Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Անաստաս քահանայի մասին

Մեծագործ Բարսեղ հայրապետի մյուս սքանչելիքները ևս պատմեմ։ Օրերից մի օր սուրբ հայրապետը կամեցավ դուրս գալ քաղաքից որևէ մեկին չասելով, թե ուր է գնալու, և մենք հանդիպեցինք նրան. ասում է մեզ. «Որդյակներս, եկեք իմ հետևից, որպեսզի տեսնեք Աստծու փառքերը»,- և ելնելով մեր քաղաքից` գնացինք։ Սուրբ Հոգին լուր տվեց Անաստաս քահանային, և [նա] ասում է իր կնոջը, որ անվամբ կին էր, իսկ գործերով` քույր. «Ես գնում եմ հող մշակելու, ո՛վ իմ տիկին և քույր, և դու արի՛ և զարդարի՛ր քո տունը և իններորդ ժամին խնկով և մոմերով դուրս արի սուրբ Բարսեղ արքեպիսկոպոսին հանդիպելու, որովհետև գալու է մեր` մեղավորներիս հարկի տակ»։ Իսկ նա դողաց փառավորագույն խոսքերից, արեց` որպես և հրամայվեց իրեն։ Ինքը կույս էր, պարկեշտությամբ էր վարել իր կյանքը, քառասուն տարի տնակեցությամբ մնացել էր ամուսնու մոտ, և պահել իր խորհուրդը` մարդկանց ասելով թե ինքն ամուլ է։ Եվ մեզ հանդիպեց ճանապարհին` ինչպես կարգն է և պատշաճ` երկրպագություն տվեց, նախ օրհնվեց մեր հորից, ապա ասում է նրան սուրբը. «Ի՞նչպես ես տիկին Թեոկնի, որ թարգմանվում է Աստվածածանուհի»։ Իսկ նա հիանալով իր անունը տալուց` ասում է. «Լավ եմ, Աստծու սուրբ»։ Մեր սուրբ հայրն ասում է. «Ո՞ւր է տեր Անաստասը` Աստծու քահանան, քո եղբայրը»։ Կինը նրան ասում է. «Այրն իմ տերն է և գնացել է երկրագործության»։ Սուրբը նրան ասում է. «Տուն է դարձել, մի՛ շփոթիր»։ Իր անունը տալու համար հիանում էր կինը նրա խոսքերից և ոչ միայն դրանով, այլ նաև, որ ասաց իրեն թե` «Նրա կինն ես, բայց միայն անունով, իսկ գործերով քույրն ես»։ Եվ հիացմունքից նա դողով բռնվեց և երեսնիվայր ընկնելով գոչում էր ասելով. «Աստծո՛ւ սուրբ, աղոթիր ինձ` մեղավորիս համար, որ մեծ և սքանչելի իրողություններ եմ տեսնում քո մեջ»։ Եվ աղոթելով անցավ մեր ամենքիս առջևից գնաց։ Երբ եկանք տան մոտ, երեցը սրբի դիմաց ելավ և նրա ոտքերն ընկնելով` աստվածային ողջույն տվեց։ Երեցն ասում է սրբին. «Ո՛րտեղից է այս [պատիվն] ինձ, որ Աստծու սուրբը եկել է ինձ մոտ»։ Իսկ Աստծու սուրբն ասում է նրան. «Բարի գտա քեզ, Քրիստոսի աշակերտ, գնա, որպեսզի Աստծու սուրբ պատարագը մատուցես»։ Որովհետև երեցը օրն անց էր կացնում պահքով` բացի շաբաթ և կիրակիներից և ոչինչ չէր ճաշակում բացի հացից և ջրից։

Եվ երբ եկեղեցի հասանք, սուրբ արքեպիսկոպոսը հրաման տվեց քահանային, որ պատարագ մատուցի։ Եվ նա ասում է. «Սուրբդ Աստծու, ինչպես ուսուցանում են` նվազը լավից կօրհնվի»։ Ասում է նրան մեր երջանիկ հայրը. «Քո առաքինի վարքից հետո նաև անսա»։ Եվ լսելով` երեցը մատուցում էր սուրբ պատարագը և երբ բարձրացնում էր Աստծու Որդու կենդանարար մարմինն ու արյունը, սուրբ Բասիլիոսը` արժանավորներից ոմանց հետ միասին, տեսնում էր ամենաՍուրբ Հոգին` լույսի նմանությամբ շրջապատած խորանն ու քահանային։ Եվ մեր հաղորդվելուց հետո գոհություն մատուցեցինք Տեր Աստծուն, եկանք քահանայի տունը, և կերակուր ճաշակելիս արքեպիսկոպոսը նրան ասում է. «Պատմի՛ր ինձ, ո՛րտեղից է քո այդ գանձը, և ինչ է քո վարքը»։ Երեցը նրան ասում է. «Մեղսավոր մարդ եմ, հանրային հարկի հնազանդ. երկու եզան լուծ ունեմ` մեկով ես եմ վարում, իսկ մյուսով` վարձկանը։ Եվ ինչ Աստված տալիս է, երկու մասի ենք բաժանում` մեկն առնում ենք օտարասիրության կարիքների համար, իսկ մյուսը` հարկահանների։ Եվ ծառայակիցս, որ հետս է, իմ կինն է. սպասարկում է ինձ և օտարներին»։ Սուրբը նրան ասում է. «Նրան քույր կոչիր, որպես և է իսկապես։ Եվ պատմիր ինձ քո կյանքը»։ Երեցը նրան ասում է. «Երկրում բարիք չեմ ստացել, օտար եմ ամենայն բարի գործերից»։ Այնժամ սուրբը նրան ասում է. «Վեր կաց, միասին գնանք»։ Եվ երեցի ձեռքից առնելով` մեզ մի խուց բերեց և ասում է. «Բաց մեզ տանդ դուռը»։ Պատասխան է տալիս երեցը և ասում է. «Ո՛չ, տե՛ր, սուրբդ Աստծու, մի՛ մտեք այդտեղ»։ Ասում է նրան սուրբը. «Ես հենց քո այդ կարիքների համար եկա»։ Երեցի չկամենալով` փականքները բացվեցին, և ներս մտնելով այնտեղ տեսանք մի բորոտ տղամարդու, որ վրան առողջ տեղ բոլորովին չուներ։ Եվ ոչ ոք չգիտեր, թե այնտեղ հիվանդ կա` բացի քահանայից և իր զուգակցից։ Սուրբն ասում է երեցին. «Ինչո՞ւ կամեցար թաքցնել այս գանձը»։ Երեցը նրան ասում է. «Բարկացկոտ է, տեր իմ, և թշնամանող ու նեխած։ Դրա համար արգելափակել եմ սրան, որ մեջ չընկնի»։ Ասում է նրան մեր սուրբ հայրը. «Բարով ես ծառայել դրան, բայց հրամայիր ինձ այս գիշեր սպասավորել դրան, որ ես քո վարձքն ընկալեմ»։ Եվ սրբին ներս թողնելով բորոտի մոտ, որն այնքան ախտավոր էր, որ նույնիսկ ձայն չուներ, որպեսզի պատմեր ախտի ծանրությունը, դուռը փակելով գնացինք։

Իսկ վիրավորյալների բժիշկը ամբողջ գիշեր նրա վրա աղոթեց Աստծուն, որ բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկի և առողջություն տա նրան։ Իսկ քահանան Հոգով ախտերի բժշկվելն իմանալով, մեզ մոտ լինելով ասում է. «Փառք քեզ, Աստված, որ կատարում ես քո երկյուղածների կամքը և նրանց խնդրածները»։ Եվ ասում է մեզ. «Ահավասիկ հիվանդների բժիշկը բուժեց մարդուն»։ Եվ նույն ժամանակ ձայն տալով սուրբն ասում է. «Բացեք դռները մեզ [համար]»։ Եվ մենք գնալով բացեցինք տան դռները, և նա հանեց փտախտավոր բորոտին` ամբողջովին ողջանդամ, մարմնի վրա վերք չունենալով, հստակ խոսելով և Աստծուն փառավորելով։ Եվ այս մեծ սքանչելիքների լինելուց հետո ցնծությամբ քաղաք վերադարձանք` հավիտյան Աստծուն օրհնելով։

Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)
Աղբյուր՝ Gratun.org