Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Կիրակի օրվա աղոթք

Հովհաննես Գառնեցի

Գրաբար
Յաւիտենից Աստուած և արարիչ բոլորից, որ յայսմ աւուր սկսեալ՝ ի սկզբանէ արարեր զերկինս և զերկիր և որոշեցեր զլոյսն ի խաւարէն, խաւարեալս մեղաւք անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ. Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, լուսաւորեա՛ զխաւարեալ խորհուրդս և զմթով ծածկեալ միտքս, բա՛ց զառ ի գործեալ զառագաստ զգայարանիս և ծագեա՛ առ ծառայս անպիտան զնշոյլ ճառագայթից քոց: Փա՛ռքդ անպատում, որ փարէիր ի վերայ անհուն համասփիւռ ջուրցն, փայլեցո՛ առ փանաքիս զփառացդ լոյսդ սրբարար, մաքրեա՛ ի մեղաց զբազմամեղս և սրբեա՛ յանսահման սխալանաց: Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր կոչեցեր զլոյսն տիւ, և զխաւարն կոչեցեր գիշեր, զգիշեր մեղաց իմոց և զխաւար անաւրէնութեանց իմոց հերքեա՛ և հեռացո՛ յինէն: Այլ դու, Տէ՛ր, գթա՛ծ և մարդասէր, որ յառաջ քան զլինելն երկնի և երկրի պատրաստեցեր զարքայութիւնդ ի սկզբանէ՝ սրբոց առաքելոց և ամենայն սիրողաց քոց, արա՛ և զիս արժանի ընդ նոսին ժառանգել զխոստացեալ բարիսն և ընդ նոսին փառաւորել զամենասուրբ զԵրրորդութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Աշխարհաբար
Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն: