Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Մա՛րդ եղեք, մարդի՛կ

Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին:
Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ ու նրա Օծյալի՝ ասելով. «Քանդենք նրանց կապանքները և թոթափենք նրանց լուծը մեզնից»:
Երկնքում բնակվողը կծիծաղի նրանց վրա, և Տերը կարհամարհի նրանց:

Այնժամ կխոսի նրանց հետ իր բարկությամբ, և իր զայրույթով կսարսափեցնի նրանց:
Ես թագավոր կարգվեցի նրանից իր սուրբ լեռան՝ Սիոնի վրա, որ հռչակեմ Տիրոջ հրամանները:
Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ: Խնդրի՛ր ինձնից՝ և հեթանոսներին քեզ կտամ որպես ժառանգություն, ու իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում: Նրանց կհովվես երկաթյա գավազանով և բրուտի անոթի պես կփշրես նրանց»:

Արդ, թագավորնե՛ր, ո՛ւշ դարձրեք սրան, և խրատվեցե՛ք ամենքդ, որ մարդկանց եք դատում: Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացե՛ք նրա առջև դողալով: Ընդունեցե՛ք նրա խրատը, որ Տերը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից, երբ նրա զայրույթը բորբոքված լինի:
Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա» (Սաղմ. 2.1-7,7-13)
Էկչե Հոմո - Ահա Մարդը. հազարամյակներ առաջ աշխարհի չորս կուսակալներից մեկը այդպես ներկայացրեց Հիսուսին հրեական խառնամբոխին: Ճանաչիր քեզ, հորդորում են Եկեղեցու սուրբ հայրերը, բայց Հիսուսի և Նրա Եկեղեցու թշնամիները կտրեցին մարդուն իր ինքնաճանաչողության արմատից և կերակրեցին մեծ մոլորության պտուղներով: Ինքնաճանաչողությունից զրկված մարդը այդպես էլ անտեղյակ մնաց աստվածճանաչողության անհրաժեշտ գաղափարին, հեռու՝ Եկեղեցուց, սրբացման և կատարելագործման ընթացքից:

Եթե ցանկանում ենք հասկանալ մեզ շրջապատող իրականությունը և հատկապես դեպքերի մերօրյա զարգացումները, պետք է դիմենք բոլոր ժամանակների միակ Ճշմարտության աղբյուրին՝ Աստվածաշունչ գրքին: Եթե ցանկանում ենք չտրվել իրադարձությունների մեր կողմից անվերահսկելի հորձանուտին, պետք է ունենանք կենտրոնացում Հիսուսի անձի և ոչ թե հակառակամարտի վրա, թագավորների Թագավորի և ոչ թե խղճուկ ապստամբ իշխանի վրա, Երկնքի և հավիտենության, ոչ թե աշխարհի ու ժամանակավորի վրա: Մենք չենք ուզում խաբված լինել, բայց հազվադեպ ենք գիտակցում և անգամ՝ նկատում մեր սեփական ինքնախաբեական ցանկությունները, դրանցից անմիջականորեն բխող որոշումները և դրանք պսակող կոնկրետ քայլերը դեպի... մոլորություն և կորուստ: Իրականում, եթե մենք ձանձրանում ենք Աստծո մասին լսելիս կամ կարդալիս, եթե մենք ավելորդ ենք համարում մեր կյանքից որոշակի ժամանակ տրամադրել այդ կյանքը մեզ Շնորհողին, լսել ու սերտել Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչ կարդալով, կամ խոսել Նրա հետ աղոթքով, ուրեմն մենք արդեն իսկ կատարել ենք մեր ընտրությունը, մնացածը անէական ձևականություններ են: Սակայն սխալ ընտրությունն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան այդ սխալի և դրանից ծնված նզովքի սերնդեսերունդ անդառնալի ամրագրումը: Բայց Աստված չի՛ լքի իրենին. ես անվերապահորեն հավատում եմ: Լինե՛նք Աստծունը: Ծնվելով ոչ սեփական կամքով՝ մարդն այս աշխարհում փորձում է ապրել «արժանապատիվ» կյանքով, ուղղակի ժամանակի ընթացքում տրանսֆորմացվել է այդ արժանապատվության մասին ընկալումը, որն այսօրվա մարդուն հասնում է մի պրիզմայի միջով անցնելով, որ է մեծ մոլորությունը, որ հակադրվում է Ճշմարտությանը՝ Սուրբ գրքին: Եթե Ճշմարտությունը Մեկն է ու Միակը, մոլորությունը համադրությունն է մի շարք աստվածանարգ ու անբանական գաղափարների. դարվինիզմ՝ էվոլյուցիա, մարքսիզմ՝ կեցությունն է որոշում գիտակցությունը, իզուր չէ, որ էվոլյուցիայի տեսությունը «հիմնավորող» «Տեսակների ծագումը» համարում են կենսաբանական, իսկ Մարքսի «Կապիտալը»՝ տնտեսագիտական գիտությունների «աստվածաշունչ»։ Այսօր ամենաշրջանառվող «նույնականացում» բառը մեզ մտորելու տեղիք պետք է տա. ում հետ են ուզում մեզ նույնականացնել, կամ ում հետ ենք ուզում մե՛նք նույնականանալ: Երբ աշխարհը, պատրանքներ խոստանալու և մոլորություններ առաջարկելու դիմաց, պահանջում և խլում է ձեզնից ամենաէականն ու ամենաիրականը, մի՛ չարացեք Տիեզերքի Տիրոջ վրա և մի՛ ապստամբեք Նրա՛ դեմ, Ով ձեզ է ավանդել Միակ Ճշմարտությունը:

Չարը իր չարությունը, ստությունը, պղծությունն ու կեղծիքը միշտ ջանում է քողարկել ճշմարտանման փաթեթավորման տակ, ապահովության համար նա բազմաշերտ փաթեթավորում է իրականացնում՝ քողարկվելով արդարությամբ, ժուժկալությամբ, հոգատարությամբ, սրբությամբ: Աստված չի հանդուրժում և մերժում է անտարբերությունը, խարդախությունը, նենգությունը, կեղծավորությունը, երկմտությունը, անասնական վախը և այն մեղավորին, որ քայլում է երկու ճանապարհով:

Երբ մարդը (մա՛րդը) զգում է Աստծո ներկայությունը, նա իրեն զգում է ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ: Այսօր երկրի իշխաններն իրենց կառուցած համակարգի միջոցով փորձում են Աստծուն կապկել, սեփականել Նրա ամենագիտությունը, ամենատեսությունը, զորությունը և տիրությունը, ավելի շուտ՝ փորձում են համոզել մարդկանց, թե հաջողում են իրենց ծրագրերում... կհամոզվեն շատերը, բայց թող մենք լինենք մնացորդացի մեջ: Ցանց, նույնականացում, պարտադիր... երեք բառ, որ բնորոշում են վերջին ժամանակները: Հիսուս մեզ դիտում և ընդունում է որպես մարդ, որպես ազատ և կամային անհատականություններ, ոչ թե լղոզված ու անդեմ, կամազուրկ ու անբարո, իրենք իրենց գոյությունը չհանդուրժող և իրենց իսկ կյանքից գլուխ չհանող արարածներ, ինչպիսին փորձում է դարձնել մարդուն աշխարհը, և այս գործընթացը սկսվել է այն պահից ի վեր, երբ սատանան հասկացավ, որ ինքը վերջնականապես պարտված է. դա Հիսուսի Հրաշափառ Հարությունից հետո էր, նա իր համար ևս մեկ անգամ պարզեց, որ ինքը ամենագետ չէ, բայց և մտածեց. չէ՞ որ մարդն էլ պարտադիր չէ շատ բան իմանա, առավել ևս՝ իմանա անհրաժեշտը, դրա համար պետք է մարդուն կտրել Ճշմարտությունից։ «Այս անօրինության ուժը արդեն իսկ գործի վրա է»,- ասում էր դեռևս Պողոս առաքյալը: Հիսուս մեզ ճանաչում և կանչում է մեր անուններով, իսկ աշխարհի իշխանը նայում է մեզ որպես մի թվային կոմբինացիայի, բիոռոբոտի: Երբ Հիսուս ծնվեց, հրեշտակը Սուրբ Կույս Մարիամին պատգամեց անվանակոչել Նրան, ոչ թե համարակալել: Տեր կանգնենք մեր անուններին, ոչ թե ընկնենք ամեն ինչ հաշվող ու համարակալող այծիկի տիրապետության տակ: «Եվ բացվեցին գրքերը, բացվեց ևս մեկ գիրք՝ Կյանքի գիրքը... Եվ նա, ում անունը գրված չգտնվեց Կյանքի գրքում, գցվեց կրակե լճի մեջ» (Հայտ. 20.12,15): Կյանքի գրքում անուններ են, իսկ թվերը՝ Օտարի գրանցամատյանում: Երևի կարելի է կորցնել ինչ-ինչ բաներ, ամեն բան ձեռք բերելու համար: Ընտրելով աշխարհը՝ մենք դառնում ենք խոցելի և անպաշտպան, որովհետև զրկվում ենք Աստծո ողորմությունից, օրհնությունից և շնորհներից և աղոթքով Նրանից օգնություն խնդրելու և ստանալու հնարավորությունից: Մենք այլևս Նրանը չենք լինի, և Նա չի լինի մերը: Պողոս առաքյալը Հռոմի քաղաքացի էր և անհրաժեշտության դեպքում շեշտում էր այդ և ներկայացնում այդ մասին հաստատող փաստաթուղթը: Այսօրվա մարդը ինքն է վերածվում փաստաթղթային հավելվածի, որ հայտնի չէ՝ ով և ում պետք է ներկայացնի: Խնդիրն այն չէ, որ մենք ինչ-որ թվի կվերածվենք, այլ որ կդադարենք մարդ լինելուց: Եթե մեր ճակատին մեր իսկ անունը դաջեն, բայց պահանջեն դրա դիմաց հրաժարվել Հիսուսից և ընտրել աշխարհը, նույն բանը կլինի: Կարևորը արարքի դրդապատճառն է. անհավատությունն ու աշխարհի հանդեպ մեղավոր սերը:

Քանի դեռ քրիստոնյաները չեն ուզում իրենց հավատը հույսի պարանով վեր հանել սիրողական մակարդակից առ Սեր, նրանք դատապարտում են իրենք իրենց:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Աղբյուր՝ Irates.am