Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Ռազմիկ Դավոյան․ Հավատի Հրավեր

Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք նրանց ծաղկեփնջեր,
մեր ամենօրյա երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել:

Ծաղիկները տվեք, որ չգնան,
որ էլ երբեւէ մեզ չլքեն,
ծաղիկների պես ժպտան իրար
եւ իրար սիրո հիմներ երգեն:

Թող նրանք, ովքեր հեռվում են դեռ,
լսեն դրախտի կանչը զնգուն
եւ թրթռոցով երջանկաբեր
կտրեն ճանապարհն իրենց անքուն:

Չդիմանան մեր զիլ կանչերին
եւ խենթի նման վազեն ու գան
բոլոր դժբախտներն անմխիթար
եւ արքայուհին, եւ խեղճ արքան:

Նրանք, որ ականջ ունեն, լսեն,
որ լրիվ սիրտ են, համակ հոգի,
որ անմտորեն ելան ի զեն՝
ոչ իբրեւ պաշտպան մեր բողոքի:

Թող իրար ձայն տան, ելնեն ու գան,
երջանկությունից մոլորվելով,
ողջ մարդկությունը դառնա մի մարդ
իր մասնատումից բոլորվելով:

Եվ մենք, հավաքված իրար գլխի,
հավատանք իրար, մեկտեղ խնդանք,
վերելակներով ելնենք երկինք,
ուրախանանք, որ Աստծուն գտանք...

...Տեսեք, գալիս են արդեն քիչ-քիչ,
քիչ-քիչ գալիս են, որ շատանան,
իրար սիրելու կանչն ամոքիչ
էլ չի հասկանում խեւ սատանան:

Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք խոշոր ծաղկեփնջեր՝
նվագողներին, երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել: