Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Տ. Եսայի քհն. Արթենյան. Նրա խաչն ու մեր խաչերը

Ինչպես որ սերը խաչում են, այնպես էլ սերը խաչվում է: Սա շատ հրաշալի խորհուրդ է և սա կարող է անել միայն ճշմարիտ Աստված: Աստվածային սերը իրապես խաչում է, և Աստվածային սերը խաչվում է: Աստվածային սերը մեզ հնարավորություն է տալիս խաչի վրա գամելու ամեն տեսակ չարիք, մեղք, սնոտիապաշտություն, որոնք կարող են խանգարել մեր և Աստծո հարաբերությանը: Այսինքն, սերն առ Աստված հնարավորություն է տալիս, որ խաչենք մեր մեջ այն ամենը, ինչը մեզ խանգարում է: Խաչը հետևաբար այն վայրն է, որտեղից սերը բարձրանում է առ Աստված և նաև, որտեղից սերը բաշխվում է մարդկանց:

Ամեն մեկս ունենք մեր խաչը: Կարևոր չէ, թե այդ խաչն ինչպիսին է՝ ծանր է կամ ոչ, ամեն մեկիս համար մեր խաչն է, որ պիտի տանենք, մենք չենք կարող այդ խաչը փոխել կամ ուրիշի խաչը վերցնել: Միշտ էլ վստահ եղեք, որ ուրիշի խաչը ավելի ծանր է լինելու: Բայց կարևորը, որ այն խաչը, որը մենք կրում ենք նման լինի Քրիստոսի խաչին` նկատի ունենալով ոչ թե արտաքին ձևը, այլ բովանդակությունը: Այլապես մենք Երկնքի Արքայություն հասնել չենք կարող: Խաչի խորհուրդը մարդու վերականգնումն է հնից դեպի նորը: Սա շատ հեշտ է պատկերացնել, եթե մենք ունենք հավատք:

Փարիսեցիներից ոմանք Հիսուսին, դրամ ցույց տալով, հարցրեցին. «Օրենքի համաձայն կայսրին տուրք տանք, թե՞ ոչ»: Քրիստոս հարցեց, թե ու՞մ պատկերն է դրամի վրա, նրանք պատասխանեցին` կայսրինը, ուրեմն ասաց. «Տարեք ինչ որ կայսրին է պատկանում, տվեք կայսրին, և ինչ որ Աստծուն է պատկանում, տվեք Աստծուն» (Մատթեոս 22.15-23): Մեր կյանքի վերանորոգման ամբողջ ճանապարհին պետք է կարևորենք Քրիստոսի այս պատգամը, որովհետև կյանքում կան բաներ, որոնք պատկանում են Աստծուն և կան բաներ, որոնք պատկանում են այս աշխարհին: Պետք է կարողանանք Աստծո կնիքը այս աշխարհի մեջ հստակորեն տեսնել, որն Աստվածային սերն է, Քրիստոսի խաչի պատկերը և խորհուրդը:

Աստված հավատում է մեզ: Իսկ Աստված անիմաստ, հենց այնպես որևէ բան չի անում: Աստված մեզ չի ստեղծել պարզապես կործանվելու համար: Եթե Աստված մեզ ստեղծել է, ուրեմն հավատում, սիրում ու վստահում է մեզ` սպասելով մեր փրկությանը: Մենք պետք է սա կարևորենք: Իրականում Աստծո սերն է, որ մեզ ծնել և կյանք է տվել և այսօր էլ կյանք է տալիս, որքան էլ մենք այդ կյանքից դժգոհ լինենք: Հիշենք Սուրբ Գրքից Մանասե թագավորին, ով բազում սրբապղծություններ արեց, տաճարը վերածեց կռապաշտության մի վայրի, սղոցեց Եսայի մարգարեին, բայց նա վերջին պահին արդարացավ և փրկվեց: Եթե նման մարդիկ կարող են արդարանալ, ասում է Նարեկացին, ուրեմն մենք էլ պետք է հույս ունենանք, որ Աստծո սիրո համար անհնարին ոչինչ չկա: Պարզապես մենք շատ հաճախ ուղղակի չենք վստահում Աստծուն, Նրա սիրուն և արդյունքում չենք էլ հավատում ինքներս մեզ: Բայց չենք էլ կարող հերքել, որ մենք ապրում ենք Աստվածային սիրո շնորհիվ: Մարդը կորցրեց դրախտը, բայց Աստծո կողմից տրված իր առաքելությունը` ոչ: Մարդը երջանիկ էր դրախտում, որովհետև որպես այգեպան այն մշակում էր: Աստված մարդուն դրախտից հանելով` չզրկեց նրան այգեպան լինելու առաքելությունից: Սա է Աստվածային արդարությունը, այսինքն սրանով Աստված հնարավորություն տվեց մարդուն վերադառնալու և վերականգնելու դրախտը, այն նորից մշակելու և ծաղկեցնելու: Ուրեմն Աստված սրանով մարդուն չզրկեց վերջնականապես դրախտը տեսնելու հնարավորությունից, որովհետև վերջին հաշվով մեր կյանքում պայքարը միայն մեղքերի դեմ չէ, այլ` այդ դրախտը վերականգնելու: Տխուր կլիներ մեր կյանքը, եթե մեր ամբողջ կյանքում մենք միայն մեղքերի դեմ պայքարեինք: Թեև շատերս էլ հենց այդպես էլ անում ենք ու անիմաստ տխրում: Ցավոք մենք ավելի շատ նայում ենք մեր սխալներին, քան ձեռքբերումներին: Իսկ եթե միայն մեր սխալներին նայենք, երբեք լավը չենք լինի: Պարզապես պետք է առաջ գնալ, լույսից դեպի ավելի լույսը, առաքինություններից դեպի ավելի լավ առաքինությունները: Քրիստոնյան նա է, ով Աստծուց է սովորում սիրել, սիրել այնպես, ինչպես ոչ ոք չի կարող սիրել: Այս անկեղծ սիրով է մեր խաչը նմանվում Քրիստոսի խաչին:

Աղբյուր՝ Holytrinity.am