Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Նամակներ Նար-Դոսին

Նար-Դոսին հասցեագրված Զորյանի երկու նամակները և մի հարցաթերթիկ։

«Սիրելի բարեկամ,- գրում է Զորյանը,- ամենից առաջ շատ և շատ ներողություն եմ խընդրում, որ մի տարի առաջ տրված խոստումս այսքան ուշ եմ կատարել: Այնքան ուշ, որ Դուք, երևի, մոռացել եք այդ: Բայց ես չեմ մոռացել և ամեն անգամ հիշելիս` ամաչում էի: Հիմա արդեն ուզում եմ երեսս պարզ անել: Հիշու՞մ եք` անցյալ ամառ Թիֆլիսում հանդիպելիս, երբ իմացա, որ «Սպանված աղավնին» մեծ վեպ եք դարձրել, խոստացա Ձեզ` խոսել մեր Պետհրատի հետ` հրատարակելու մասին: Մինչև հիմա ինչ-ինչ պատճառներով, իմ կամքից բոլորովին անկախ, այդ մասին խոսելու հարմար մոմենթ չէր լինում: Վերջապես երեք օր առաջ խոսեցի ընկ. Մռավյանի հետ, որ միաժամանակ, ինչպես գիտեք, Պետհրատի խմբ. կոլեգիայի նախագահն է: Նա ուրախացավ Ձեր այդ աշխատանքի համար և թույլատրեց ինձ` գրել, որ վեպն անպատճառ ուղարկեք: Իմիջիայլոց, ընկ. Մռավյանը շատ հավանել է Ձեր նոր վեպի այն մի քանի գլուխը, որ տպել էի «Լուսաբացում»: Եթե այդ վեպը ևս ուղարկեք (եթե միայն պատրաստ է), Պետհրատը, կարծում եմ, ուրախությամբ կտպի: Ընդունեցեք իմ անկեղծ շնորհավորանքն այդ վեպի առիթով: Այն հատվածը, որ տպել եք, ինձ մեծ հիացմունք պատճառեց: Վերջերս թե՛ մեզանում, թե՛ Ռուսաստանում շատ են խոսում կենդանի մարդու մասին (գրականության մեջ): Ահա որն է կենդանի մարդը: Ձեր տիպերը շատ կենդանի են, ոչ թե գրված են, այլ քանդակված: Տեղեր կան, որ Տոլստոյի նման եք գրել: Կարդալիս` ամեն ինչ ապրում ու շարժվում էր իմ աչքի առաջ: Նախերգանքը հոյակապ է:
Այս ամենը ավելի ընդարձակ ուզում էի գրել հոդվածը կարդալուց հետո, բայց որովհետև խոստումս չէի կատարել - ամաչեցի, երեսս չբռնեց:
Ի վերջո, կարող եմ հայտնել Ձեզ և մի ուրախալի լուր: Լսելովս, Լուսժողկոմատը Ձեր թոշակը հասցրել է 100-ի: Մտադրություն կա մինչև գարուն դարձնել 150, որ Դուք բոլորովին ազատվեք լրագրական աշխատանքից: Անչափ ուրախ եմ:
Ինչպե՞ս է Ձեր առողջությունը, ի՞նչ նոր բան եք գրում` Ձեր հարգողներին ու ընթերցողներին ուրախացնելու համար:

Ջերմագին բարևներ` Ձեր Ստ. Զորյան:
Գուցե մի օր պատիվ անեք ինձ մի նամակ գրելու կամ որևէ բան հանձնարարելու – ահա իմ հասցեն`
Երևան, Գնունի փողոց, N37
4 սեպտեմբերի, 1928թ., Երևան»

«Սիրելի Նար-Դոս,
«Սպանված աղավնիի» մասին մինչ այժմ բան չգրեցի, որովհետև տակավին ոչինչ պարզ չէր, բայց հիմա ուրախությամբ կարող եմ հայտնել, որ Պետհրատի կոլլեգիան ընդունել է տպագրության: Այդ ինձ հանձնեցին պաշտոնապես: Տպագրությունը կսկսվի աշնանից: Վարձատրությունը կլինի, իրենց ասելով, մամուլին ութսունից-հարյուր ռ.: Քանի որ ընդունված է, հոնորարի մի քառորդը կարող եք ստանալ, ընդհանուր կարգով, որպես ավանս: Պետք է դիմեք Ձեր կողմից Պետհրատին, եթե ցանկանում եք: Իսկ եթե ոչ, պիտի սպասեք տպվելուն: Ցանկանում եմ հաջողություն և առողջություն: Բարևներս տիկնոջը և Ձեր երիտասարդներին: Ես վաղը մեկնում եմ Նոր Բայազեթ - ամառանոց, մի երկու շաբաթից պիտի գամ Դիլիջան, ապա Ղարաքիլիսա: Այսպիսով` կատարելու եմ լուրջ աշխարհային ճամփորդություն:
Բարևներով Ձեր Ստ. Զորյան
Ներեցեք, որ բացիկ եմ գրում, շտապելուց եղավ:
19 հուլիսի, 1929թ., Երևան»

«Հարգելի պարոն Նար-Դոս, արդեն ի պաշտոնե գրում է Զորյանը, կամենալով կազմել մի անկետա հայ գրականության մասին. սրանով խնդրում եմ Ձեզ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ է Ձեր կարծիքը գեղեցիկ հայ գրականության ներկայի մասին
ա) վիպասանություն բ) դրամա գ) քնարերգություն
2) Ինչպե՞ս եք նայում գեղեցիկ հայ գրականության ապագային.
ա) արդյոք ներկան երաշխավորու՞մ է նրա ապագա առաջադիմությունը
բ) որո՞նք են, Ձեր կարծիքով, նրա գրավականները
3) Ի՞նչ կարծիք ունեք ռուսահայ և թուրքահայ գեղարվեստական բարբառների մասին
ա) ապագան այդ բարբառներից որի՞ն է պատկանում
բ) ցանկալի՞ է արդյոք նրանց ձուլումը, թե՞ մեկի կամ թե մյուսի չքացումը
4) Ի՞նչ կարծիք ունեք ժողովրդական բարբառների մասին
Կխնդրեի պատասխանել կարելվույն չափ մանրամասն և, եթե կարելի է, երկու շաբաթվա ընթացքում: Անկետան տպվելու է մեր հանդեսներից մեկում:
Ամենայն հարգանքով` Ստ. Զորյան
Իմ հասցեն` Թիֆլիս, հրատ. «Մշակ», Ստ. Զորյան»

Աղբյուր՝ Grakantert.am