Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ Ա)

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական՛ զոհաբերություն,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Ըստ մարգարեի ամբաստանության,
Կամ թե սաղմոսի առակում հիշված
Անիրավությունն այն Բաբելոնի.
Ընդունելի թող լինի կամքին քո,
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն` Դավթի խորանում,
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,
Որն իր վերստին գերեդարձությամբ
Ասես նաև իմ կորուսյալ հոգու
Վերագտնումն է խորհրդանշել։ Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի,
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,
Սպառազինված զենք ու սուսերով՝
Բախվում են իրար ոսոխների պես,
Դարձնելով համակ ինձ մահվան գերի,
Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չէր հասել։
Առաքյալներից Պողոսը ընտրյալ
Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ՝
Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո։
Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում,
«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր
Հովսափաթի այն նեղանձուկ հովտում
Եվ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդեսներում՝ երկրային կյանքի օրինակներով
Հանդերձյալները պիտի պատկերվեն,
Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա
Դատաստանն արդար մարմնացած Աստծո,
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախոս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացած ձեռքն հարվածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարեի ու առակողի,
Դռանս հասած, տագնապելով ինձ,
Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական։
Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել՝
Կյանք տալու համար այն հոգիներին.
Որոնք մատնվել են ամենավարան
Վտանգների ու տարակուսանքի,
Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ՝
Անհասանելի քո բարձունքներում։