայոս Իլովացին (լվովցի)՝ երաժշտություն, Զաքարիա Քանաքեռցին՝ բանասիրություն, Հովհաննես Կարբեցին՝ տոմարագիտություն, մեկ ուրիշ Հովհաննես Կարբեցի՝ պատմություն և Աստվածաշունչ, Մելիքսեթ Վժանեցին, Սիմեոն Ջուղայեցին, Ղուկաս գիտնականը։ Հովհաննավանքում իր ողջ կյանքն է անցկացրել միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին /XVII դար/: 1639-40թթ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի հրամանով դպրոցը տեղափոխվել է Էջմիածին և հիմք հանդիսացել նորաստեղծ ժառանգավորաց դպրոցի, որն էլ 1882թ. վերածվել է Գևորգյան ճեմարանի։

Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը։

Ուշագրավ է համարվում շքամուտքի և դրա բարավորի ձևավորումը. փորագրված են ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ: Բարավորին «Իմաստուն և հիմար կույսեր» առակի բարձրաքանդակն է: Վանքի տարածքում կան արժեքավոր խաչքարեր:

Տարբեր աղբյուրներում վանքը հիշատակվում է բազմաթիվ անունների տակ. Ամատունյաց Սուրբ Կարապետ, Անավանք, Սուրբ Իոհանի վանք, Հանավանք, Հավանավանք, Հովանավանք, Հովհաննու վանք, Հովհանա անապատ, Հովհաննավանաց մենաստան, Հովհանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հովհաննու Կարապետի վանք, Հովհաննու վանք, Սյուղի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք:

Առաքել Դավրիժեցու (XVII դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին, ով այստեղ բերել է Հովհաննես Մկրտչի մասունքները, ինչից և ծագել է անվանումը: Հիմնադրումից հետո մի քանի դար ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է այն նաև Հաննավանք։

Գաղտնուղու հետ կապված ավանդությունը պատմում է, որ վրաց արքայազն, ով ծանր հիվանդությամբ է տառապել, լսել է Սուրբ Գևորգի մասունքների հրաշագործության մասին ու իր մոտ է բերել տալիս դրանց մի մասը բուժման համար։ Հայերը տանում են մասունքները, սակայն վրաց թագավորը հրաժարվում է վերադարձնել: Հայերին ոչինչ չի մնում, քան դիմել գողությանը: Վրաց թագավորը, իմանալով որ մասունքները կրկին Հովհաննավանքում են՝ հարձակվում է գյուղի վրա: Բնակչությունը հավաքվում է վանքի բակում ու խնդրում թույլ տալ աղոթել մահից առաջ: Ներս մտնելով, նրանք դուրս են գալիս գաղտնուղիով, իսկ եկեղեցու վանականը վրաց թագավորին ասում է, թե մարդիկ աղավնու թևեր առած թռել են: Վանականը նահատակվում է:

Մեկ այլ ավանդության համաձայն՝ գյուղը գրավել էր Թամերլանը: Վանահայրը, որպեսզի կտտանքների ներքո չբացի գրքերի պահման գաղտնիքը, փորձում է ինքնասպան լինել գետում, բայց չի սկում: Տեսնելով հրաշքը՝ Թամերլանը խոստանում է կատարել ծերունու մեկ ցանկացած խնդրանք: Վանահայրը խնդրում է ազատ արձակել այնքան մարդ, որքան կտեղավորվի եկեղեցում: Այդպես նա փրկում է ամբողջ համայնքը: Թամեռլանը, մտնելով եկեղեցի՝ միայն մի քանի աղավնի է տեսնում:

1. Սբ.Կարապետ բազիլիկ եկեղեցի
2. Սբ Կարապետ կաթողիկե
3. Գավիթ
4. Հին բազիլիկ եկեղեցի (IVդ)
5. Դպրոցի ավերակներ
6. Քարանձավ՝ գաղտնուղիով
7.Հուշակոթող
8. Մուտք
9. Պարիսպ

Աղբյուր՝ Ostarmenia.com

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության