Այսպէս է ասում Տէրը. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7)

Տաթևի վանք

Տաթևի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

Վաղ միջնադարում կոչվել է «Սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ»: Հիմնադրվել է IV դարում, եղել դպրության և գրչության առաջնակարգ կենտրոն, VIII դ․ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IX դ․ վերջին - X դ․ սկզբին:

Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը։

Տաթևի վանքը ունեցել է նաև Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն։ 1722-30 թվականներին այն եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը: 2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ «Տաթևի թևեր» ճոպանուղին (5.5 կմ):

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դարում, իսկ VIII դարի վերջին դառնում է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաճափայտի մասունքով հարսաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել է Բաբիկի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը:

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ IX դ. Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Կալվածներ են եղել նույնիսկ Գեղարքունիքում և Հաբանդում։ 844-ին վանքին է նվիրաբերվել նաև Տաթև գյուղը և վերջինիս սեփականությունն եղել մինչև XIX դ․կեսը։

Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ․փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ Հայոց կաթողիկոս Անանիա I Մոկացին բանադրել է նրան։ Տաթևը կորցնում է իր գերակայությունը Գեղարքունիքի, Երնջակի և Գողթնի հովվությունների վրա: 958-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան I Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XI դ. սկբին վանական համալիրում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ:

XI-XII դ․սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։

XII դ. վերջում Սյունիքը մտնում է Զաքարյան իշխանապետության կազմի մեջ։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով վանքը վերականգնվում է, սակայն նրան հաջորդած Սարգիս եպիսկոպոսի օրոք (XIII դ սկիզբ) եպիսկոպոսարանը տեղափոխվել է Նորավանք։ Մոնղոլների տիրապետության շրջանում վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, իսկ Սյունիքի իշխաններ Օրբելյանները խթանում են վանքի հետագա զարգացումը։ Այն ավելի է հզորացել, երբ 1286-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ Նրա ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ Հայաստանյաց Առաքելական Եեկեղեցու կառույցում միայն Տաթևի եպիսկոպոսներն ունեին մետրոպոլիտի տիտղոս: XIII դ․ վերջին վանքը դարձել է ունիթոռության դեմ պայքարի կենտրոն։ XIV դ.-ում Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր՝ իր թեմում գտնվող 14 գավառներում, բազմաթիվ վանքեր։

Լենկթեմուրի 1381-87-ին Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների զգալի մասը: Այն նոր ծանր հարված է ստացել 1434-ին՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահնի վանքում։

Ուշ միջնադարում և նոր ժամանակներում Տաթևի պարսպապատ վանքը ու նրան կից նորաբաց Տաթևի անապատը ունեցել են կարևոր ռազմավարական նշանակություն։ 1722-30 թվականներին այն եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։ 1796 և 1826 թվականներին վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել վանական համալիրը։ 1828 թ. անցնում է Ռուսաստանի իշխանության տակ և վերանորոգվում, վերադարձնում նախկին կալվածքները, թեև կարճ ժամանակով: 1858-ին Տաթևի վանքը ունեցել է 70 հարկատու գյուղեր, 1898-ին՝ 15 գյուղ և 5 միաբան: 1837-ին վերացվում է Տաթևի մետրոպոլիտությունը և Սյունիքը կազմում է Երևանի թեմի մի մասը: 1907 թ. եպիսկոպոսական աթոռանիստը ևս տեղափոխվել է Գորիս։ 1996թ.-ից՝ Տաթևի վանքը կրկին Սյունիքի թեմի կենտրոնն է:

1920-21 թթ. վանքում հանգրվանել է սպարապետ Գարեգին Նժդեհը` այստեղից ծրագրելով թուրքական և բոլշևիկյան զորքերից Սյունիքի պաշտպանության ռազմավարությունը։ 1922 թ. կարճ ժամանակով վերականգնվել է վանքի հոգևոր առաջնորդությունը, ապա դադարեցվել խորհրդային իշխանության կողմից։

1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Տաթևի վանական համալրի ճարտարապետության մեջ կարելի է հանդիպել և Բագրատունիների, և Զաքարյանների ժամանակաշրջաններին հատուկ ոճերը՝ ուշ միջնադարի հավելումներով և վերափոխումներով: Այն գրավում է մեծ տարածություն՝ Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև եռանկյունաձև ձգվող ժայռեղեն մի թերակղզի:

Վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով` լուսամուտների նեղ բացվածքներով։ Համալիրը ներկայացնում են Սբ. Պողոս-Պետրոս տաճարը, Սբ. Աստվածածին մատուռ -եղեցին, Սբ. Գրիգոր եկեղեցին, Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, դասասենյակները, մատենադարանը, ուխտագնացների հյուրատունը, բնակելի տարածքները, խոհանոցը, բազմաթիվ ծառայողական շինությունները և վանական խցերը։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և Սբ. Եվստաթեոսի եկեղեցին:

Սբ. Եվստաթեոս եկեղեցի: Վանական այս համալիրի ամենահին կառույցը պարիսպներից դուրս գտնվող սուրբ Եվստաթեոս եկեղեցին է, որից, ցավոք, մնացել են մենակ ավերակները: Այն պատկանում էր միանավ բազիլիկ եկեղեցու տեսակին:

Վաղքրիստոնեական շրջանի այս սրբավայրը կառուցվել է Սբ. Եվստաթեոս առաքյալի մասունքների տեղում V դարում: Սուրբը եկել էր Հայաստան Սբ. Թադեոս առաքյալի հետ: Մինչև X դարը եկեղեցին ճգնավոր միաբանության գլխավոր կառույցն էր, հայտնի ուխտատեղի:

Սբ.Պողոսի և Պետրոսի կաթողիկե եկեղեցի: Պարսպապատ հուշարձանախմբի պահպանված հնագույն և գլխավոր կառույցը Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված տաճարն է։ Այն հիմնադրվել է 895-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ՝ հին մատուռ - եկեղեցու տեղում: Սյունյաց գահերեց իշխան Աշոտի, նրա կնոջ Շուշանիկի և իշխաններ Գրիգոր Սուփանի և Զագիկի նյութական օժանդակությամբ՝ շինարարությունն ավարտվել է 906-ին։

Եկեղեցին այսպես անվանվել է այնտեղ ի պատիվ Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների, որոնց մասունքները տեղադրվել են եկեղեցու մույթերում: Օծմանը ներկա են եղել Սմբատ I թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես V Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն II կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։

Տաճարը արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելյան աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Գմբեթը հենվում է մեկ զույգ, արևելյան կողմում տեղադրված մույթերի և արևմտյան ավանդատների պատերի եզրերի վրա։ Կառուցված է բազալտի մաքուր տաշված մեծադիր քարերով։

Ճարտարապետական ձևերում առկա են վաղ միշնադարյան ճարտարապետության ավանդույթները, սակայն միաժամանակ իր դրսևորումն է գտել ձևավորվող նոր ոճական ուղղությունը՝ խիստ հարթային մշակում ունեցող զարդաքանդակներով հանդերձ։ Տաճարն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Նախնական գմբեթը կործանվել է 1137-ի երկրաշարժից և վերականգնվել 1274-ին։ Այն նորից քանդվել է 1931-ի երկրաշարժի ժամանակ, վերանորոգվել 2000-ականներին:

Արևելյան ճակատը մասնատված է հատվածքում եռանկյունաձև խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։

Տաճարի պատերը 930-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել։ Որմնանկարներն աչքի են ընկնում առանձին տեսարանների կուռ կոմպոզիցիայով, ֆիգուրների հետաքրքիր դասավորությամբ։

Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են Ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին Ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։

Արևմուտքից հրավիրված «ֆռանգ ազգաւ» նկարիչների հետ մեկտեղ գործել են նաև հայ վարպետներ, որմնանկարներում դեմքերը ակնհայտորեն արևելցու են, բոլոր մակագրությունները կատարված են հայերեն, իսկ զարդաձևերի գերակշռող մասը լավ հայտնի է հայկական մանրանկարչությունից։ Տաթևի որմնանկարները, նրանցից ընդամենը մեկ տասնամյակ առաջ ավարտված Աղթամարի որմնանկարների հետ միասին, X դ․ հայկական որմնանկարչական արվեստի ամենաբնորոշ հուշարձաններն են, եզակի ամբողջ քրիստոնյա աշխարհում:

Տաճարի հարավային պատին կից պահպանված կամարների և մույթերի մնացորդները պատկանել են 1043թ. այստեղ կառուցված հսկայական գավթին: Այն ձգվում էր տաճարի հարավային պատի երկայնքով դեպի Սբ. Գրիգորի արևմտյան պատը և հասնում ներքին բակին։ Ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ և այդպես էլ չի վերականգնվել։

Զանգակատուն: Սբ. Պողոս-Պետրոս տաճարի զանգակատունը կառուցվել է 1286 թ, մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի առաջնորդության տարիներին։ Կառույցը բաղկացած էր հիմքից և երկու հարկից: Կոնաձև հարկերը պսակված էին ռոտոնդայով, որտեղ տեղադրված էին վանքի զանգերը։ Այն փլուզվել է 1931 թ. ահեղ երկրաշարժից և վերականգնվել է միայն հիմքը:

Զանգակատան երկու բրոնզե զանգերը ձուլվել են Ստեփանոս Օրբելյանի պատվերով` իր կառուցած նոր զանգակատան համար։ Մեկը պատրաստվել է նրա կենդանության օրոք (1302 թ.), իսկ մյուսը 1304 թ.` նրա մահվանից հետո: Զանգերից մեկն այժմ գործում է, մյուսը պահվում է թանգարանում:

Սբ. Գրիգոր եկեղեցի: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատին կից գտնվում է Փիլիպե իշխանի կողմից կառուցված է սբ. Գրիգոր եկեղեցին (836-848 թթ.):

Վերակառուցվել է 1295 թ. ։ Եկեղեցին պատկանում է իր ժամանակին բնորոշ միանավ սրահով եկեղեցիների տիպին` կիսաշրջանաձև ապսիդով և թաղածածկ տանիքով։

Արևելքում գտնվող ապսիդն ունի երկու խաչաձև ու մեկ կլոր լուսամուտներ։ Խորանն ունի համեստ փորագրազարդեր` փոքր-ինչ մեղմացնելով չափազանց զուսպ ներքին հարդարանքը։ Արևմտակողմի դուռը եզերված է հաստ քիվով և արևելյան ոճի բարավորով։

Դամբարան - մատուռ: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքից անմիջապես դեպի ձախ գտնվող 1787 թ. փոքր կառույցը Գրիգոր Տաթևացու դամբարան-մատուռն է` կառուցված Հայաստանի նշանավոր գիտնական, աստվածաբան, փիլիսոփա, մատենագիր, եռամեծ ուսուցիչ և նկարիչ Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) գերեզմանի վրա։ Նրա րաբունապետության օրոք համալսարանը հասել է իր ծաղկման գագաթնակետին` դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի համահայկական կենտրոն։

Դամբարանը կառուցվել է եկեղեցու նմանությամբ` կամարներով, ծածկով և փոքր գմբեթով։ Պատի երկայնքով տեղադրված են մի շարք խաչքարեր։

Սբ. Աստվածածին եկեղեցի: Մատուռ-եկեղեցին կառուցվել է 1087-ին պաշտպանական համակարգի հյուսիսարևելյան անկյունում, վանքի պարսպի դարպասի և դամբարանի թաղակապ ծածկերի վրա: Հորինվածքը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին. փոքրաչափ ուղղահայաց երկհարկանի կառույց է, առաջին հարկը կամարակապ թաղածածկ, երկրորդը` գնբեթավոր և սյունասրահով եզերված։ Մուտքը զարդարում է գեղեցիկ փայտե դուռը։

Գավազան: Եպիսկոպոսի նստավայրի մոտ, Սբ. Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի դիմաց 906 թ. կառուցվել է Սուրբ Երրորդությանը նվիրված ճոճվող մի գավազանասյուն։ Ութանկյուն քարե սյունը հենվում է նույնպես ութանիստ խարիսխ-պատվանդանի վրա։ Գավազանն ունի բարդ կազմություն` պսակված փորագրազարդ խաչքարով։ Շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ սյունը ճոճվում է։

Երկու վարկած կա սյունը նման կերպով կառուցելու նպատակի վերաբերյալ։ Մեկը գիտական է` երկրաշարժների ժամանակ այն կշարժվեր և կզգուշացներ մոտալուտ աղետի մասին (կառուցման տեխնիկայի շնորհիվ ինքը սյունը շատ քիչ է վնասվել բնական աղետներից)։ Ըստ մյուս վարկածի, այն կառուցված էր պաշտպանական նկատառումներից` հրելիս այն ճոճվում է և վերադառնում սկզբնական դիրքին։

Այլ շինություններ: Սեղանատունը, խոհանոցը, հացատունը (թոնրատունը), առաջնորդարանը և խցերը ներքին բակից դուրս են գտնվում։ Երկու սենյակներ ավարտվում են դեպի Որոտանի կիրճը բացվող կամարներով. ոչ մի նշան չկա, որը մատնանշեր դրանք փակող պատի գոյությունը, և կարելի է ենթադրել, որ դրանք մտադրաբար են բաց թողնվել։ Խոհանոցն ընդարձակ թաղածածկ սրահ է, հացատան հատակին կան գետնափոր թոնիրներ և մի հսկայական բուխարի։ Հետաքրքրաշարժ են միջանցքները և վանականների խցերը։

Վանքում պահպանվել են պաշտպանական համալիրի մի մասը կազմող բազմաթիվ այլ շինություններ, այդ թվում նաև` մատենադարանն ու ձեռագրատունը , որն այժմ թանգարան է։ Այնտեղ ցուցադրված են պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, բնակելի տարածքներ և տնտեսական շինություններ, ախոռը, որի հյուսիսային մասի երկրորդ հարկը ժամանակին համալսարանի ուսանողների ննջասենյակն է եղել։ Այլ շինություններն են` ուխտագնացների հյուրատունը:

16 դասասենյակով դպրոցը կառուցվել է 1780 թ. վանքի արևելյան պարսպին ուղղահայաց, դարպասի անկյունից արևելյան պատի երկայնքով։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տեղի երիտասարդներին կրթելու նպատակով։

Բացի համալիրի կառույցներից, շրջապատող կիրճերում մինչ օրս պահպանվել են վանքի անցյալի հետքերը, այդ թվում` ժայռափոր գաղտնարանները։ Տաթև գետի վրա կանգուն է 1672 թ-ին կառուցված միաթռիչք (7,2 մ), գլանաձև թաղով կամուրջը:

Վանքի պարսպապատերը: Կառուցվել են IX դ, ապա վերակառուցվել XVIII-XX դդ.` պահպանելով նախնական կառուցվածքը։Շրջանաձև աշտարակն ունի լուսամուտների նեղ բացվածքներ` արտաքինից դուրս ցցված քարերով։ Ներսից կարելի էր հսկել անցորդներին` աննկատ և պաշտպանված արշավողների նետերից։ Պարիսպը նախկինի պես բարձր չէ (առանձին հատվածներ հասնում էին 20 մ.), արևելակողմում կիրճը եզերող պատի որոշ հատվածներ բացակայում են։ Հին մուտքը փակվել է, սակայն կամարը մինչ այժմ տեսանելի է։ Այժմ այստեղ աղբյուրն է։ Արևելյան մուտքը կից է արևելակողմի փոքր աշտարակին և անցնում է Սբ. Աստվածածին եկեղեցու տակով։

Ինչպես և ժամանակի այլ բերդերում, պարսպապատին կից կառուցված էին բնակելի և տնտեսական շինություններ, խցեր` այս կերպ հենարան հանդիսանալով և ավելի ամրակայելով այն։

Ձիթհան և բաղնիք: Տաթևի վանքի պարսպից հյուսիս-արևելք կանգուն է վանքի ձիթհանը (կառուցել է Հովակիմ արքեպիսկոպոսը XVIIIդ, վերջին)։ Տնտեսական այս կառույցը հյուսիսային բլրին կից, արևելյան կլոր աշտարակի մոտ է։

Կառուցվել է XIII դ.-ում: Այն երկու ընդարձակ սրահ ունի և մի հսկայական քար, որն օգտագործվում էր սերմեր, ծաղիկներ և բույսեր տրորելով ձեթ (մյուռոն) ստանալու նպատակով։ Մեծ հնոցների կրակի վրա ձեթը տաքացվում էր և հասցվում կիրառման պատրաստ իր վերջնական վիճակի։ Մյուռոնն օգտագործվում էր ժամերգությունների ժամանակ և բաժանվում էր Սյունիքի բոլոր հոգևոր թեմերին և եկեղեցիներին։

Այստեղ պատրաստվում էր նաև պաշտպանական նպատակներով օգտագործվող յուղն ու ձեթը, որպես վառոդ: Խողովակների միջոցով ձեթը հասցվում էր հովտում գտնվող վանական պահետսները:

Ձիթհանից արևելք՝ ձորալանջի եզրին, վանքի բաղնիքի (XVII դ․) ուղղանկյուն հատակագծով, երեք մասից բաղկացած (քառակուսի հատակագծով հանդերձարան, լողասենյակ և ջեռուցման խուց) թաղածածկ շենքն է։

Այն որոշ պարզեցումով կրկնում է հայկական միջնադարյան բաղնիքների ճարտարապետությունը՝ մինչև ուշ միջնադար շարունակելով անտիկ բաղնիքների կառուցվածքային ձևերը։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Տաթևի շուրջ ավանդազորւցները հիմնականում կապված են միջինասիական զորավար Լենկ Թեմուրի հետ: Ըստ առաջինի՝ նվաճելով Սյունիքը՝ զորավարը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը։ Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։ Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը։ Տեսնելով այդ՝ Լենկ Թեմուրը հեռանում է Տաթևից։

Մեկ այլ ավանդազրուցի համաձայն՝ Լենկ-Թեմուրը կարգադրում է փայտ դիզել վանքի մեջ և այրել։ Կրակը ընկնում է նաև զանգակատունը և փչացնում զանգերը։ Դրանից հետո վանքի զանգերի ձայնը խզվում է:

Անվան հետ է կապված մի ավանդույթ, ըստ որի վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև:

Համաձայն երկրորդ վարկածի՝ մ.թ. I դարում Հայաստանի տարածքում հայտնվում է Քրիստոսի առաքյալ Թադևոսը և նրա աշակերտ Եվստաթեոսը, ով քրիստոնեություն է քարոզում Հայաստանում: Այդ վայրերում էլ վերջինս նահատակվում է, իսկ IV դարում նրա գերեզմանի վրա տաճար է խոյանում, որն օծում է Ամենայն Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Իսկ վայրն էլ կոչվում է Տաթև:

Արդեն V դարից Տաթևի վանքը հանդես է գալիս որպես Սյունիքի կարևոր մշակութային և կթրական կենտրոն: XIV դ. կեսերին Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Հովհան Որոտնեցին տեղափոխվել է Որոտնավանք, հիմնել դպրոց, ապա հաստատվել Տաթևում և՝ վերակառուցելով վանքի կրթարան - վարդապետարանը, հիմք է դրել նոր, բարձր տիպի դպրոցի՝ համալսարանի։ Այնտեղ էին հավաքվել ժամանակի գիտուն և բանիմաց շատ վարդապետներ, շուրջ կրոնավորներ, փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, ինչպես նաև արվեստագետներ ու արհեստավորներ։ Համալսարանն ունեցել է երեք լսարան (ուսումնարան)՝ ուսումնարան ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի, երաժշտության։

1386 -ին Որոտնեցուն փոխարինել է նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին: Նրա րաբունապետության շրջանում կատարելագործվել է համալսարանի ծրագիրը, կազմվել դասագրքեր, գրվել գրչության արվեստի տեսությանը վերաբերող քննական մեկնություններ։ Տաթևացու գործունեությունը նպաստել է մանավանդ գրչության արվեստի զարգացմանը։ Պատրաստել է մոտ 60 գրիչ։ Համալսարանում օգտագործվել են Աստվածաշնչի, Արիստոտելի, Փիլոնի, Պորփյուրի և ուրիշների աշխատությունների մեկնություններն ու թարգմանությունները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել փիլիսոփայությանը: Սովորելու են եկել ոչ միայն Սյունիքից և Հայաստանի մյուս մարզերից, այլ նաև՝ Աղվանքից, Իրանից և Ղրիմից: Տաթևացու մահից հետո (1410) դադարել է համալսարանի ակտիվ գործունեությունը։ Աբրահամ Աստապատեցին XVIII երկրորդ քառորդին Տաթևի վանքում դպրոց է բացել, որը գործել է մինչև XX դարը:

Տաթևի վանքը ունեցել է նաև հարուստ մատենադարան, որը հիմնվել է X դարում: Մելջուկների արշավանքի ժամանակ, 1169-ին ինչպես Տաթևի, այնպես էլ շրջակա վանքերի ձեռագրերի ապահովության համար փոխադրվել են Բաղաբերդ (շուրջ 10 հզ․ մատյան): 1435-ին մատենադարանը կողոպտվել է օտար նվաճողների կողմից, գոյատևել է մինչև 1911 - 1912-ը։ Այնուհետև 140 ձեռագիր մատյան փոխադրվել է էջմիածին, և այժմ պահվում են Երևանի Մատենադարանում։

Իրենց պատկերավորությամբ, կերպարների դասականացված շնչով եզակի են Տաթևի վանքի որմնանկարները: Դրանց պատկերագրությունը ներկայանում է նաև բազմաթիվ արխաիկ գծերով: Ընդգծված արտահայտչականությամբ՝ այս ոճը դրսևորվում է կերպարների ձգվածությամբ, բարդ կեցվածքով ու դիրքերով, տարածականությամբ, ժեստերի ընդգծվածությամբ, գծային կառուցվածքների քմահաճ խաղով: Ցավոք՝ այդ եղակի նմուշները կերծանման եզրին են: Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղագիտական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն քրիստոնեական միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ որ X դ-ի եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:

ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

1. Սբ. Եվստաթեոս եկեղեցու ավերակները
2. Ձիթհանը
3. Պարսպապատը
4. Հին մուտքը/աղբյուրը
5. Արևելյան մուտքը (դարպասը)
6. Սբ. Աստվածածին եկեղեցին
7. Ավերակները
8. Ախոռը/սաների ննջասենյակը
9. Ուխտագնացների հյուրատունը
10. Տաթևի մատենադարանը, Թանգարանը
11. Բնակելի և տնտեսական շինությունները
12. Զանգակատունը
13. Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին
14. Հին գավիթը, խաչքարերը
15. Գրիգոր Տաթևացու մատուռ-դամբարանը
16. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
17. Գավազանը
18. Սեղանատունը
19. Խոհանոցը
20. Հացատունը (թոնրատունը)
21. Առաջնորդարան
22, Միջնադարյան բաղնիք
23. Դպրոց (XIXդ.)
Հեռավորությունը (կմ)`
Երևանից՝ 251
Մարզկենտրոնից (Կապան)՝ 49
Բնակավայրից (գ. Տաթև)՝ 0.9

Անմիջական տրանպորտ Երևանից չկա
Մոտակա ուղի՝ Երևան - Գորիս

Հոգևոր կարգավիճակ՝ գործող.
Պատկանում է ՀԱԵ Սյունիքի թեմին

Աղբյուր՝ Ostarmenia.com