Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Վիրավորանքը հաղթահարելու ուղիները

Մարդու կյանքը բաղկացած է գործողություններից, փոխներգործություններից և, իհարկե, փոխադարձ սպասումներից: Մարդու գիտակցության մեջ դեռ մանկուց ապրում են ստերեոտիպեր, որոնք որոշ մարդկանց համար պարտավորեցնող են: Օրինակ՝ հրշեջը պետք է անվախ լինի, հսկիչը՝ ուժեղ, բժիշկը՝ բարի, մարզիչը՝ տոկուն, մայրը՝ հոգատար և այլն: Սոցիալական սպասումները լիովին տրամաբանական են և օրինաչափ, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարդու վերաբերմունքը հոգևոր սպասումների նկատմամբ: Մատթեոսի ավետարանում ասված է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7:12): Մարդկանց մեծամասնությունն ապրում է սպասումների մեջ, բայց մի՞շտ են այդ սպասումներն արդարացվում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ բարիքի դիմաց անհարգալից են վերաբերվում: Սովորաբար մարդն ամեն տարիքում անցնում է վիրավորվելու տխուր փորձառության միջով: Մարդը վիրավորվում է, երբ խոսքով կամ արարքով խոցում են իր «ես»-ը, երբ ըստ արժանվույն չեն գնահատում և հարգում իրեն: Սարսափելին այն է, երբ այս ամենի արդյունքում մարդն ազատություն է տալիս վիրավորանքի զգացումին, կամ կեղծ խոնարհությամբ իր հոգում թաքցնելով վիրավորանքը, ատելությունն ու բարկությունը, տարիներ շարունակ ավերում է իր հոգին: Վիրավորվածությունը մեղսալից վիճակ է, այն պարարտ հող է մի շարք մեղքերի համար: Հաճախ վիրավորված անձը դառնում է սառնասիրտ, անտարբեր, կասկածամիտ, չի հավատում ոչ ոքի՝ իր կյանքից բացառելով մարդկանց, անգամ Աստծու հանդեպ սերը: Վերջ ի վերջո վիրավորանքը կարող է վերաճել չարության, կարող է քանդել միջանձնային հարաբերությունները՝ ազդելով նաև մարմնական առողջության վրա: «Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մեջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են» (Առակ. 17:22): Ըստ ուսումնասիրությունների՝ շատ հիվանդություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի խոցը, հիպերտոնիան, շաքարային դիաբետը, նյարդային համակարգի խախտումն առաջ են գալիս նաև վիրավորանքի զգացումը երկար ժամանակ սրտում պահելու պատճառով: Այդ պատճառով Քրիստոս պատգամեց. «Եթե քո եղբայրը մեղք գործի, հանդիմանի՛ր նրան և եթե զղջա, ների՛ր նրան: Եթե նույնիսկ մեկ օրվա մեջ յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ էլ քեզ մոտ գալով ասի՝ «Զղջում եմ», պետք է ներես նրան» (Ղուկ. 17:3-4):

«Երբ վիրավորվածը տեսնում է, որ իր հարվածը չի հասնում իրեն վիրավորողի հոգուն, այդ դեպքում ինքն առավել է տանջվում, իսկ երբ վիրավորվածը լռում է, ապա վիրավորանքի հարվածը ետ է վերադառնում նրան, ումից ուղարկվել է»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Այսինքն՝ ժամանակակից լեզվով, գործում է բումերանգի օրենքը: Վիրավորվելը կամ չվիրավորվելը մարդու ընտրության հարցն է: Հիշենք, երբ Քրիստոս գնացել էր Նազարեթ քաղաք, ուր սնվել ու մեծացել էր և ժողովորանում քարոզում էր Աստծու խոսքը, այնտեղ գտնվողները բարկությամբ լցվեցին, Նրան քաղաքից հանեցին և լեռ տարան, որ ցած գցեն այնտեղից, բայց Հիսուս անցավ գնաց նրանց միջով (Ղուկ. 4:29): Քրիստոս չվիրավորվեց նրանցից: Առաքյալներից Հուդան, որ երեք տարի Քրիստոսի կողքին էր, ում սիրում էր Փրկիչը և փորձում էր չարից փրկել, դավաճանեց Նրան երեսուն արծաթով: Հիսուս չվիրավորվեց նրանից: Քրիստոս խաչվեց ողջ մարդկության մեղքերի համար, իսկ մարդիկ անցնում էին նրա մոտով և ծաղրում: Մեր Տերը չվիրավորվեց, այլ հակառակը՝ խնդրեց Հորից ներել նրանց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկ. 23:34):

