Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Նա անցնում էր փողոցով և տարբերվում էր բոլորից

«Նա անցնում էր փողոցով և տարբերվում էր բոլորից. տարբեր` երկար մազերով (այն ժամանակ տղամարդիկ երկար մազեր չէին պահում), հագվածքով, մենակնոցով, ձեռնափայտով և ընդհանրապես պահվածքով: Տարբեր ամեն ինչով: Քայլում էր այնպես, ասես իրեն մի գաղտնիք էր հայտնի և այդ գաղտնիքը նրան առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ:

Եվ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, թե մի օր կբացի իր գաղտնիքն ի լուր ամենքի: Կկանգներ, կզրուցեր մեկի հետ ու հետո նորից կշարունակեր իր ճանապարհը՝ բարևելով ու բարև առնելով: Տպավորությունն այնպես էր, որ այս քաղաքից չէ, - Փարիզյան մի շուք կար վրան:

Երբ գնայիր նրա արվեստանոցը, եթե չէր աշխատում, նշանակում է շրջապատված է երիտասարդ նկարիչներով: Սիրում էին լսել նրան: Գիտեին, որ հետաքրքիր շատ պատմություններ են հայտնի նրան, գիտեին, որ դիվային խելք ունի և նրա յուրաքանչյուր զրույց մի դաս է:

Նա գիտեր, թե ով է ինքը: Գիտեր, որ գալու է իր օրը: Չէր հուսահատվում, թեև շատ ծանր օրեր էր տեսել: Միշտ պատրաստ էր կռվի ասպարեզ մտնել, եթե դա պահանջում էր արվեստի շահը, և միշտ թևքերը քշտած էին աշխատելու համար: Եթե պետք էր` կարող էր գիշերները լուսացնել: Ո՞ր մեծ արվեստագետը աշխատասեր չի եղել:

Փողոցով անցնում էր հպարտ և՛ 30-40-ական թվականներին, երբ հատուկենտ բարեկամներ ուներ մտավորականների աշխարհից, և՛ 50-60-ական թվականներին, երբ իր գաղտնիքը հայտնել էր աշխարհին` Սասունցի Դավթով հիանում էին բոլորը և շատ նկարիչներ, բոլորն էլ երիտասարդ, բոլորն էլ ժամանակակից հովերով տարված, նրան համարում էին իրենց ուսուցիչը, թեև նա պաշտոնապես ոչ ոքի դաս չէր տվել:

Ո՞ւմ համար ուսուցիչ չեղավ: Ո՞վ նրան իր ուսուցիչը չհամարեց: Դա մի բախտ էր, որ քչերին էր բաժին ընկնում: Եվ որքան նրան շրջապատող երիտասարդները հասակ առան, անուն հանեցին, իրենք հեղինակություն դարձան, Քոչարը ուսուցիչ մնաց նրանց համար, որովհետև նա էլ, մեր արվեստի մյուս մեծերի նման, հասակ գցեց համաշխարհային արվեստի խաչմերուկներում. չորս մայրաքաղաք` Թիֆլիս, Մոսկվա, Փարիզ ու Երևան` իրենց լայնքն ու խորքը հաղորդեցին նրան:

Երվանդ Քոչարը ինձ հիշեցնում է իր քանդակած այն արծվին, որ հպարտ թառել է Ռաֆայել Իսրայելյանի կառուցած պատվանդանի վրա` Էջմիածնի խճուղու եզրին, դեպի Զվարթնոց տանող ճանապարհին։

Միշտ էլ կապված լինելով հայրենի երկրի ու նրա արվեստի արմատների հետ, նա արծվի պես տեսնում էր հեռուները, հայկական լեռներից այն կողմ տարածված հորիզոնները: Որքան ավանդական էր, նույնքան էլ նոր էր, ընդունակ ընկալելու արվեստի նորագույն միտումները՝ միշտ հարազատ մնալով իր ինքնությանը: Չէր վախենում ապագայից, համոզված, որ ապագան իրեն է քվե տալու:

Ռ. Զարյան «Հուշապատում» (Գիրք III)

Աղբյուր՝ Magaghat.am