Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Սիլվա Կապուտիկյան. Մտորումներ ճանապարհի կեսին

(Հատուածներ)

Օ՛, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ,
Դու որ բերում ես ծաղիկներ ու կյանք, -
Ինչո՞ւ դու դարձար մահվան տարելից,
Մահո՛վ մնացիր մեր պատմությունում...
Ապրելո՛ւ ապրիլ, ահա քո բույրից
Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում.
Ձյուն-սառույցները գարնան Եփրատի
Մեր տաք արյունի ջերմի՛ց են հալչում.
Սրահար մանկան սեղմած իր սրտին՝
Խելագար մի մայր փախչո՜ւմ է, փախչո՜ւմ...
Ապրելո՛ւ ապրիլ, Արտամեդի մեջ
Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորենին.

Ետևից գցած հինգ որբուկներին՝
Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մեջ:
Անջուր ճամփեքին ու Երևանում
Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում.
Ապրելո՛ւ ապրիլ, ինչո՞ւ է մեռնում
Գարնան սպասող մի ողջ ժողովուրդ.
Գարնան օրերին, օրը ցերեկով,
Աշխարհին ի տես, աչքի տակ աստծու.
Ով արդարությո՛ւն, ես թքե՜լ եմ քո...

Բայց կանգնի՛ր, կանգնի՛ր, կարկամի՜ր, լեզու,

Ո՛չ, ես չե՛մ ծնվել անեծքի համար,
Ես միշտ բարեկամ խոսքի՜ եմ սովոր.
Ես մանուկ օրից հավատով, սիրով
Զնգուն երգել եմ «Ինտերնացիոնալ» ...
Եվ մի՞թե հիմա ե՛ս էլ հիրավի
Շուրթերս պիտի անեծքով պղծեմ,
Արաքսից այն կողմ կանգնած հովիվին
Սև ատելությամբ հայացքս գցեմ,
Թողնեմ, որ հտպիտ մի ենիչերի
Տասնհինգ թվին բարձրացրած սրով
Ինձ նո՛ւյնպես հաղթի՝ թունավորելով
Ոխո՛վ, նզովքո՛վ, մոլուցքով վայրի.
Եվ ես՝ կորցրած լույսը իմ հոգու՝
Մոլեգնած կոչեմ մահ ու վրեժի, -
Էլ ինչի՞ համար հանուն այդ լույսի
Մեր Շահումյանը գնաց մեռնելու.
Էլ ինչո՞ւ՝ աչքը կարմիր դրոշին՝
Հանգչող Տերյանը շշնջաց «հարյա՜վ», -
Ուրեմն ինչպե՞ս, հեղեղներն արյան
Թողնել որ ծածկի՞ մոռացման փոշին.
Խլացնե՞լ սիրտը, որ էլ չլսվեն
Վրդով ձայները խորքերից հառնած,
Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չընդվզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.
Ո՜չ, ի՛մ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել,
Դու պիտի հիշե՛ս ապրելու համար...

Դու պիտի առնե՛ս վրեժդ անհուն,
Պիտի խաղաղե՜ս հոգին քո խռով,
Բայց ո՛չ արյան դեմ կոչելով արյուն
Եվ մահի դիմաց մա՜հ սերմանելով, -
Ո՛չ, ի՜մ լուսավոր, դու որ այն պահին,
Երբ ընկած էիր տմարդ հարվածից,
Երբ թվում էր թե աչքերդ մթին
Էլ չե՜ն պարզելու թույնից ու մաղձից, -
Քո մեջ ուժ գտար պայծա՜ռ նայելու
Մարդկա՛նց, ազգերի՛ն, զարթնող աշխարհի՛ն
Եվ խոցված ձեռքով զինագրվելու
Եղբայրության նոր գաղափարներին, -
Դու, որ մեծերիդ մահը քո հոգում՝
Դեռ սուգերի մեջ՝ Չարե՛նց ծնեցիր,
Ու ողջակիզվող սիրտդ նետեցիր
Կարմիր Գալիքի հրի՜ն բորբոքուն, -
Որ այդ բոցերում զտվա՛ծ, նորոգվա՛ծ
Նորի՜ց ժայթքեցիր Եղեգան փողից, -

Ո՜չ, ուրի՛շ է քո հատուցման ուղին,
Քեզ կյանքի ուրի՜շ ճամփա է տրված...

Դու պիտի վրեժ առնես ապրելո՛վ,
Ապրելով համա՛ռ, հազարապատի՛կ.
Ավերումի դեմ՝ քո ստեղծելո՛վ,
Ավեր Վանի դեմ՝ քո Երևանո՛վ,
Աքսորների դեմ՝ խուլ անապատից
Նորից տուն դարձող քո քարավանո՛վ, -
Դու պիտի ապրես այսպե՛ս, սրանո՛վ:

1956-1960թթ