Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Գրիգոր Արծրունի․ Կենսագրություն

Գրիգոր Երեմիայի Արծրունի (1845, փետրվարի 27, Մոսկվա - 1892, դեկտեմբերի 17, Թիֆլիս), հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։

Կենսագրություն

Մայրը՝ Ագրեպինա Դավթյան-Արծրունին

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1858-1863 թթ.)։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում։ 1867 թվականին ընդունվել է Հայդելբերգի համալսարանը և ավարտել 1869 թվականին՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1869-1870 թվականներին հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1865-1870 թվականներին թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբերականներին։ 1872 թվականին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը։

Իր հայացքներով հարում էր ազատականության (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարում էր վճռական արևմտահայերի ազատագրման գործում։

Ստեղծագործական կյանք

Գրիգոր և Անդրեաս Արծրունիները մանկության հասակում

Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։

Գերեզմանաքարը Խոջիվանքի հայկական գերեզմանատանը