Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Վիլյամ Սարոյան. Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

- Ես քեզ չեմ սիրում, - ասում էր նա, - Էլ չեմ սիրում քեզ:

- Իսկ ես քեզ սիրում եմ, - պատասխանում էր տնտեսուհին:

- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

- Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, - ասաց նա:

- Բոլորն էլ պետք է դպրոց գնան, - ասաց տնտեսուհին:

- Իսկ դու գնացե՞լ ես:

- Չէ:

- Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

- Այնտեղ քեզ դուր կգա, - ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

- Ես քեզ չեմ սիրում, - ասաց նա: - Էլ չեմ սիրում:

- Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: - Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

- Այնտեղ քեզ դուր կգա, - ասաց նա: - Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

- Չեմ ուզում, - ասաց Ջիմը:

- Ես ամեն օր կգամ քո ետևից, - ասաց տնտեսուհին:

- Ես քեզ չեմ սիրում, - կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

- Ինչպե՞ս է ձեր որդու անունը, - ասաց միստր Բարբրը:

- Սա բժիշկ Լուի Դևիի որդին է, - ասաց Էմին: - Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

- Ջե՞յմս, - ասաց միստր Բարբրը:

- Ոչ, Ջեյմս չէ, -ասաց Էմին: - Պարզապես Ջիմ:

- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը: - Իսկ երկրորդ անուն ունի՞:

- Ոչ, - ասաց Էմին: - Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը: - Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

- Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ, - ասաց Էմին:

- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

- Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

- Ծամոն, - ասաց Հաննան:

- Գցիր աղբարկղը:

- Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

- Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

- Ծամոն, - ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

- Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

- Վեց:

- Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

- Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի, - ասաց տղան:

- Վեց, - ասաց հայրը:

- Երեսիդ մուր քսվեց, - ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:

- Փողն ինչիդ է հարկավոր, - հարցրեց հայրը:

- Ծամոնի համար, - ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ

«Անանուխի» ծամոն առավ:

- Ուզո՞ւմ ես մի հատ, - հարցրեց նա Էմիին:

- Իսկ դու ուզո՞ւմ ես տալ, - ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

- Այո:

- Դու ինձ սիրո՞ւմ ես:

- Սիրում եմ, - ասաց Ջիմը: - Իսկ դո՞ւ ինձ:

- Այո, - ասաց տնտեսուհին: - Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

- Չգիտեմ, - ասաց նա:

- Երգեր երգո՞ւմ եք, - ասաց տնտեսուհին:

- Չէ, չենք երգում:

- Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

- Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

- Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա», - մտածեց նա և ասաց.

- Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես:

Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

- Էրնըստ Հասկին, - բղավեց նա դպրոցի բակում, - այդ ի՞նչ ես ծամում:

- Հում փղի միս, - ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

- Ծամոն, - ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:
Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

- Հաննա Վինտեր, - ասաց նա, - այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

- Տուտտի-ֆրուտտի, - շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

- Տուտտի-ֆրուտտի, - ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

- Էմի Լարսոն, - ասաց նա, - այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

- Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

- Չգիտեմ, - ասաց հայրը: - Ի՞նչ է:

- Ավազակ, - ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

- Ավազակ, - ասաց Ջիմը: - Տուտտի-ֆրուտտի:

- Իսկ դա ի՞նչ է, - հարցրեց հայրը:

- Ծամոն, - ասաց Ջիմը: - Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

- Ով է այդ Հաննա Վինտերը, - ասաց հայրը:

- Մեր դասարանցի է, - ասաց Ջիմը:

- Օ՜, - ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է», - մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս», - հանկարծ հիացմունքով հիշեց նա:

- Հում փղի միս, - բարձրաձայն ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին: