Այսպէս է ասում Տէրը. «...քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Հովհաննեսի 12:35-36)

Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Միտքս չկրցի հասկցնել…

Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:
- Բիթլիսցի գրող կա՞ այստեղ:
Սեղմեց ձեռքը.
- Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:
- Կհիշեմ:
- Այստեղ ընտանիք ունե՞ս…
- Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:
- Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:
- Կա:
Լռություն:
- Բիթլիս կհիշե՞ս:
Երբ դուրս եկանք, գանգատվեց.
- Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել… Ինչ անպիտան մարդ եմ:

Նրան ամեն ինչ զարմացնում է

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
- Անունդ ի՞նչ է:
- Ալմաստ:
- Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
- Զինե..
- Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
- Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

Որո՞ւն զարմացնեմ…

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:
- Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:
- Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:
Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով…
Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:
- Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես, - պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով…
- Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ: Կամչնամ:

Լեզվագիտական խնդիրներ

- Մի անգամ նստած տունը կաշխատեմ, կլսեմ, որ մայրս դրացի անգլուհու` միսիս Մերիի հետ կխոսի: Իրար ածուներեն բաներ մը ցույց կուտան, բաներ մը կխոսին. մայրս` հայերեն, անգլուհին` անգլերեն: Հետո կամաց-կամաց անոնց խոսակցությունը իջավ-իջավ ու մարեց. դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտավ.
- Բարկացած կերեւիս, - ըսի:
- Եւ իրավունք ունիմ բարկանալու,-ասաց մայրս,-ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսավոր երկիր, ամեն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանհինգ տարի է այստեղ կապրի, ինչու՞ հայերեն չի խոսեր…

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 476-482

Աղբյուր՝ Mshakuyt.blogspot.com