Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Լույսի ու խավարի որդիների խորհուրդը Ենովքի գրքում (էսսե)

Ապոկալիպտիկ ժանրը ձևավորվել է քրիստոնեությունից շատ դարեր առաջ և որպես ժանր` Հին Ուխտից Նոր Ուխտն անցնելու շրջանում արդեն ուներ իրեն բնորոշ այն գծերը, որ պահպանվեցին նաև Հովհաննու Հայտնության մեջ: Այն առանձնահատուկ ազդեցություն է թողնում Քրիստոսի ժամանակների հրեական մտքի վրա, քանի որ հող էր նախապատրաստվում Մեսիային ճանաչելի դարձնելու համար, և իր ընթացքը շարունակում է վաղքրիստոնեական համայնքներում ու անընդմեջ կենսագործում հետագա դարերում` մինչ օրս:

Առաջին ապոկալիպտիկ տեքստերն առկա են Հին Կտակարանի մարգարեություններում (Եսայի 24-27 գլ.՝ «Եսայու հայտնությունը», Հովելի մարգարեությունը, ևն). այստեղ նկատելի է մարգարեության և վախճանաբանության առաջին շփումը, նրանց սերտ փոխկապակցվածությունը, չնայած որ առաջինը կանխատեսում է առհասարակ, իսկ երկրորդը կանխատեսում է վախճանը, խոսում է «վերջին օրերից»: Սակայն մարգարեություններում դեռևս բացակա է պատմության ավարտի փիլիսոփայությունը` որպես ճանապարհ դեպի «ժամանակի վերջը», «Դատաստանի օրը», քանի որ սպասվում էր Օծյալի գալուստը: Այս առումով մնացածներից տարբեր է Դանիելի մարգարեությունը, որտեղ ապոկալիպտիկ մեթոդը հանդես է գալիս իր մշակված տեսքով ու հետագայում պետք է դառնար Հովհաննու Հայտնության նախընթացը: Դանիելի մարգարեությունը ողողված է սիմվոլիկ պատկերներով, որոնք օգտագործվեցին մյուս մարգարեություններում` լրացվելով ու հարստացվելով: Հեղինակի սիմվոլիկ մտածելակերպը տվյալ ժամանակի աշխարհայացքի ու պայմանների թելադրանքի արդյունք էր: Այս շրջանի ամենահայտնի գործերից է Ենովքի գիրքը` նախապես եբրայերենով շարադրված` տիպիկ հրեական ապոկալիպսիս` համեմված թաքնագիտությամբ, յուրահատուկ հրեշտակաբանությամբ, դեմոնոլոգիայով ու աստղաբաշխությամբ: Այստեղ փորձ է արվել ներկայացնել մարդկության պատմությունը` սկզբից մինչև վերջ` ինքնատիպ լեզվով ու աշխարհայացքով: Բանահյուսությանը, կրոնագիտությանն ու աստվածաբանության ամենատարբեր բնագավառներին հարուստ նյութ հրամցնող այս գիրքը ողողված է ամենաբազմազան խորհրդանիշներով: Այս վերնագրի ներքո կխոսենք «Լույսի ու խավարի որդիների» խորհրդաբանության մասին, որի մասին ակնարկներ են շոշափվում նաև Նոր Կտակարանի որոշ հատվածներում:

Սիմվոլները վախճանաբանական գրվածքներում


Ենովքի գիրքը մի քանի գրվածքների ամբողջություն է, որոնցից ամենահինը թվագրվում է Ք. ա. մոտ 350 թ., իսկ ամենաուշ գրված տեքստը՝ Ք. ա. I դարով: Ենովքի գրքից մեջբերում կա Նոր Կտակարանում՝ Հուդա առաքյալի ընդհանրական թղթում՝ 1:14-15

Ապոկալիպտիկ գրականության մեջ հիշատակվող սիմվոլները կարելի է դասակարգել մի քանի խմբերում` 1. թվեր, 2. գույներ 3. երկրաչափական պատկերներ, 4. առարկաներ (օրինակ` գավաթ, հանդերձանք, գիրք, փող, մոմակալ ևն), 5. կենդանական սիմվոլներ (օձ, գառ, առյուծ, արծիվ ևն), 6. բուսական սիմվոլներ (թզենի, խաղողի որթ, շուշան ևն), 7. դիցաբանական պատկերներ (Լեվիաթան, Փյունիկ, հսկաներ ևն):

Սիմվոլն անհրաժեշտ է դիտել կոնտեքստում, քանի որ միևնույն սիմվոլը կարող է ունենալ տարբեր իմաստներ: Սիմվոլը նաև արտահայտում է մեկ նյութի տարբեր կողմերը` ևս մի պատճառ հեղինակների համար` գործածելու ոչ միայն ուղղակի, ռեալիստական նկարագրություններ: Միաժամանակ կա նաև հակադարձ պահը. տեսիլքներին, երազներին բնորոշ են խորհրդանշական պատկերները, որոնք պետք է բացատրվեն, մեկնաբանվեն, քանի որ սիմվոլի բովանդակությունը ավելի ընդարձակ է, քան սիմվոլն ինքը: Այդուհանդերձ, որոշ սիմվոլներ կարող են ունենալ մեկ իմաստ (օրինակ` Գազանի թիվը, 144000 փրկվածները երկրից, ևն), բայց կարևոր է հիշել, որ ոչ թե մարդիկ են ազդում խորհրդանիշների, այլ` խորհրդանիշները մարդկանց վրա. սա կարևոր պայման է սիմվոլի ակնարկած իրական իմաստը հասկանալու համար (այս գործոնը զանց առնելն է աղանդավորական շարժումների ներկայացուցիչներին թույլ տվել փնտրել իրենց կամեցած իմաստը սիմվոլների ետևում): Բայց սիմվոլի ամենակարևոր ֆունկցիան հաղորդակցությունն է` այն կապը, որ ստեղծվում է սիմվոլի միջոցով արտաքին աշխարհի և հոգևոր` ներքին աշխարհի միջև: Ստորև փորձ կարվի վեր հանել Ենովքի գրքում առկա խորհրդապատկերներից մեկի նշանակությունը` ձգտելով ուրվագծել դրա կապը վախճանաբանության հետ:

Լույսի ու խավարի որդիների խորհուրդը Ենովքի գրքում


Ենովքի գիրքը ներառված է Եթովպական եկեղեցու Սուրբ Գրքի կանոնի մեջ

Ենովքի գրքի աչքի ընկնող առաջին առանձնահատկությունն այն է, որ պատումը չի սկսվում Ադամի և Եվայի մեղսագործության մասին պատմությամբ, այլ հավանաբար հեղինակը որոշել է բացատրել Ծննդ. Զ:1-4 համարները («Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին….Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին»): Նա խոսում է մարդու որդիների մասին, ովքեր բազմացել էին և ունեին գեղեցիկ դուստրեր, որոնց նկատմամբ կիրք են սկսում տածել հրեշտակները ու մտորում նրանց կնության առնել, որ նրանցից զավակներ ունենան, քանի որ նրանց գլխավոր նպատակը մարդկանց մեղավոր ներկայացնելն էր Աստծո առջև: Ենովքը պատմում է, որ այդ հրեշտակները Հարեդի` իր հոր ժամանակներում բարձրանում են Հերմոն լեռան վրա[1] ու երդվում իրենց մտածած ձևով վարվել: Ինչու՞ հենց Հերմոն լեռան վրա հավաքվեցին: Այս լեռը Աստվածաշնչում շատ քիչ է հիշատակվում. հավանաբար առնչություն կա «ապաստանի քաղաքների» (որոնք գտնվում էին Հերմոն լեռան ստորոտում) հետ. այս քաղաքները «անմաքուր», առանձնացված էին, քանի որ այստեղ էին ապրում դեռևս Մովսեսի կողմից օրենքով սահմանված այն մարդասպանները, ովքեր մարդ էին սպանել անգիտությամբ, ոչ դավադրաբար ու տեղափոխվել էին այդտեղ ապրելու (Բ Օր. Գ:42): Բացի այդ, Հերմոնի գագաթին դեռ հնագույն շրջանից սկսած կար Բահաղին նվիրված տաճար, որի ավերակները մինչ օրս պահպանվում են. ևս մեկ պատճառ Հերմոնը անկյալ հրեշտակների հավաքատեղի-ուխտատեղի կոչելու համար:

Հրեշտակներն իրենց կանանց սովորեցնում են մոգություն, նրանց կապից ծնվում են հսկաները, որոնք ավերածություններ են գործում երկրի վրա, երբ մարդկանց ու նրանց միջև թշնամություն է առաջանում: Բայց հսկաները նաև միմյանց արյուն էին թափում ու խմում, գործածում մոգության համար, և դրա հետևանով մարդկությունը տառապանքների մեջ պապակվում էր: Ապա Աստված երկիր է ուղարկում իր հրեշտակներին` Ուրիելին` Նոյի մոտ, Ռաֆայելին` երկիրը բուժելու, իսկ Գաբրիելին` հսկաներին՝ «պոռնկության որդիներին» ոչնչացնելու համար: Այստեղ հեղինակը նշում է նաև, որ հսկաները պետք է կոչվեն չար ոգիներ ու պետք է կռվեն, տառապեցնեն, անհանգստացնեն մարդկանց, ոչնչացնեն ու քանդեն երկրի վրա ամեն բան: Ոգիները պետք է ելնեն մարդկանց դեմ, քանի որ նրանք առաջացել են մարդկանցից:

Հայտնության Զ: 9-11-ի («Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահում էին։ Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»: Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք») հետ ընդհանրություն է նկատվում Ենովքի գրքի 22-րդ գլխում. մի մահացածի հոգի Աստծուն անդադար խնդրում էր ողորմել իրեն: Երբ Ենովքը հարցնում է, թե ով է նա, Ռաֆայել հրեշտակը պատասխանում է, որ` Աբելի հոգին, ով խնդրում է ոչնչացնել Կայենի սերմը, այնպես որ այն վերանա մարդկանց սերմի միջից: Միևնույնի մասին խոսվում է նաև 47-րդ գլխում. «Եվ այն օրերին կբարձրանա արդարների աղոթքը, նաև` արդարների արյունը երկրից առ ոգիների Տերը …. որպեսզի դատաստանը կատարվի իրենց վրա և որպեսզի իրենք ստիպված չլինեն հավիտյան տառապել», իսկ 71-րդ գլխում ավելի է նկատվում այդ կապը: Ենովքը տեսնում է Աստծո որդիներին, որոնց հագուստները ճերմակ էին: Ճերմակ գույնի խորհուրդն ընդհանրապես, և հուդայական պատկերացումների համակարգում` մասնավորապես, խաղաղության, հանգստի, նաև բարձր դիրքի խորհրդանիշն է: Ըստ Դիոնիսիոս Արեոպագացու` ճերմակ հագուստը Աստծո փառքը կրելն է նշանակում, ոգեղենության և անմարմնության խորհուրդն է պարունակում (The Works of Dionysius Areopagite, The Divine Names, Mystic Theology, Letters, translated into English from original Greek by Rev. John Parker, Oxford, 1897, p. 87): Ահա թե ինչու Հայտն. Զ:10-ի համաձայն Աստված սպիտակ զգեստներ է տալիս նրանց, ովքեր աղաչում էին վրեժ լուծել իրենց թափած անմեղ արյան համար: Արդյո՞ք այստեղ կապ չկա Ենովքի նշած Աբելի հոգու և Հայտն. Զ:9-ի` Աստծո խոսքի և պահած վկայության համար սպանված բարեպաշտների միջև` մի կողմից, և մյուս կողմից` վերջիններիս վկայաբերած «երկրի բնակիչների» ու Ենովքի մոտ նշված «Կայենի սերմի», այսինքն Կայենի սերունդների միջև: Իհարկե, ամենից ակնհայտն այն է, որ մարդկության այս երկու հակադիր կողմերը խորհրդանշում են Աստծո խոսքը պահողներին և Աստծո խոսքն արհամարհողներին` համապատասխանաբար` Աբելի (կամ Սեթի) և Կայենի հավաքական կերպարների մեջ: Սակայն այս հակամարտության հիմքի վրա կառուցված դիցաբանական-սիմվոլիկ բացատրությունը ներկայացված է ի դեմս «Լույսի ու խավարի որդիների», հսկաների, որոնց վերաբերյալ զուգահեռներ ենք գտնում ոչ միայն մի շարք հեթանոսական համակարգներում (օրինակ` հինդուիզմում դեվաներն ու ասուրները, հունահռոմեական պանթեոնում` տիտանները, մայաների կրոնում` վիշապների որդիները, նաև պլատոնյան ատլանտները), այլև հենց Հին ու Նոր Կտակարաններում, ինչպեսև հուդայական մինչքրիստոնեական կրոնական համայնքներում (օրինակ` էսսենների մոտ, քումրանյան համայնքների տեքստերում) և, որ ամենից զարմանալին է, հուդայականության նորմատիվ մեկնություններում` Միդրաշներում և Հագգադայում: Եվ վերջապես ո՞րն է այս տեսակի պատումի փիլիսոփայությունն ու խորհուրդը:

Հերմոն լեռան վրայի հեթանոսական տաճարներից մեկը

Նախ և առաջ պարզենք, թե այստեղ ինչ դեր ունի Կայենի ու Աբելի պատմությունը: Երբ Կայենը ծնվում է, Եվան ասում է. «Մարդ ծնեցի Աստծու զորությամբ» (Ծննդ Դ:1): Միդրաշների հեղինակները գտնում են, որ այստեղ բաց է թողնված «հրեշտակ» բառը, իսկ Պիրկե դե ռ. Էլիեզեր 32ա-ում ուղղակիորեն նշվում է Եվայի և Օձի կապի մասին, որի հետևանքով ծնվեց Կայենը: Կայենը նաև երկրորդն էր, որ անիծվեց` Օձից հետո: Քումրանյան համայնքներում ևս, հատկապես էսսենների մոտ, կար «Լույսի որդի» և «Խավարի որդի» հակադրությունը, որը սկիզբ էր առնում հենց նշված հանգամանքից:

Քրիստոնյա հայրերին ևս ծանոթ է այս մոտիվը. այն հանդիպում է Եպիփան Կիպրացու, Իրինեոսի, Տերտուղիանոսի մոտ, բացի այդ` բազմաթիվ ապոկրիֆներ ևս հաճախ անդրադառնում են այս խնդրին: Գնոստիկ հեղինակների ամենից շոշափված, կենտրոնական գաղափարներից էր Եվա-Օձ-Կայեն թեման: Այս ուսմունքի շուրջ նաև առանձին գնոստիկյան ուղղություններ ստեղծվեցին, օրինակ` կայենիտները, օֆիտները, ևն:

Ընդհանրություններ կան Կայենի զավակների, որոնք դարբնության, արվեստների և քաղաքակրթության հիմնադիրներն են համարվում, և մարդկանց մոգություն, երկաթ կռել ու այլևայլ ծածուկ գիտելիքներ սովորեցնող անկյալ հրեշտակների, հսկաների միջև: Ենովքի գրքում գրված է, որ Աստված ուղարկում է Ռաֆայել հրեշտակին երկիր, որ բուժի երկիրը, որպեսզի մարդիկ չմեռնեն այն գիտելիքների պատճառով, որ նրանք (անկյալ հրեշտակները) բացել են մարդկանց առջև: Այդ գաղտնի, մոգական գիտելիքները ժամանակի ընթացքում մարդկանց ամբարտավանացրել էին Աստծու առջև, քանի որ դրանք հպարտություն, մարդու ամենազորության հանդեպ հավատ էին ծնել մարդկանց մեջ, ուստի երկիրն անդառնալիորեն ապականվել էր դրա հետևանքով: Հիվանդանում, իրենց բնական վիճակը կորցնում էին ոչ միայն մարդիկ, այլև ողջ բնությունը, կենդանական ողջ համակարգը. հայտնի կրոնագետ Միրչա Էլիադեն իր աշխատություններում բազմիցս նշում է, որ առհասարակ գիտությունը դիտարկվում է մոգությանը շատ մոտ մի երևույթ, որի հետևանքները երբեմն նույնացվում են մոգության հետևանքների հետ: Նկատվում է վախճանաբանական ընդհանրական պատկեր` մարդու մեղքերի պատճառով աշխարհի վերահաս վախճանը և դրա մեջ չարի որդիների մասնակցությունը` ընդհուպ անօրինության որդու` Նեռի գալուստը` որպես կիզակետ, որը, ինչպես իր գաղափարական, իսկ խորհրդաբանորեն և դիցաբանորեն` նաև «գենետիկ» նախորդները, հակադիր է Աստծո խոսքը պահողներին` Աստծո, լույսի, բարու որդիներին:

Քրիստոսի խոսքերի մեջ հստակ երևում է Լույսի ու Խավարի որդիների մասին եղած մտքերը.

«Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից» (Ղուկաս ԺԱ:47-49),

«…. Քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ» (Ղուկաս ԺԶ:8), կամ`

«…. Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Հովհաննես ԺԲ:36),

Որոմների առակի մեկնության մեջ Քրիստոս ասում է՝ « …. Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են» (Մատթեոս ԺԳ:37-39):

Կայենի և Աբելի հակադրությունը, խավարի և լույսի որդիների հակադրությունը մարդկության պատմության ընթացքում ոչ վերացել է և ոչ էլ վերափոխվել: Ենովքի գրքում այդ հակադրությունը ունի ոչ միայն մարդկային-հոգեբանական կողմ, այլև թափանցել է գոյաբանական մակարդակ, ըստ որի` խավարի որդիները անկյալ հրեշտակներից են սերում և ձգտում անկման դրդել նաև մարդկանց որդիներին: Աբելը նաև առաջին մարտիրոսն է` հանուն ճշմարտության: Եբր. ԺԲ:24-ում նրա արյունը համեմատվում է Քրիստոսի արյան հետ: Կարծիք կա, որ Կայենը ոչ թե պարզապես սպանեց Աբելին, այլ զոհ մատուցեց նրան, ինչպես որ տեսել էր, թե ինչպես է Ադամը մորթում զոհի կենդանուն (Мифы народов мира (энцикл. словарь в 2-х томах), Т. 1, М., 1991, сс. 608-609): Այս կետով Աբելին կարելի է էլ ավելի մոտ դիտել պատարագված Քրիստոսին:

[1] Հերմոն լեռը Սիրիայի ամենաբարձր գագաթն է, այժմ կոչվում է Ջեբել էշ-Շեյխ: Հին Կտակարանում Հերմոնը հիշատակվում է Բ Օրենք Գ : 8, Դ:48-ում և Սաղմ. ՁԹ:12-ում:

Շուշան Խաչատրյան, աստվածաբան, 2010 թ.

Աղբյուր՝ Arshendpir.wordpress.com