Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Ստեփան Ռոստոմյան. Կենսագրութուն

Ստեփան Արզումանի Ռոստոմյան (ապրիլի 4, 1956, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009): Ռոստոմյանը հետխորհրդային շրջանի այն կոմպոզիտորներից է, ում գործեր են պատվիրել այնպիսի մենակատարներ և անսամբլներ, ինչպիսիք են Օլեգ Կոգանը, Յուրի Բաշմետը, Լոնդոն Սիմֆոնիետանը։ Շոտլանդական արվեստի խորհուրդը չորս անգամ ֆինանսավորել է Ռոստոմյանի պատվերները և յուրաքանչյուր պրեմերիա կամ կատարում որակել է որպես սենսացիոն հաջողություն։ Նրա ստեղծագործություններից շատերը, ըստ ամերիկյան Leonardo ամսագրի հայտնի են դարձել Արևմուտքում։ Նրա ստեղծագործություններից «Հրեշտակի տաղ», տաղերի եռյակ (հայկական միջնադարյան հոգևոր երաժշտության ձև) բազմիցս կատարվել է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում և արժանացել բարձր գնահատանքի։ Ռոստոմյանը գրել է երաժշտություն բազմաթիվ ներկայացումների և ֆիլմերի համար։ Նա հանդիսանում է հայկական երաժշտության և մշակույթի դեսպան՝ ներկայացնելով այն տարբեր դասախոսությունների, կոնֆերանսների արտերկրում։ 1989 թվականին հրավիրվել է աշխատելու Գլազգոյի համալսարանի էլկտրո ակուստիկ ստուդիայում։ Հետագայում այդ փորձը բերել է Հայաստան, բացել է էլէկտրոնիկ երաժշտության բաժին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ռոստոմյանը լավագույն 500 առաջատար կոմպոզիտորներից է, ում աշխատանքները ներառված են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատուում:

Կենսագրություն

Ստեփան Ռոստոմյանը ծնվել է Կիրովականում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարանը, 1980 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (Ղազարոս Սարյանի և Ավետ Տերտերյանի դասարան)։ 1980-1984 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական կապելլայում՝ որպես երաժշտական խորհրդատու։ 1989 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ դոցենտ, 2000 թվականից՝ պրոֆեսոր: 1989-1990 թվականներին աշխատել է Գլազգոյի «Շոտլանդիա» համալսարանում, 1990-1992 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար։ 1994-2002 թվականներին եղել է «Գանձասար» հոգևոր կենտրոնի շարականագիտական բաժնի ղեկավարը և երաժշտական խմբագիրը, 1997 թվականից հայ ժամանակակից երաժշտության կենտրոնի տնօրենն է, 1999 թվականից՝ հայ երաժշտության ինֆորմացիոն կենտրոնի նախագահ, 2000 թվականից՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար, 2000-2002 թվականներին` «Վեմ» դասական ռադիոկայանի տնօրեն։ 2001-2002 թվականներին «Քրիստոնյա Հայաստան» և «Համաքրիստոնեական մշակույթ» միջազգային դասական և հոգևոր երաժշտության փառատոների գեղարվեստական ղեկավար։ 1999 թվականից ԱՄՆ կոմպոզիտորների միության, 2003 թվականից՝ Մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է:

Ստեղծագործություններ

«Տաղ սուրբ երրորդության», 2012, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար։ Պատվիրված է «Դիլիջան» համերգաշարի կողմից, ԼԱ, Ամերիկա։

«Տաղ ավետման», 2008, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, սոպրանոյի, դաշնամուրի, հարվածային գործիքների համար։ Պատվիրված է Cove Park արվեստի միության կողմից, Մեծ Բրիտանիա։

«Մուտք» օպերա, 2002, գրված նվագախմբի, ժողովրդական գործիքների (դուդուկ, զուռնա, պկու), շոտլանդական պարկապզուկի, ավստրալիական դիջիրիդուի համար։ Պատվիրված է Լոնդոն Սիմֆոնետայի կողմից և առաջին անգամ կատարվել է նրանց կողմից Երևանում 2002 թվականին։

«Տաղ հրեշտակային», 2001, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի և սոպրանոյի համար։ Պատվիրվել և առաջին անգամ կատարել է «Մենակատարների անսամբլ»-ը, Ցյուրիխ, Շվեյցարիա։ (20, սեպտեմբեր 2001)

2000-ին գրել է երաժշտություն «Խոր վիրապ» թատերական ներկայացման և համանուն ֆիլմի համար (ռեժիսոր Խորեն Աբրահամյան)` պատվիրված Հայաստանի կառավարության և Եկեղեցու կողմից` Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա տարելիցի կապակցությամբ։

Սիմֆոնիա թիվ 4, 1998, պատվիրված «Պարագոն» անսամբլի և շոտլանդական արվեստի խորհրդի կողմից։ Այս սիմֆոնիան ունի կատարման երկու տարբերակ։ Առաջին տարբերակը նախատեսված է մեծ նվագախմբի և ֆոնոգրամների համար (երգչախմբեր, եկեղեցական զանգեր, հայկական ազգային գործիք՝ դուդուկ)։ Երկրորդ տարբերակը նախատեսված է 15 մենակատարների և ֆոնոգրամների համար։ Երկրորդ տարբերակի համաշխարհային պրեմերիան տեղի է ունեցել Գլազգոյի երաժշտության և դրամայի թագավորական շոտլանադական ակադեմիայում, կատարվել է «Պարագոն» անսամբլի կողմից (դիրիժոր՝ Դեվիդ Դևիս)։ Հետագայում ունեցել է բազմաթիվ կատարումներ։

1989-1996 Ռոստոմյանը գրել է երաժշտություն մի քանի ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։ Նրա երաժշտությունը օգտագործվել է Արա Վահունու և Զոհրապ Պապոյանի ֆիլմերում։

Փողային կվինտետ թիվ 2, 1989 պատվիրված «Պարագոն» անսամբլի և «Նյու բեգիննինգս» փառատոնի կողմից։ Համաշխարհային պրեմերիան կայացել է «Նյու բեգիննինգս» փառատոնում, Գլազգո, նոյեմբեր, 1989: Կատարվել է ամբողջ աշխարհի հեղինակավոր փառատոներում։

Սիմֆոնիա թիվ 3, 1989, կամերային անսամբլի և ֆոնոգրամների համար՝ պատվիրված «Պարագոն» անսամբլի և «Նյու բեգիննինգս» փառատոնի կողմից։ Պրեմիերան կայացել է «Նյու բեգիննինգս» փառատոնում Գլազգո, նոյեմբեր, 1989: Համարվել է երբևէ պատվիրված ամենահաջող գործերից մեկը և ունեցել անհամար կատարումներ։

Սիմֆոնիա համար 2, "Lux Aeterna", 1986, նախատեսված կամերային նվագախմբի, երգչախմբի, 2 մենակատարների և եկեղեցական զանգերի համար։

«Թանկա», 1983- վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար՝ հին ճապոնական պոեզիայի տեքստով։ Առաջին անգամ կատարվել է Երևանի կոմպոզիտորների միությունում։ Աշխատությունն ահռելի հաջողություն է ունեցել անդրկովկասյան կոմպոզիտորների փառատոնին՝ Թբիլիսի, Վրասատան։

Սիմֆոնիա թիվ 1, 1980- ամբողջական սիմֆոնիկ նվագախմբի համար։ Արժանացել է հանրապետական մրցանակի սիմֆոնիկ երաժշտական մրցույթում։ Պրեմերիան կայացել է 2007 թվականին։ Կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր՝ Փոլ Մըքկալինդին։

Փողային կվինտետ թիվ 1, 1980- առաջին անգամ կատարվել է մենակատարների անսամբլի կողմից Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնում։

Էսքիզներ, 1980, սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Եռյակ», 1979, ջութակի, կլառնետի, դաշնամուրի համար։

Լարային քառյակ, 1978, առաջին անգամ կատարվել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային քառյակի կողմից։

Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2014)

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)

Լեոնարդո դա Վինչի շքանշան (2007) Իտալիա

Ալբերտ Շվայցերի մեդալ (2005) Հանովեր

«Պետրոս 1-ին» մեդալ (2006) Մոսկվա

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2006)

Եվրոպական միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (2006)

Միջազգային բնական գիտությունների և հասարակության ակադեմիայի /IASNS/ ակադեմիկոսի կոչում (2003)

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաըներության։