Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Գառնի

Գառնիի ամրոցը գտնվում է համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն:

Համալիրը ներառում է Գառնիի ամրոցը, Միհր աստծո տաճարը, խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս.Սիոն եկեղեցու և կից մատուռի ավերակները:

2000 թվականին ներառնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: 2011 թվականի մայիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011 թ. Մելինա Մերկուրի մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում միջազգային (ՅՈՒՆԵՍԿՕ - Հունաստան) հեղինակավոր մրցանակով:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Առասպելների և ավանդույթների համաձայն՝ Գառնին հիմնադրվել է մ.թ.ա․ 2166-ին։ Պատմահայր Մովսես Խորենացինբնակավայրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի: Միջնադարում հայ մատենագրության մեջ հիշատակվում է որպես «թախտն Տրդատայ» (Մովսես Խորենացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Աշխարհագիր, Միքայել Ասորի, Գրիգոր Դարանաղցի)։

Ըստ հնագիտական պեղումների, Գառնին դեռևս մ.թ.ա․ III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական և երկրագործական բնակավայրերից մեկը։ Գառնիի մասին գրավոր առաջին հիշատակության հեղինակը Ուրարտուի թագավոր Արգիշտի 1-ինն է: Նախքան հիմնելը նա նվաճում է Գեղամա լեռնաշղթայի ստորոտի այս հողերը, որի մասին բազալտի վրա արված սեպագրությունը գտնվում է հեթանոսական տաճարի մոտ, զառիթափի եզրին: Պատմագրության մեջ առաջին անգամ Գառնին հիշատակվում է Տակիտոսի մոտ՝ Cornea ձևով որպես ամրոց: Այն հիմնադրվել է հավանաբար մ.թ.ա.II դ։ Մ. թ. I դ․ կեսերին ամրոցն ավերել են հռոմեական․ զորքերը։ I դ․ 70-ական թթ՝ Հրոմեական նորն կայսրից որպես Արտաշատի ավերման փոխհատուցում ստացած ոսկիով Տրդատ I թագավորը վերականգնել է նաև Գառնին:

Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IV դ․ եպիսկոպոսանիստ բնակավայր։ Արշակունյաց թագավորության անկումից հետո (428-ին) Գ․ ծառայել է իբրև զորակայան՝ մերթ հայկական, մերթ պարսկական զորքերի համար։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IX դ․ 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դ․ սկզբին, Աշոտ II Բագրատունի թագավորի օրոք վերականգնվել է նաև ամրոցը։

X- XV դդ․ Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։ Արաբ աշխարհագիր Ցակուտը (1178-1229) Գառնին կոչում է «Ջուրնա քաղաք»։ 1225-ին Խորեզմի շահ Զալալեդդինի զորքերը Գառնիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության են մատնել Իվանե աթաբեկի գլխավորած հայ - վրացական․ միացյալ զորքին։ 1386-ին Գառնին ասպատակում են Լենկթեմուրի հրոսակները: XIV-XVII դդ․ Գառնին հերոսական դիմադրություն է ցույց տվել օտար նվաճողներին՝ մեծապես տուժելով նրանց ասպատակություններից։ 1638-ին թուրք, զորքերը ավերեցին ավանը, սրի քաշեցին բնակչության մի մասին, մնացածներին գերի տարան։ Շուրջ երկու հարյուր տարի այն լքված և ամայի էր։ Միայն Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացումից հետո, Թուրքմենչայի պայմանագրի (1828) համաձայն, Պարսկաստանից Ռուսաստանին անցած հայական հողերը գաղթող բնակչության թվում Մակու քաղաքից և նրա շրջակայքից եկած հայերը 1830-ական թթ․ սկզբներին հաստատվեցին Գառնիում և այն կրկին վերակենդանացավ։

Միհրին նվիրված տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, ով չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ:

Տաճարը կործանվել է 1679-ի երկրաշարժի ժամանակ։ Ավերակները բացվել են 1909-11-ին Նիկողայոս Մառի կողմից: 1934-36-ին ճարտարապետ Ն.Գ.Բունիաթյանը փորձել է վերականգնել այն: Ա․ Սահինյանի հեղինակությամբ վերակազմության նախագծով 1969-74-ին ամբողջապես վերականգնվել է տաճարի սկզբնական տեսքը։

Հնագիտական պետղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան, ուրարտական և երվանդական ժամանակաշրջանների բնակավայրի հետքեր, շինութունների հետքեր և հնագիտական մեծ արժեք ներկայացնող իրեր:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Գառնիի ամրոցը ճարտարապետական կառուցվածքների խոշոր խումբ է, որից առայժմ բացվել են հեթանոսական տաճարը և անտիկ շրջանի պալատական շենքի ու արքունի բաղնիքի մնացորդները։ Այդ շենքերը, զետեղված ամրոցի եռանկյունաձև վերջավորության ամենաբարձր հատվածում, իրենց դիրքով և ճարտարապետական․ ընդհանուր մտահղացմամբ ստեղծել են ինքնատիպ անսամբլ։

Միհրա աստծո տաճար: Անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը, որի գլխավոր ճակատը գտնվում է ամրոցի կենտրոնական մուտքի առանցքին։ Այն կառուցվել է I դ․ 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Այն կառուցվել է ուրարտական տաճարի տեղում։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո կառույցը եղել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցը)։ Արաբական տիրապետության շրջանում տաճարը վերացվել էր մզկիթի:

Շենքը ըստ ընդհանուր հորինվածքի պերիպտեր է, որի տարածական - ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Հատակագծում 5․05×7․98 մ չափի ուղղանկյունի սրահ է, մուտքի կողմից երկայնական պատերի շարունակությունների մեջ ներգծված նախամուտքով, որոնք արտաքինից շրջապատված են կարճ ճակատներում վեցական, երկար ճակատներում՝ ութական,այսպես կոչված, հռոմեական - հոնիական օրդերի սյուներով։

Պատերը կառուցված են կապտավուն որձաքարից, առանց շաղախի, որմնաքարերը միացված են երկաթյա կապերով, երկաթի ու քարի միացման հանգույցները լցված են կապարով։

Տաճարի աղոթասրահը ունեցել է գլանաձև (կիսաշրջանաձև) քարակերտ թաղակապ ծածկ, իսկ արտաքին սյունասրահների առաստաղները ծածկված են եղել որձաքարի խոշոր սալերով։ Մշակվել է քարային կոնստրուկցիաների հատուկ մի համակարգ, ուր բոլոր մանրամասները (ֆրիզ, քիվ, մուտքի սանդրիկ, նրա վրայից ընթացող շարքի քարերը, նույնիսկ սյունասրահների և նախամուտքի սալերը) ունեն թաղակապ կառուցվածքներին բնորոշ սեպաձև միացումներ։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ:

Սուրբ Սիոն եկեղեցի: Տաճարին կից պահպանվել են Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Կառուցվել է 659 թ՝ Ներսես III Շինող կաթողիկոսի պատվերով: Եկեղեցու ավերակները բացվել են 1907-1911 թթ. մասնակի պեղումների ընթացքում, իսկ 1949 թ. իրականացված պեղումներից հետո հուշարձանի պահպանված հիմնապատերը բացվել են ամբողջապես և մաքրվել հողից։

Սուրբ Սիոնը խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց է, համարվում է Զվարթնոցի տաճարի փոքրացված օրինակը։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղավորված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ։ Կառույցն արտաքուստ շեշտված է պայտաձև ելուստներով, ինչը խաչաձև հատակագծի շնորհիվ թույլ է տալիս կառույցն իրական չափերից առավել ընդարձակ ընկալել։

Կենտրոնական սրահը կազմում է գմբեթատակ քառակուսին։ Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից։ Եկեղեցու կառույցն արտաքինից ներառնված է 24 մ տրամագծով 24 կողանի եռաստիճան կորագիծ գետնախարիսխներ ունեցող բազմանիստ ծավալի մեջ։ Սկզբնական կառույցից ներկայումս պահպանվել են հիմնապատերը (2-3 շար) և ստորին երկու աստիճանների մնացորդները։ Շինանյութը` սրբատաշ տուֆն է, կրաշաղախով։

«Մաշտոց Հայրապետ» եկեղեցի: Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից կից XII դ. կառուցված կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին է, որն ավանդության համաձայն «Մաշտոց Հայրապետ» է անվանվում։ Կառուցված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մաշտոց I Եղիվարդեցու գերեզմանի վրա. 876 թ., արաբական հարձակումներից պաշտպանվելու նպատակով Մայր Աթոռն ու գանձերը Էջմիածնից տեղափոխվում են Գառնի, ուր և վախճանվել և թաղվել է կաթողիկոսը։ Եկեղեցու ավերակներից հյուսիս պահպանվել է կաթողիկոսի տապանաքարը։

Արքունական պալատ: Տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Նա մի ճակատով մասնակցել է տաճարի առջև սփռված հրապարակի ճարտարապետական-տարածական միջավայրի կազմակերպմանը, մյուսներով բացվել դեպի շրջապատի գեղատեսիլ բնապատկերը։

Հայկական գրավոր աղբյուրներում այն անվանվում է «զովության տուն». պալատի կողային ճակատների երկայնքով ձգվող սյունասրահները տեղադրված են եղել այնպես, որ Գառնիի կիրճից փչող զով զեփյուռը ազատ խաղա սրահներում։

Առայժմ բացվել են պալատական շենքի 40X15 մ տարածություն ընդգրկող նկուղային հարկի և հիմքերի մնացորդները։ Ութ մույթեր նկուղի ներքին տարածությունը բաժանում են երկու նավի։ Ծածկը թաղակապ է` կազմված պատերի քառանկյուն հարթ որմնամույթերին և ներքին տարածությունը նավերի բաժանող մույթերին հենված կամարներից։ Շինանյութը ճեղքված որձաքարն է` ամրացված կրաշաղախով։ Նկուղային հարկի հարավ-արևելյան կեսում 20x 12,5 մ մակերեսով երկնավանի կամարակապ դահլիճն է, իսկ մյուս կեսում գտնվում են տնտեսական․ նպատակների ծառայող բազմաթիվ սենյակներ։ Նկուղի սենյակներից մեկի ներսի ծեփի վրա պահպանվել են որմնանկարչության (կարմիր-վարդագույն ներկեր) հետքեր։ Հավանաբար, շատ ավելի հարուստ ձևավորում են ունեցել վերնահարկի սենյակները և արքայական ընդունելության սրահները։

Շենքի տանիքը եղել է փայտածածկ` հենված քարե հիմքի վրա կազմակերպված փայտե հեծաններին։ Հավանաբար, եղել են նաև փայտե խոյակներ, թեև ոչ մի նմուշ չի պահպանվել։

Բաղնիք: Պալատից հարավ է գտնվում արքունական բաղնիքը: Շենքը կիսավեր վիճակում է: Այն բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից, որոնց հարավ-արևելյան ճակատները արտաքինից ունեն կորագիծ, ներսից՝ կիսաշրջանաձև կամ պայտաձև հորինվածք։ Աոաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան), եղել է բաղնիքի նախասրահ - հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը (3.00×3.47; 2․96X3.57), եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիս - արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Բաղնիքը ջեռուցվել է հիպոկաուստի միջոցով։ Շինանյութը, ինչպես պալատական շենքի համար, եղել է ճեղքված որձաքարը, ծածկը՝ թաղակապ (թերևս գմբեթաձև)։

Գիտական-գեղարվեստական որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի հիմքում ընկած է առասպելական-դիցաբանական բովանդակություն։ Պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր») ու աստվածներից անուններ (Գլավկոս, Թետիս, էրոս)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու՝ ու կնոջ՝ Ծովի կիսանդրիներ, վերը գրված՝ «Չստացանք անգամ սատկած (ձուկ) ոչ ծովից, ոչ օվկիանոսից» կամ առավել ազատ թարգմանությամբ` «Աշխատեցինք` ոչինչ չստանալով»։ «ΜΗΔΕΝ ΛΑΒΟΝΤΕΣ ΗΡΙΑΣΑΜΕΘΑ ΚΑΝΕΝΑ ΝΕΚΡΟ ΔΕ ΜΑΣ ΕΔΩΣΕ Η ΘΑΛΑΣΣΑ ΟΥΤΕ Ο ΩΚΕΑΝΟΣ»:Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկական, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու III դ․ գործ:

Ամրոց: Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ․ թ․ ա․ Ill-II դդ․։ Ըստ Տրդատ I թագավորի շինարարական արձանագրության, այն վերակառուցվել է 77-ին։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ սիստեմը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավայի, հարավ - արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Պատերը շարված են սրբատաշ կապտավուն որձաքարից, չոր, առանց շաղախի, որմնաքարերը իրար միացված երկաթյա գամերով՝ ամրացված կապարով։ Աշտարակները կառուցված են երկու եղանակով, պաշտպանական տեսակետից առավել կարևոր հատվածում (մուտքի մոտ) ամբողջ մակերեսը շարված է համատարած խոշոր քարերով, իսկ մյուս աշտարակների արտաքին պարագծով կառուցված են 1:15- 1:50 մ հաստությամբ քարե շրջանակներ և նրանց մեջ լցված է բուտաբետոն (կազմված կրից, ավազից, ճեղքված որձաքարից և գետաքարից)։ Ամրոցն ունեցել է պաշտպանական հետաքրքիր համակարգ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Կայազորի կացարաններ: Ամրոցի գլխավոր մուտքի Աջ կողմում` ցածրադիր բլրի վրա պահպանվել են արքայական կայազորի կացարանների հիմքերը, որոնք թվագրվում են 3-4 դդ.։ Գլխավոր շինությունը կրկնում է պալատական շենքի հորինվածքը, շինության ներքին տարածությունը ջլատվում է փայտե մույթերով և քառանկյուն հարթ որմնասյուներով, որոնք կրում են գլանաձև թաղը։

Կայազորը պաշտպանում էր արքայական ընտանիքը, երբ վերջինս նստավայրում էր, ինչպես նաև ապահովում էր թագավորական ընտանիքի անվտանգությունը ցանկացած վտանգի դեպքում։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Գառնիի Միհր աստծո տաճարը Հայաստանում պահպանված հելլենիստական մշակույթի եզակի նմուշն է: Կոթողի մեջ միահյուսված են հելլենիստական և հայկական հնագույն ճարտարապետության տարրերը՝ որպես մեկ ամբողջություն: Առավել ուշագրավ են տաճարի որմնաքանդակները և հարդարանքները։

Զարդաքանդակներում (խոյակների բարձիկները, արխիտրավիսոֆիտներ, ֆրիզ, քիվ, առաստաղի սալեր ևն) դրսևորված է հայկական արվեստին բնորոշ՝ միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը։ Նույնիսկ ֆրիզի որոշակի ռիթմով կրկնվող ալիքաձև գալարներում ստեղծվել են մեկը մյուսին չկրկնող, լույսի և ստվերի հետաքրքիր խաղ առաջացնող բազմերանգ զարդամոտիվներ։

Ըստ տարածվքած վարկածի, տաճարը նվիրված է եղել Միհրի` Մերձավոր Արևելքում, իսկ նախաքրիստոնեական ուշ շրջանում՝ նաև Հռոմեական կայսրության գլխավոր աստծո պաշտամունքին: Միհրը հունական Հելիոսն է՝ արևն է կամ արևի աստվածը, և նույնանում է վաղ վեդայական Միտրե կամ պարսկական Միհր/Մեհրե աստվածների անվան հետ։ Որոշ աղբյուրներում այն Հելիոսի տաճար է անվանվում։ Միաժամանակ չի բացառվում, որ տաճառը կապված է եղել նաև ջրի պաշտամունքի հետ, նամանավանդ , որ ըստ պարսկական մի առասպելի Միհր-Մհերը սիրահարվում է մի ժայռի ոգու և մտնում է այդ ժայռի մեջ՝ ճիշտն այնպես, ինչպես «Սասնա Ծռեր» էպոսի փոքր Մհերը:

Համաշխարհային մշակութային մեծ արժեք է ներկայացնում բաղնիքի խճանկարը: Այն Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակն է։ Թեև խճանկարի գրությունները հունարեն են, պատկերները (ձկներ, ջրահարսեր, իխտիոկենտավրոսներ) արևելյան դիմագծեր ունեն։

Ամրոցի տարածքում հայտնաբերվել է ուրարտական Արգիշտի I թագավորի սեպագիր արձանագրությունը՝ Գառնիանի երկիրը նվաճելու մասին:

Տաճարի մոտ է գտնվում նաև Միհր աստծո տաճարի հիմնադրման մասին վիմագիր արձանագրությունը հին հունարենով: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կառուցել է Տրդատ I թագավորը՝ իր կառավարման 11-րդ տարելիցին: Արձանագրությունն արված է մեծ քարաբեկորի ոչ թե դիմահայաց, այլ կողային մակերեսին։ Ավելի ուշ` քարի վերնամասում խաչքար է փորագրվել։ Արձանագրությունը Հայաստանի տարածքում հունարեն լեզվով հնագույներից մեկն է: Ամրոցի տարածքում պահպանվել են պեղումների ընթացքում հայտնաբերված խաչքարեր և քարակոթողներ։ Ուշագրավ է բրոնզի դարով թվագրվող վիշապը [վիշապաքարը], որի պաշտամունքը բնորոշ էը նախաքրիստոնեական Հայաստանին: Գառնիի խաչքարերը ներկայացնում են խաչքարային արվեստի զարգացումը` վաղ քրիստոնեությունից մինչև միջնադար։

ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

1. Միհր աստծո տաճար
2. Սբ Սիոն եկեղեցի
3. Մաշտոց Հայրապետ եկեղեցի
4. Պալատ
5. Բաղնիք
6. Կայազորի կառույցներ
7. Պարիսպ
8. Մուտք

Աղբյուր՝ Ostarmenia.com