Սխրանք է գործում նա, ով կարողանում է ներել վիրավորանքը, քանի որ ներողն իր ցավի և վիրավորանքի ներքո կարողանում է տեսնել այն թերությունները, որ իր մեջ ևս կան: Մարդու համար կարևոր է ընդունել այն, որ կյանքը դպրոց է, և փորձությունները, որ թույլ է տալիս Աստված, կյանքի անհրաժեշտ դասերն են՝ համբերություն և խոնարհություն ձեռք բերելու համար: Վիրավորված անձը երբեք չի խաղաղվի, եթե չսովորի համբերել. Տերը հորդորում է՝ ով համբերի, նա կփրկվի (Մատթ. 10:22): Վիրավորանքը փորձություն է բոլոր մարդկանց համար: Վիրավորանքի և վրեժխնդրության մեղքերի մեջ ընկան Քրիստոսի առաքյալները, որոնց Փրկիչը Երուսաղեմ գնալիս ուղարկել էր Սամարիայի գյուղերից մեկը՝ Նրա համար պատրաստություն տեսնելու: Սակայն սամարացիները չընդունեցին Հիսուսին, քանի որ նա Երուսաղեմ էր ուղևորվում: Դա առիթ հանդիսացավ, որ առաքյալները վիրավորվեն, և նրանցից Հովհաննեսն ու Հակոբոսն ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես ասենք, որ երկնքից կրակ տեղա և սպանի նրանց»: Հիսուս հանդիմանեց նրանց՝ ասելով. «Չե՛ք իմանում՝ ինչ տեսակ հոգու եք պատկանում. որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց կորստյան մատնելու, այլ նրանց փրկելու» (Ղուկ. 9:51-56): Առաքյալներն այս կերպ էին փորձում լուծել առաջ եկած դժվարությունները:

Վիրավորվածությունը հպարտության արտահայտություն է, այսինքն՝ վիրավորանքը հաղթահարելու համար անհրաժեշտ է հաղթահարել հպարտությունը և խոնարհություն դրսևորել, որ կատարյալ սիրո արտահայտություն է: Տերը հորդորում է բարություն անել մեզ ատողներին և աղոթել նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են մեզ (Մատթ. 5:44): Եկեղեցու հայրերը հորդորում են ոչ միշտ, բայց երբեմն վիրավորանքին լռությամբ պատասխանել, որ խոնարհություն է և լռել ոչ միայն շուրթերով, այլ նաև՝ սրտով: Երբ Հիսուս հրեաների ատյանի առաջ էր, ի պատասխան Իրեն ուղղված ամբաստանությունների, Նա լուռ էր (Մատթ. 26:63): Գուցե թույլ և տկար մարդու համար դժվար է ձեռք բերել նման խոնարհություն, բայց Աստծու օգնությամբ անհնարինը դառնում է հնարավոր: Տերը նախ և առաջ հորդորում է Իրեն միավորվել խոնարհությամբ. «Եկե՛ք Ինձ մոտ բոլորդ... և սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթ. 11:23-29): Պարզ է, որ առանց խոնարհության հնարավոր չէ միավորվել Աստծուն և վայելել աստվածային նախախնամությունը: Այդ պատճառով եկեղեցու հայրերն ասում են՝ մի՛ փնտրիր հրաշք, այլ փնտրիր խոնարհ մարդու, որ հրաշքների հրաշքն է: Մարդը պետք է ձգտի խոնարհության, որ գագաթն է բոլոր առաքինությունների, բայց հնարավոր չէ լեռան գագաթը հասնել, առանց անցնելու ողջ լեռը, այդ պատճառով անհրաժեշտ է ձեռք բերել մյուս առաքինությունները՝ հասնելու համար նրանց գագաթին՝ խոնարհությանը: Գուցե հեշտ է խոնարհվել Աստծու առաջ՝ խոստովանելով մեր տկարություններն ու մեղքերը, բայց դժվար է խոնարհվել մերձավորի առջև, ինչին խանգարում է հպարտությունը և դիմացինին թերագնահատելը: Սովորաբար մարդը չի նկատում իր սխալներն ու թերությունները, մինչդեռ մանրամասնորեն նկարագրում է մերձավորի սխալները, դատում և մեղադրում է նրան այն մեղքերի համար, որ ինքն էլ ունի: «Ոչինչ այնպես չի բարձրացնում մարդուն Աստծու առջև, որքան ներողամիտ վերաբերմունքը մերձավորի թերությունների հանդեպ»,- ասել է Ս. Օգոստինոս Երանելին:

Մեր ճանապարհին հանդիպած փորձությունները խոնարհությամբ հաղթահարելով՝ ընթանանք դեպի Տերը, Ով խոնարհաբար լվաց Իր առաքյալների ոտքերը՝ ասելով. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» (Հովհ. 13:14-15): Տերը ոչ թե մի քանիսից, այլ բոլորից պահանջեց. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48):

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am