Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Ոսկան Երևանցի. Կենսագրություն

Ոսկան Երևանցի (նաև՝ Ոսկան Ջուղայեցի, Ղլիճենց, Ոսկան վարդապետ, 1614, Նոր Ջուղա, Սպահան, - 1674, փետրվարի 4, Մարսել, Ֆրանսիա), հայ արքեպիսկոպոս, տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան:

Կենսագրություն

Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն: Մոտ 1634 թվականին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր: Էջմիածնում Ոսկան Երևանցին ծանոթացել է Դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, որը Հայաստան էր եկել Աստվածաշնչի հայերեն բնագիրը լատիներեն Վուլգատային հարմարեցնելու հանձնարարությամբ: Ոսկան Երևանցին նրանից սովորել է լատիներեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, քերականություն, փոխադրել լատիներեն քերականության մի դասագիրք, ապա հարմարեցրել գրաբարին, դարձրել լատիներեն կաղապարով գրաբարի քերականության դասագիրք, լատիներենից կատարել մի շարք թարգմանություններ:

Ոսկան Երևանցու կողմից խմբագրված «Ելից Գիրք» (Աստվածաշունչ) գիրքը

Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662 թվականին մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664 թվականի աշնանը ստանձնել Ամստերդամի Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան տպարանի (1660 թվականին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը: Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը, որը գրվել էր 1295 թվականին՝ Հեթում Բ-ի պատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180): Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում): Տպագրելիս փորձել է միջին դիրք գրավել դասական հայերեն բնագրի և Վուլգատայի միջև, որպեսզի այն ընդունելի լիներ հայոց տարբեր դավանական համայնքների համար, որոնց նա լատիներեն գրքի փոխարեն առաջարկելու էր հայերենն ու հայատառը:

Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11-1668 հոկտեմբերի 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Բանիմացորեն կիրառված են հայկական առոգանության գրեթե բոլոր հիմնական նշանները, գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:

Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է 14 անուն գիրք՝ Նոր կտակարան (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (1669), «Տօնացոյց» (1669), Շարակնոց (1664-65, 1669) և այլն: Նա մտադրվել էր Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը տվել է նրան այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվել այն մտքին, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար: Նա Ֆրանսիայից անցել է Իտալիա, կանգ առել Լիվոռնոյում, այնտեղ տպագրել «Պարտէզ հոգեւոր» (1670) և Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» (1670) թարգմանական գրքերը: Այստեղ նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը փոխադրել է Մարսել՝ ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ է պատճառել նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստացել հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին: Նրանից պահանջել են հաերեն ու լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն և հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը: Չնայած այդ ամենին, նա որոշել է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որևէ բան չտպագրել: Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացրել է իշխանությանը: Սկսվել է գործի քննություն: Ոսկան Երևանցին հուսալքված անկողին է ընկել ու մահացել: Ոսկանյան տպարանը գործել է քառորդ դար: Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռնոյում, Մարսելում տպագրվել են 40 անուն կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր[2][3]:

Իր ինքնակենսագրությունը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երեւանցւոյ եւ կենցաղավարութիւն նորին» վերնագրով ժամանակին հրատարակել է իր ձեռքով Առաքել Դաւրիժեցու «Գիրք Պատմութեան» (Ամստերդամ, 1669) աշխատության վերջում, որպէս գրքի ԾԷ գլուխ։ 1666-1668 թթ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը, որը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։ Մինչև 1669 թ. լույս է ընծայում Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցու առակները և այլն։ Տպագրական գործունեություն է ծավալել նաև Լիվոռնոյում և Մարսելում։

Աշխատություններ

Ոսկան Երևանցու հրատարակություն՝ Աստուածաշունչ, Ամստերդամ, 1666։

Կտակ Ոսկան վարդապետ Երևանցու, - Գրգուկ հանապազորդեան…, Մարսիլիայ, 1676։

Мирзоян Г. К. Философский труд Воскана Ереванци «О единичности и единстве: одинаковы они или различны». Պատմա-բանասիրական հանդես, 1971, № 3, стр. 165-173

Ոսկան Երևանցու տպագրած գրքերը

Շարակնոց, Յամսդէլօտամ, 1664-1665։

Քերականութիւն, Ամստէրդամ, 1666։

Աստուածաշունչ, Ամստերդամ, 1666։

Մաշտոց, Յամսթէլօտամ, 1667։

Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, Յամսթէլօտամ, 1668։

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Յամսթէլօտամ, 1669։

Շարակնոց, Յամսդէլօտամ, 1669։

Գիրք Սաղմոսաց Դաւթի, Մարսիլիա, 1673։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի