Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Երեխաներն ու հոգևոր կյանքը

- Հա՛յր, մի մայր իր երեխային օրհնված ջուր է տալիս, իսկ երեխան թքում է: Ի՞նչ անել այդ դեպքում:

- Նա պետք է աղոթի երեխայի համար: Հնարավոր է, որ նա օրհնված ջուրն այնպես է տալիս, որ երեխայի մոտ հակառակվելու ցանկություն է առաջանում: Որպեսզի երեխաներն Աստծո ճանապարհով ընթանան՝ ծնողները ևս պետք է ճիշտ հոգևոր կյանքով ապրեն: Եկեղեցի հաճախող որոշ ծնողներ իրենց երեխաներին փորձում են օգնել ավելի լավը դառնալ ո՛չ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց հոգու փրկության համար, այլ, որովհետև ուզում են լավ երեխաներ ունենալ: Այսինքն նրանց ավելի շատ հուզում է այն, թե ինչ կասեն ուրիշներն իրենց երեխաների մասին, քան այն, որ նրանց երեխաները կարող են հավիտենական տանջանքը ժառանգել: Դե ինչպե՞ս Աստված օգնի այդ դեպքում: Խնդիրը նրանում չէ, որ երեխաները հարկադրաբար եկեղեցի գնան, այլ, որպեսզի սիրեն Եկեղեցին: Նրանք չպետք է հարկադրաբար բարություն անեն, այլ դա զգան որպես անհրաժեշտություն: Ծնողների սրբակենցաղ կյանքը օրինակ է հանդիսանում մանկական հոգիների համար, և երեխաները հետո հեշտությամբ են ենթարկվում (հորը և մորը): Այսպես նրանք ակնածանք ու կրկնակի առողջություն ունենալով են մեծանում և խուսափում են հոգեկան վերքերից: Եթե ծնողներն Աստծո երկյուղով առաջնորդված են ձգում իրենց երեխաների «պտուտակները», ապա Աստված օգնում է, և երեխան էլ ստանում է այդ օգնությունը: Սակայն, եթե նրանք դա եսասիրությունից մղված են անում, ապա Աստված չի օգնում: Երեխաները հաճախ են տառապում ծնողական հպարտությունից:

- Հա՛յր, երբեմն մայրերը հարցնում են մեզ, թե երեք-չորս տարեկան երեխաները որքան պետք է աղոթեն:

- Իսկ դուք նրանց ասեք. «Դու ես մայրը, ինքդ էլ որոշիր, թե քո փոքրիկի ուժերը որքան կբավարարեն»: Հատուկ կարգ չկա այս դեպքում:

- Հա՛յր, ծնողներն իրենց մանկիկներին գիշերային հսկման են բերում մեր վանք: Միգուցե դա հոգնեցուցի՞չ է նրանց համար:

- Առավոտյան ժամերգության ժամանակ թող երեխաներին մի փոքր հանգիստ տան, իսկ Սուրբ Պատարագին նորից վանք բերեն:

Մայրերն, առանց երեխաներին ճնշելու, պետք է ամենափոքր հասակից նրանց աղոթել սովորեցնեն: Կապադովկիայի գյուղերի բնակիչները պահում էին ճգնավորական ավանդությունը: Նրանք իրենց երեխաներին քարանձավներ, վանքեր ու մատուռներ էին տանում, ուր ծնրադրում էին և արտասվալից աղոթքներ ասում, և երեխաներն այդ կերպ աղոթել էին սովորում: Երբ ավազակները գիշերը գնում էին նրանց կողոպտելու, ապա այդ փոքրիկ եկեղեցիների կողքով անցնելիս լացի ձայներ էին լսում և զարմանում էին: «Ի՞նչ է կատարվում, - հարցնում էին նրանք,- Այս ի՞նչ տեսակ մարդիկ են: Ինչո՞ւ են ցերեկը ծիծաղում, իսկ երեկոյան լաց լինում»: Ավազակները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

Փոքր երեխաների աղոթքները հրաշքներ կարող են գործել: Աստված նրանց տալիս է այն, ինչ խնդրում են: Որովհետև երեխաները մաքուր են, անմեղ և այդ պատճառով էլ Աստված լսում է նրանց անաղարտ աղոթքը: Հիշում եմ, երբ մի անգամ մեր ծնողները գնացին դաշտում աշխատելու՝ ինձ տանը թողեցին երկու կրտսեր եղբայրներիս հետ: Հանկարծակի երկինքը մթնեց և մի սարսափելի տեղատարափ անձրև սկսվեց: «Ախ, տեսնես ինչպե՞ս են հիմա մեր ծնողները, - անհանգստացանք մենք, - Ինչպե՞ս պետք է տուն վերադառնան»: Փոքրիկներն սկսեցին լաց լինել: «Այստեղ եկեք, - կանչեցի նրանց, - Եկեք Քրիստոսին խնդրենք, որպեսզի դադարեցնի անձրևը»: Երեքով ծնրադրեցինք սրբապատկերների առջև և սկսեցինք աղոթել: Անձրևը մի քանի րոպեից դադարեց:

Ծնողները պետք է խելամտորեն օգնեն իրենց երեխաներին մանուկ հասակից մոտենալ Քրիստոսին և մեծագույն հոգևոր ուրախություններ ունենալ: Երբ երեխաներն սկսեն դպրոց գնալ, ծնողները պետք է կամաց-կամաց սովորեցնեն նրանց հոգևոր գրքեր կարդալ և օգնեն հոգևոր կյանքով ապրելու: Այդ ժամանակ նրանք փոքրիկ հրեշտակների կնմանվեն, և իրենց աղոթքներում Աստծո հանդեպ մեծ անվեհերություն կունենան: Այդպիսի երեխաներն իսկական հոգևոր կապիտալ են իրենց ընտանիքների համար: Հոգևոր կյանքում նրանց շատ են օգնում սրբերի վարքերը: Երբ ես փոքր էի, վերցնում էի սրբերի վարքը նկարագրող փոքր գրքեր, որ այն տարիներին տպագրվում էին և անտառ էի գնում: Ես այնտեղ կարդում էի, աղոթում և ուղղակի թռչում էի ուրախությունից: Տասից տասնվեց տարեկանում, դեռևս հոգսերով չծանրաբեռնված (քանի դեռ չէր սկսվել հույն-իտալական պատերազմը*), ես հոգևոր կյանքով էի ապրում: Մանկական ուրախությունները մաքուր են՝ դրանք տպվում են մարդու մեջ և երբ նա մեծանում է՝ շատ են հուզում նրա սիրտը: Եթե երեխաները հոգևոր կյանքով են ապրում, ապա՝ և՛ այս կյանքում նրանք ուրախ կլինեն, և՛ մյուսում հավիտյանս կուրախանան Քրիստոսի կողքին:

* 1940թ.-ի Հունաստանի և ֆաշիստական Իտալիայի միջև պատերազմը:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբուր՝ Surbzoravor.am