Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Հրեա և բժիշկ Հովսեփի մասին

Այս Հովսեփը, ո՛վ եղբայրներ, հույժ հմուտ էր բժշկության արվեստում, կատարելապես փորձված էր երակների, այլև հիվանդների տեսքի որոշման մեջ, մինչև իսկ անվրեպ իմանում էր վախճանվելուց երեք կամ հինգ օր առաջ, [այնքան որ] նրան նախանձեցին մյուս բժիշկները։ Իսկ մեր աստվածազգեստ հայր Բասիլիոսը, Սուրբ Հոգով նախապես իմանալով ամենն ինչ լինելու էր, շատ էր սիրում նրան, մշտապես կանչելով խոսում էր հետը, նրան` երկնային արքայության ճանապարհը ուսուցանելով, նրան [սովորեցնում էր] ճշմարտության ճանապարհով շարժվել և պիղծ աղանդից հեռու մնալ և մկրտությամբ Քրիստոսով զարդարվել։ Եվ նա չէր համաձայնում, ասելով` «Ո՛ր հավատքով ծնվել եմ, այն եմ պաշտում»։ Եվ սուրբն ասում էր.

- Ո՛վ Հովսեփ, հավատա ինձ, քեզ այն եմ ասում, որ ո՛չ ես, ո՛չ դու [և ոչ ոք], եթե չծնվի ջրից և Հոգուց, չի կարող մտնել երկնքի արքայություն։ Հիրավի ձեր հայրերը չմկրտվեցի՞ն ամպով և ծովի մեջ և [չէ՞ին] ըմպում իրենց հետ գնացող հոգևոր վեմից, վեմից, որ ինքը Քրիստոսն էր, որ վերջին օրերին կույսից մարմին առավ, և հանուն մեր փրկության մարմնացավ և չարչարվեց մարմնով քո նախահայրերից, թաղվեց և երրորդ օրը հարություն առնելով նստեց Հոր աջ կողմը և գալու է բազում փառքերով` իր սուրբ հրեշտակների հետ` դատելու կենդանիներին և մեռածներին` յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցելով։ Այժմ անհնար է ցանկացած մարդու համար տեսնել հավիտենական կյանքը` առանց ջրի և Հոգու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անարատ մարմնին ու արյանը հաղորդվելու։

Եվ այս խոսքերը կրկնում էր Քրիստոսի անարատ մշակը, [իսկ] հրեան չէր կամենում լսել նրան, և ընդունել Սուրբ Հոգու շնորհները։

Այժմ սուրբը աշխարհից փոխադրվելու էր։ Կանչեց նրան իբր բժշկության պատրվակով, որ տեսնի։ Եվ ասում է նրան. «Ի՞նչպես ես տեսնում ինձ»։ Եվ բժիշկը երակներից իմացավ, որ նա մահվան [դռանն] է, և ասում է սպասավորներին, որ շուրջը կային, որպեսզի պատրաստեն նրա թաղման պատանքը։ Ասում է. «Նա հիմա հանկարծ կվախճանվի»։ Մեծ Բասիլիոսը ասում է նրան. «Չգիտես, ինչ ես ասում»։ Հրեա Հովսեփը նրան ասում է. «Հավատա, տեր, որովհետև արեգակն արևմուտքում է այսօր»։ Ասում է նրան սուրբը. «Իսկ եթե այսօր չվախճանվեմ, ի՞նչ [կլինի]»։ Ասում է նրան հրեան. «Հնար չկա այդպես լինելու, դժվար թե հոգիդ այսօր քեզ հետ լինի. այլ հրաման տուր եկեղեցու և քո, և այլ իրերի համար, որովհետև մինչև այս երեկո չես հասնի»։ Ասում է նրան սուրբը. «Իսկ եթե ապրեմ մինչև այգաբացի վեցերորդ ժամը, ի՞նչ կանես»։ Եվ նա ասում է. «Կմեռնեմ ես»։ Ասում է նրան սուրբը. «Այո՛, մահանում ես մեղքերից և կենդանանում իմ Քրիստոսով»։ Ասում է նրան հրեան. «Գիտեմ, ինչ ես ասում, կանեմ քո կամքը, սուրբ հայր. եթե ասածդ լինի, երդմամբ կընդունեմ սուրբ մկրտության շնորհների կնիքը, եթե Աստծու ծառադ ապրի»։ Իսկ սուրբ Բասիլիոսը Աստծուց խնդրեց, որ իրեն կյանք տա, որ [հրեային] փրկի և ապրեցնի։ Եվ լսեց նրան Աստված, իսկ [ինքը] մարդ ուղարկելով կանչեց հրեային։ Նա առանց կասկածելու եկավ, կարծելով, թե վախճանվել է, և նրան կենդանի տեսնելով զարմացավ և նրա ոտքերն ընկնելով ասում է. «Ճշմարտությամբ եմ ասում, որ չկա մեծ Աստված ինչպես քրիստոնյաներինը, և չկա ուրիշ Աստված նրանից բացի. այժմ հրաժարվում եմ հրեաների քրիստոսատյաց աղանդից և հավատով կընթանամ ճշմարտության հետ։ Հիմա հրամայիր մկրտությամբ կնքել ինձ և իմ ամբողջ ընտանիքը»։ Սուրբը նրան ասում է. «Ես իմ ձեռքով կմկրտեմ քեզ և քո ընտանիքը»։ Եվ բժիշկը հանկարծակի մոտեցավ, բռնեց նրա ձեռքից, որ տեսնի երակների զորությունը և ասում է. «Քո զորությունից ընկար, հայր սուրբ, և բնությունդ իսպառ նվաղել է»։ Ասում է նրան սուրբը. «Բնությունս հրաշագործող ունեմ, որ կզորացնի»։ Եվ ելնելով եկավ եկեղեցի և ժողովրդի առջև մկրտեց նրան իր ընտանիքով հանդերձ և անունը Հովհաննես կոչեց և տվեց նրան կենդանարար խորհուրդը, տարավ իր սենյակը և նրան կերակուր տվեց։ Բացատրում էր նրան հավիտյան կյանքի մասին։ Իր հավատքին միացրեց նրան` տիկնոջ և որդիների հետ։ Եվ մի ուրիշ օր [Հովհաննեսը] եկավ սուրբ եկեղեցի և աղքատներին բաժանեց իր ինչքը, որ ձեռք էր բերել բժշկությամբ, և ամբողջ ստացվածքը բարեպաշտությամբ տնօրինեց։

Իսկ սուրբ Բասիլիոսը իններորդ ժամին եկեղեցում էր, պատարագի խորանում` այլ սպասավորների հետ և կատարում էր սուրբ խորհուրդը։ Դարձյալ նրանց հետ ճաշակեց հացով և արձակեց ամբողջ հավատացյալ ժողովրդին` սրբության համբույրով նրանց համբուրելով` Քրիստոսի ընտիր և նոր զորականին և բոլորին հանձնելով Հայր Աստծուն և Նրա Միածին Որդուն և Սուրբ Հոգուն։ Եվ հրամայեց, որ իր հետ թաղեն Տիրոջից հաղորդության համար իրեն տրված երրորդ Մասը և բազմելով իր մահիճի վրա ու ձեռքերը բարձրացնելով` օրհնեց Տեր Աստծուն` հոգին մարմնից անջատելու և բժշկի դարձի համար, և նույն ժամին հոգին ավանդեց ի փառս Աստծու։ Եվ հրեան, որ հավատաց, տեսնելով, թե ինչպես այրն ասաց` այնպես և եղավ, ու նրա կրծքին ընկնելով ողբալով ասում էր. «Աստծու ճշմարիտ ծառա Բասիլիոս, եթե չլիներ քո կամքը` հիմա չէիր վախճանվի»։

Եվ այգաբացին հավաքվեց ամբողջ բազմությունը, պատվական սուրբ մարմինը` յուղով և խնկով բերում էին եկեղեցի։ Լսել էր և մեծ Գրիգոր Նազիանզայի եպիսկոպոս աստվածաբանը, որ և շտապով եկավ և տեսավ նրա սուրբ մարմինը և վրան ընկնելով դառնապես լացեց։ Ապա եկած այլ տասներկու եպիսկոպոսների հետ հրաման տվեց ժողովրդին, որ սաղմոսներով և օրհնությամբ` պատշաճ պատվով կատարեն փառավոր հիշատակը մեծ հայրապետի։ Եվ քաղաքի բազմությունը սրբին դրեց տապանի մեջ, ուր Ղևոնդ հայրապետի սուրբ նշխարներն էին` սուրբ Սուքիանոսի վկայարանում։

Հունվար ամսվա առաջին օրը` պատկերով հինգշաբթի, Վաղեսի և Վաղենտիանոսի թագավորության ժամանակ, հանգեց երանելի սուրբ հայրապետ Բասիլիոսը, որ հրեշտկական վարքով ապրեց երկրի վրա` բարի հիշատակ թողնելով եկեղեցում, ի փառս Քրիստոսի։

Սուրբ Հոգու գործակցությամբ գրեցի սուրբ հայրապետի վարքը, ի փառս և ի պատիվ ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)
Աղբյուր՝ Gratun.org