Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Անդրանիկ Քոչար․ Կենսագրություն

Անդրանիկ Մելիքի Քոչար (Քոչարյան, դեկտեմբերի 24, 1919, Ալեքսանդրիա, Եգիպտոս - մարտի 29, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն

Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին:

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948, 1957, 1959, 1961, 1964, 1972, 1974, 1977, 1979, 1996, 2013 թթ.), Ռիգայում (1960 թ.), Լենինգրադում (1961 թ.), Մոսկվայում (1965 թ.), Լիտվայում (1980 թ.), Բուլղարիայում (1987 թ.), Ուկրաինայում (1988 թ.), Ֆրանսիայում (1995 թ.), Սալոնիկում (1996 թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999 թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի):

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:

Մրցանակներ

«World Press Photo»-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963 թ.

«World Press Photo»-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965 թ.

«World Press Photo»-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966 թ.

«World Press Photo»-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968 թ.

«World Press Photo»-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969 թ.

«World Press Photo»-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971 թ.

«Venus» միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971 թ.

Ընտանիք

Հայր՝ Մելիք

Մայր՝ Էժենի

Կին՝ Հասմիկ Զաքարյան

Որդի՝ Վահան Քոչար

Դուստր՝ Զվարթ

Տեսանութը Շողակաթ հեռուստաըներության