Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Դանիել Դզնունի. Կենսագրություն

Դանիել Մարտինի Դզնունի (իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան, 1895, հոկտեմբերի 2, Կարասուբազար (այժմ՝ քաղաք Բելոգորսկ, Ղրիմ) - 1967, հոկտեմբերի 30, Երևան), հայ արվեստաբան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Կենսագրություն

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։

Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին, ով մինչ այդ գտնվում էր Թիֆլիսում ու հասցրել էր իրագործել վրացական կինոյի հիմնադրումը` այնտեղ բեմադրելով երեք կինոնկար: Ըստ Դզնունու՝ նրանք սկսել են ընդամենը 60 ռուբլուց նկարահանել կինո մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր տեսել ջարդ, գաղթ ու պատերազմներ։ Հենց այս ֆիլմի համար 1938 թվականին նա բռնադատվել է 1938-1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Արդարացվել է 1954 թվականին:

Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

Երկեր

«Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայպետհրատ, 1961 . 269 էջ։

«Գրիգոր Ավետյան», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ ՀԹԸ, 1963 . 166 էջ..

«Համբարձում Խաչանյան» Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայաստան, 1967. 97 էջ։

«Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի